Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի տարածվում ամեն տեղ, որովհետև ավազը լվացվում է, կրաջուրը հոսելով՝ մտնում է առանձին խորշերը, իսկ ավազակույտերը տեղ-տեղ մնում են. երկրորդ՝ երեսների վրա շարված քարերի արանքից կրաջուրը քամվում, դուրս է հոսում երեսնիվար ու կեղտոտում ամբողջ պատը, և այս դեպքում նախապես ձեռք չեն առնվում այն նախազգուշական միջոցները, ինչպես այդ արել են հին որմնադիրները։ Ուստի, այժմյան պատերի կեղտոտությունը մաքրելու համար, որմնադիր վարպետները քարով կամ այլ միջոցով քերում են պատի երեսը, որով թեև որոշ չափով մաքրվում է պատը, բայց պատի սրբատաշ քարերի երեսից, մասնավորապես միացման տեղերից, մի խավ մաշվելով, բացվում և լայնանում են քարերի միացման գծերը և տգեղ տեսք ստանում։ Իսկ որպեսզի այս տգեղությունը ծածկվի, որմնադիրները նույն քարերի փոշիով, կրի կամ ցեմենտի հետ շաղախած, ծեփում են միացման գծերը, որով թեև ժամանակավորապես խիստ մաքուր է երևում և անհայտանում են քարերի միացման անշնորհք գծերը, բայց կարճ ժամանակի ընթացքում այդ ծեփերը թափվում են, քարերի արանքները նորից բացվում են, և պատը ընդունակ է դառնում խոնավություն ծծելու, եթե շենքի մակերեսը չծածկվի որոշ հաստության ծեփի շերտով։ Հին որմնադիրները, հակառակ մեր այժմյան սովորության, պատի երեսի քարերը շարելուց հետս, անմիջասլես լցնում էին որոշ թանձրության շաղախ, հետո մաքուր լվացված անհավասար մեծությամբ քարի բեկորներ էին մտցնում շաղախի մեջ ու քարեր մխում տափակ կողմի վրա, և ոչ թե հիմիկվա նման տնկելով սուր կողմի վրա։ Այսպիսով՝ ծուծը կազմող քարերը համաչափ կերպով օծվում էին միևնույն հավասարության խառնուրդի մեջ և խտանալով միմյանց կապում։ Երբ լցված քարերը գալիս-հասնում էին շաղախի մակերևույթին, կրկին լցնում էին կրաշաղախը, տարածում հավասավապես և նորից մտցնում մանր ու խոշոր քարեր միշտ տափակ դիրքով, որպեսզի միմյանց կապ լինեն. այս ձևով շարելու դեպքում այլևս հարկ չէր լինում ջուր լցնելու, որպեսզի պատի մեջ շաղախը լուծվի և լցնի ամեն ծակ ու ծուկ:

Ամբողջ 7-րդ դարի ընթացքում մեծ շինությունների պատի քարերը տաշելու համար մի ընդհանուր սովորություն կար, որը սակայն հետագա դարերում չպահվեց: Քար տաշելու այս եղանակը բավական գործնական ու նպատակահարմար էր արտաքին եզրերը կամ միացման գծերն անաղարտ պահելու տեսակետից. այդ սովորությունը հետևյալն էր. քարի արտաքին երեսներն ամբողջովին տաշելուց և կոկելուց հետո, 1 կամ 1½ սանտ. լայնությամբ նիստի կողմից եզրերը տաշում էին դեպի ներս, այնպես որ, երբ քարերը շարում էին միմյանց վրա, յուրաքանչյուր քարաշարքի միացման տեղում հաճելի տեսքով մի եռանկյուն հորիզոնական գիծ էր գոյանում շենքի ամբողջ երկարությամբ, այսպիսով՝ քարերի եզրերն ազատվում էին ուղիղ միմյանց վրա դրվելու հետևանքով առաջացող ճնշումից տրաքվելու վտանգից, որովհետև քարը քարին նստում էր ոչ թև ուղիղ եզրով, այլ 1 կամ 1½ սնտ. ավելի խորից, թե ինչու այս գեղեցիկ սովորությունը հետագայում վերացել է, ինձ հայտնի չէ։

