Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերաշինվեց քարուկրով։ Այժմ կանգուն կան Սրվեղի և Կիրանց վանքերը, որոնց շինելու թվականներն անհայտ են, սակայն, դատելով այդ շենքերի ճարտարապետական ոճերից, 11-րդ դարից այն կողմը չեն անցնում։ Միայն Անիի միջնաբերդի մեջ շինված պալատի ջրամբարն է, որ կարելի է մինչև 7-րդ դարը տանել, եթե ոչ ավելի կանուխ։ Նկատի ունենալով արվեստի աստիճանական զարգացման օրենքները, անվրեպ կերպով պիտի հետևցնենք, որ թեև տուֆ քարի գործածությունն ընդհանրացած էր դեռ առաջին դարից, սակայն զուգընթացաբար աղյուսն էլ գործածության մեջ էր՝ տուֆի բազմակողմանի մշակմանը դեռ լիովին ծանոթ չլինելու պատճառով։ Որ հնում աղյուսը կատարելապես ձուլել և թրծել գիտեին, վկայում են մինչև այժմ դեռ կանգուն հնագույն շենքերի, ինչպես՝ Մրենի, Աշտարակի, Բագարանի, Տեկորի, Զվարթնոցի և ուրիշների վրա եղած կղմինդրները, որոնք ոչ միայն չափազանց լավ եփված են, այլև ձևով այնքան լավ մշակված, որ մի կաթիլ ջուր չեն անցկացնում ներքև։

Անիի ջրամբարների աղյուսները որոշ չափով ցույց են տալիս, որ հայերը աղյուսաշինության արհեստը փոխ են առել Արևելքից, որովհետև հավասարակողմ քառակուսի աղյուսները, ինչպես Անիի ջրամբարի վրա գործածվածներն են, շատ վաղ ծագում ունեցան Արևելքում, իսկ Սասանյան շրջանում ընդհանրացած երևույթ էր Պարսկաստանում[1]։ Մինչև 7-րդ դարի վերջերը կառուցված և մեզ հասած շենքերի տանիքները, առանց բացառության, կղմինդրով են ծածկված։ Եթե նույնիսկ այդ դարերում կառուցած շենքերի տանիքները այժմ քարով ծածկված տեսնենք, անպայման պետք է 10-րդ դարից հետո եղած հիմնական նորոգության արդյունք համարենք, որովհետև ինքս անձամբ քննել եմ Տեկորի, Բագարանի և այլ եկեղեցիների կտուրները, որոնց այժմյան քարե ծածկի տակ դեռ մնում են կրաշաղախի մեջ խրված ամբողջական կամ բեկոր կղմինդրներ։ 10-րդ դարի ճարտարապետական մի նոր վերածնության շրջանում է, որ հայ ճարտարապետները, օգտվելով տուֆ քարի հատկություններից, կղմինդրը փոխարինել են տուֆ քարի բարակ տախտակներով, որոնց մեծ մասը սղոցով կտրված են պահանջված չափով։ Կղմինդրի փոխարեն պատրաստված քարե տախտակները միմյանց մոտ շարելու համար շատ ճարպիկ ձևով տաշելուց և պատշաճ տեսք տալուց բացի, բավական նմանեցրել են կղմինդրի շարվածքին, որպեսզի ջուր չանցնի ներքև։ Բայց հայտնի է, որ հնադարյան ճարտարապետը չի գոհացել կղմինդրը քարով փոխարինելու գյուտով և որպեսզի ջուր չքամվի արանքներից, տաշվածքի հատուկ ձև մշակելով, նկատի է ունեցել առհասարակ տուֆ քարի ջուր ծծելու ընդունակությունը և մտածել է նաև այդ հատկությունը չեզոքացնելու մասին, ուստի տանիքի բոլոր քարերը շարելուց հետո, առատ ձեթով օծել է ամբողջ տանիքը, որով ծածկված քարերը միանգամայն անընդունակ են դարձել ջուր կամ խոնավություն ծծելու։ Ձեթով օծելու սովորությունը միայն տանիքների համար չի եղել, հասարակական մեծածախս քարուկիր շենքերի ամբողջ արտաքին երեսներն օծված են ձեթով. Բագրատունյաց պալատի մեջ հետնագույն շինված մի մաս կա, որի վրա տակավին երևում են ձեթով օծած լինելու թարմ հետքերը։

