Հայաստանում. դարերի ընթացքում հայոց ճարտարապետությունը վերածնվել է մի քանի անգամ և յուրաքանչյուր վերածնության ժամանակ շինարարական փոփոխություններ են եղել։ Պատերի շինության նկատմամբ ևս եղած փոփոխությունները խիստ ակնբախ են։ Գլխավորապես փոփոխության է ենթարկվում քարերի ծավալը. երբեմն խիստ մեծ քարերը դրվում էին պատերի արտաքին երեսներին, իսկ ներսի երեսին, եթե երկարությունները փոքր ի շատե կարճ էին, այնուամենայնիվ բարձրությունները հավասար էին թե արտաքին և թե ներսի երեսների վրա։ Գալիս է ժամանակ, երբ քարերի ծավալը որոշ չափով փոքրանում է, բայց միշտ անփոփոխ է պահվում որմնաշինության այն կերպը, որի մասին քիչ առաջ գրեցի, այսինքն՝ պատի ծուծը կազմել կրաշաղախ բետոնով, իսկ արտաքին երեսների վրա շարված քարերը ծառայել են իբրև բետոնի պահպանակ. այս օրենքից հազվադեպ բացառություն է եղել, երբ պատի քարերն արտակարգ մեծություն են ունեցել. բայց այս դեպքում քարերը միմյանց հետ կապել են երկաթե կապերով. այս մասին խոսելու եմ իր հերթին։ Նույնիսկ կամարաշինության մեջ ընդհանուր օրենքից բացառություն չեն արել. Անիում դեռ գոյություն ունեն կամարաշինության շատ օրինակներ, որոնց մեջ ևս գործադրել են նույն կանոնը. տուֆ-քարերը սղոցով կտրված են 12-15 սանտ. հաստությամբ և նախապես շարված կամարի ստորին մասի վրա իբրև կաղապար, հետո դրա վրա մեծ թանձրությամբ լցված է բետոնը, որը դեռ մինչև այսօր էլ մնում է և պարզ նկատվում է կիսափուլ բուրգերի վրա. նախապես շարված բարակ քարերը մշտապես իբրև պահպանակ կամ իբրև հաստատուն ծեփ են ծառայել կրաշաղախ բետոնով կազմված կամարների համար։ Այս երևույթը որչափ որ իրագործված է կիսավեր շենքերի վրա, այնուամենայնիվ ունենք նաև մատենագրական մի թանգագին տեղեկություն, որից տեսնում ենք, թե ինչպիսի մեծ վստահություն ունեն հին ճարտարապետները կրաշաղախ բետոնի պնդության և ամրության նկատմամբ։ Ստեփաննոս Օրբելյանը երբ պատմում է Տաթևի վանքի մեծ կաթուղիկեի շինության մասին (895 թ.), մեջ է բերում նաև մինչև այսօր էլ մեզ զարմանք պատճառող «Տաթևի գավազան» կոչված շարժական սյան կամ կոթողի շինության պատմությունը հետևյալ կերպով. «Կանգնէ և մերձ եկեղեցւոյն, հանդէպ դրանն հարաւոյ սիւն մի զարմանալի յանուն սրբոյ Երրորդութեան. ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ»: Ուրեմն, նկարագիրը պարզ ցույց է տալիս, որ սյան ծուծը կազմված է բետոնով, և շաղախի հաստության նկատմամբ ճարտարապետի խորը համոզումն անկասկած է մնում, գիտենալով, որ այդ «գավազան» սյունը ոչ միայն կանգուն պիտի մնա, այլև պետք է շարժվի ամեն կողմի վրա ու չպետք է քանդվի։
Տաթևի սյունը կարոտ է բազմակողմանի ուսումնասիրության ոչ միայն այս տեսակետից, այլև ճարտարապետական արվեստի մեջ որոշ գաղտնիքներ լուսաբանելու տեսակետից։
Խոսք չի կարող լինել, որ շնորհիվ տուֆ քարի փափկության և մաքրության, երեսները խնամքով տաշելուց և կոկելուց զատ, առանձին ուշադրություն են դարձրել նաև միացման տեղերի վրա։ Շարված քարերն այնքան սերտ են միացած իրար, որ եթե տուֆ քարի զանազան գույները չլինեին, անհնար կլիներ որոշել, թե տարբեր քարեր են իրար մոտ դրված ու կցված։ Շենքեր կան, որոնց վրա 10-15 դար անցնելուց հետո իսկ, այսօր գրեթե չեն նկատվում քարերի միացման գծերը, մանավանդ եթե չլինեին գույների տարբերությունները։ Հայտնի բան է, որ ոչ միայն քարերի ուղղահայաց եզրերը տաշվելուց հետո սղոց քաշելով՝ երկու քարերի եզրերը գերազանցորեն ուղղված և միացված են, այլև քար քարի վրա դրվելու հորիզոնական մասերը նույն ձևով ուղղված են։ Կասկած չկա, որ քար սղոցելու միջոցը ծանոթ էր հներին, թեև, անշուշտ, նախնական ձևով, այնուամենայնիվ 1½-2 սնտ. հաստությամբ քարի շերտեր են սղոցված և ընդհանուր շարքերի մեջ պատահաբար բաց մնացած արանքներում տեղավորվաշ. իսկ եզրերից ներս, թե ուղղահայաց և թե հորիզոնական մասերի միացման տեղում, 1 կամ 1½ սնտ. հորիզոնական ուղղությամբ տաշելուց հետո, մնացած մասերը դեպի խորություն, արդեն կոնաձև, կոպիտ կերպով զարնված ու թափված են, ծավալն անհամեմատ նվազեցնելով և քարերի ներսի մասերը միմյանցից զգալիորեն հեռացնելով՝ անշուշտ այն դիտավորությամբ, որ շաղախն առատորեն լցվի երկու քարի արանքը և մեջտեղի ծուծի հետ միակտուր զանգված կազմի։
Երեսները ծածկող սրբատաշ քարերն իրար վրա դնելուց հետո, միացման գծերը ներսի կողմից նախապես ծածկել են մաքուր և նուրբ կրաշաղախի խավով, որպեսզի պատի մեջտեղը լցված կրաշաղախի զանգվածից որևէ կերպ կրաջուր կամ շաղախ չքամվի դեպի դուրս և չկեղտոտի արտաքին երեսները։ Այժմ, երբ շաղախը լցնում են պատի շարքի մեջ, վրայից ջուր են ածում, որպեսզի շաղախն ավելի լուծվի և փակի նախապես լցված մանր քարերի խորշերը. սակայն այս ձևից երկու տեսակ անտեղություն է առաջ գալիս. նախ՝ կրաշաղախը հավասար խառնվածքով