Հին ժամանակի որմնաշինության համար քարերի տաշվածքի և շարվածքի մասին փոքր ի շատե ծանոթություն տալուց հետո, մի քանի խոսք ևս որմնածուծի մասին, որի շինելակերպն այժմյան մեր սովորականից տարբեր լինելուց զատ, հատկապես կոչումը տարբեր լինելու առթիվ վերը մասամբ ակնարկեցի։ Ըստ հին հասկացողության՝ իսկական պատը կազմում էր ծուծը կամ բետոնը և արտաքին ճակատների վրա շարված քարերն իբրև պարզ օժանդակ կամ պահպանակ էին ներքին բետոնի հաստության համար: Այժմ, երբ քննում ենք հնադարյան պատերը և հետազոտում նրանց ծուծը, տեսնում ենք, որ նա կազմված է անհավասար մեծությամբ քարաբեկորներից (խիբար), որոնք իրար հետ միացած են կրաշաղախով, ուստի ծուծն ավելի ամուր է, քան երեսները շարված քարերը։ Արտաքին երեսի քարերը հեշտությամբ կոտրվում և փշրվում են, իսկ ներքին լիցքը մոտավորապես պատի հաստության կեսից ավելի է, երբեմն այնքան ամուր է լինում, որ առանց արտաքին օժանդակ ուժի անհնար է քանդել կամ փշրել: Քարի անհավասար բեկորները միշտ դրված են տափակ կողմի վրա, նախապես շաղախը լցնելուց հետո, այսպիսով՝ բեկորները միշտ մեկ մեկու կապում են, մինչդեռ, այժմ այդ քարաբեկորները (խիբար) որմնահյուս վարպետները շարում են ցից կամ խիտ կերպով, տնկում սուր կողմի 'վրա և հետո վրան թանձր շաղախ լցնում, և որպեսզի շաղախն անցնի ներքև ու հավասար տարածվի, վրան ջուր են լցնում) ծեփակով նորից խառնում, ջրիկացնում և տարածում այս ու այն կողն. բայց այս վերջին ավելացրած ջուրն անհավասար է տարածում շաղախը, շատ անգամ կիրը ջրի հետ առանձին անցնում է զանազան խորշեր և պատի արտաքին երեսի քարերի արանքից դուրս թափվում, իսկ ավազակույտերը մնում են երեսին կամ քիչ ավելի խորը, ինչ վերաբերում է քարաբեկորների շարվածքին, դրանք բնավ իրար հետ չեն կապվում, պարզապես շինվում են երկու քարի պատեր և արանքը լցվում, առանց արտաքին երեսների հետ կապելու կամ ձուլելու։

Ժամանակի ընթացքում, 14-րդ և 15-րդ դարերում, գուցե շինանյութերի խնայողությունը նկատի առնելով, պատերի ներքին ծուծն ավելի նիհարացրել և պատերի հաստությունն ավելի նվազացրել են. այս դարերում մինչև 0,55 մետր հաստության պատեր ենք գտնում։ Երեսին շարված քարերը թեև մակերեսով փոքր են, բայց հասա են, կոնաձև թափված, որոնք որոշ չափով ընդունակ են լինում ծուծը կազմող շաղախի հետ խառնվելու։ Այնուամենայնիվ այնքան դիմացկուն և տևական չեն եղել այս շենքերը, մեկ կամ մյուս կողմից թափված են երեսի քարերը և հակառակ կողմից շարված քարերի ծայրերը երևում են որոշ հաստությամբ ծուծ չլինելու պատճառով. բարեբախտաբար այս եղանակով շինված շենքերը թե քիչ են և թե առհասարակ շատ փոքր, համեմատելով 7-րդ և 10-րդ դարերում շինված շենքերի հետ, բայց ինչ վերաբերում է քարերի տաշվածքի և շարվածքի խնամքին ու մաքրությանը, բնավ հետ չեն մնում 7-րդ և 10-րդ դարերի շինությունների կատարելությունից։

Ինչպես վերևում հայտնեցի, տևական փորձերով հաստատված է, որ որմնահյուսության մեջ գործածվող