Երևի, ինչպես Հայաստանի, նույնպես էլ ևրոպական Մալտայի տուֆը ձեթով օծելու սովորությունը ազդեցության միևնույն նախնական աղբյուրն ունին։ Եվրոպական ճարտարապետները, որ ընդհանրապես աղյուսաշեն մեծ շենքեր են կառուցում, պատերը շինելուց հետո, ամբողջ շենքի արտաքին երեսը, փոխանակ ծեփի, ծածկում են Մալտայի տուֆի 10-12 սնտ. հաստությամբ սղոցված տախտակներով և անմիջապես հետո, որպեսզի խոնավություն չծծի, եփած ձեթով լավ օծում են ամբողջ շենքի ճակատները, նույնիսկ երբեմն, ձեթը քսելուց հետո, յուղաներկով ներկում, որով երկար ժամանակ անվնաս պահվում են շենքի ճակատները ծածկող քարերը։

* * *

Երկու տարբեր աղբյուրներից մեզ ծանոթ է, որ 5-րդ և 6-րդ դարերում հասարակական մեծ շենքերի տանիքները ծածկում էին փայտով, նախ՝ շատ կան մատենագրական հիշատակություններ և երկրորդ՝ 5-7-րդ դարերի հատկանիշ ունեցող շենքերը, որոնք հասել են մինչև մեր օրերը, կամարածածկի ոչ մի հետք չունեն, ուրեմն անկասկած է, որ նրանք փայտով են ծածկված եղել։ Եթե նույնիսկ գտնվեն հիշյալ դարաշրջաններում կառուցված շենքեր, որոնք այժմ կամարածածկ են, ապա դա հետագա վերանորոգության արդյունք պիտի համարել։

Պատմագիրները շատ ունին մեծամեծ եկեղեցիներ հրդեհելու և փայտաշեն տանիքներ այրելու մասին տեղեկություններ, նաև փայտածածկը վերացնելով քարաշեն տանիք շինելու օրինակներ։ Սակայն բազմաթիվ փաստերով գիտենք, որ 7-րդ դարում, ինչպես գմբեթաշինության, այնպես էլ կամարաշինության արվեստը գերագույն կատարելության էին հասցրել Հայաստանի ճարտարապետները և այս դարաշրջանից սկսած մեզ հասած հսկայական շենքերի տանիքները ծածկված էին քարե կամարներով։ Սակայն անհատական մեծ ու փոքր շինությունների և պետական զանազան պաշտոնատների համար օրենքը նույնը չէր մինչև հայ արվեստի վերջին անկումը 14-15-րդ դարերում։ Պեղումները և բազմատեսակ հետազոտություններն ապացույցներ են տալիս առավելապես հօգուտ հողով կամ քարով ծածկված հորիզոնական երդիկների։ Ոչ միայն անհատական փոքր ու միջակ տների, այլև իշխանական ապարանքների, պետական, զինվորական զանազան հաստատությունների մնացորդների վրա կամարածածկի կամ երկկողագմբեթ տանիքի ոչ մի հետք երևան չի բերվել ավերակների մեջ. կասկած չկա, որ այդ շենքերը մեծ մասամբ ծածկված էին փայտով և

  1. Հայաստանում նման քառակուսի անթուրծ աղյուսներով են եղել շինված ուրարտական շրջանին պատկանող Կարմիր-բլուրի պարիսպները և շենքերը, որոնց ձևերը և տեխնիկան վերցված են նույն ժամանակներին պատկանող ասորեստանյան շինություններից։ Այնպես որ, աղյուսաշինության արհեստը հին Արևելքից կարող էր հայերին անցնել անուղղակի կերպով՝ ուրարտացիների միջոցով։ ԿԱԶՄՈՂ