Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քարերի, այլ և կանգուն մնացած պարիսպների վրա, քարերի միացման տեղում, նկատվում են երկաթե կապերի գոյության ապացույցները։ Հետագայում գտնվել են մարդիկ, որոնք, երկաթներն օգտագործելու համար, կոտրել են կապերի տեղերը և հանել երկաթները, որոնց ծայրերն ամրացված են եղել քարերի վրա բացված փոսիկների մեջ հալած կապար լցնելով. թեև աշխատել են կապարները ևս հանել, սակայն մեծ մասամբ դեռ մնում են փոսիկների մեջ: Կապարով ամրացված էին նաև հովանոցի պսակի մեջ ճարտարորեն քանդակված առյուծների աչքերը. ինչպես երևում է, առյուծների աչքերը շինված են եղել տրժեքավոր քարերից, տեղավորված խոռոչների մեջ և հալված կապարով ամրացված, այդ աչքերն այժմ առանց բացառության հանված են, սակայն տեղերում մնացել են հալված կապարները: Բացի պատի և պարսպի քարերից, Տրդատա հովանոցի սյունասրահի սյուներն էլ ամրացված են երկաթե ձողիկների կապարով։ Անիում տակավին գոյություն ունեն հին պալատներից կամ պարիսպներից քանդված սրբատաշ որձաքարեր, որոնք բերված են մի նոր պարսպի շինության համար. սա այն պարիսպն է, որ պալատն անջատում էր բերդից կամ պարսպապատ քաղաքից։ Այս պարսպի վրա նույնպես պարզորոշ նկատվում են քարերի վրայի երկաթե կապերի նշանները և ցույց են տալիս, որ նախկին պարիսպը հավանորեն 6-րդ կամ 7-րդ դարերում շինված էր երկաթակապ որձաքարերով։ Թովմա Արծրունին պատմում է, որ Գագիկ Արծրունու պալատի շինության ժամանակ, իբր թե երկու հարյուր հազար լիտր երկաթ սպառվեց։ Ես չգիտեմ, թե այս մեծ թիվն ինչ արժեք ունի այժմ, կամ այն ժամանակվա լիտրը ինչ համեմատական արժեք ունի ներկայիս կշռաչափերի հետ, այնուամենայնիվ կարող ենք եզրակացնել, որ այս մեծ քանակությամբ երկաթը գործ է ածվել գլխավորապես պատերի քարերը կապելու համար։

Հին պատմագիրները բերդերի և ամրոցների դռները նկարագրելիս հաճախ նրանց անվանում են երկաթապատ, բեվեռապինդ: Հայաստանի սահմաններում իմ կատարած հետախուզությունների ժամանակ չեմ տեսել պատմագիրների նկարագրած դռներ, սակայն, բախտի բերմամբ, պատանեկան հասակումս տեսել եմ նախկին Նիկոպոլսի (այժմ Շապին Գարահիսար) հին բերդի գլխավոր մուտքի երկբացիկ դուռը իր ծխնիների վրա տակավին կանգուն, որ չափազանց նման էր պատմագիրների նկարագրության[1]։

Երբ Սենեքերիմ Արծրունին Վասպուրականի փոխարեն ստացավ Սեբաստիայի նահանգը և իր ժողովրդով փոխադրվեց այնտեղ, հավանական է, որ այս շրջանն ևս [Շապին Գարահիսարի] մտնում էր Սենեքերիմի ստացած հողերի մեջ, նաև քաղաքն ու բերդը։ Այս քաղաքի շրջանում երկու վանք կա՝ Առաքելոց և ս. Նշան անունով, որոնց շինությունը վերագրվում է Սենեքերիմի երկու որդիներին։ Այս երկու վանքերի շրջանում, որ Նիկոպոլսի մոտերքն են, ուր Գայլ գետն անցնում է մի ընդարձակ դաշտի միջով, ունի «Աշխարհուդաշտ» հայերեն անունը. այդ ընդարձակ դաշտում եղած բոլոր գյուղերի անունները մինչև այսօր հայերեն են, ինչպես՝ Բյուրգ, Անդրիաս, ԱԱլամոնիկ, Ածպտեր կամ Աբսրակ, Մշակնոց, Կթանոց, Գոմեշտան, Սևքար և այլն. այս դաշտի եզերքին է նաև Ուխտանեսի հիշատակած Զուտարիմա գյուղը, ուր եղած մի հունական վանքում կրոնական կրթություն ստացավ հայոց եկեղեցուց բաժանվող և Վրաստանի համար քաղկեդոնիկ կաթողիկոս օծվող Կյուրոնը։

Անտարակույս, այս շրջանի մեջ ընկած քաղաքը (Նիկոպոլիս կամ Կողոնիա) և բերդը նույնպես դրված էին Սենեքերեմի տրամադրության տակ, որովհետև, ինչպես երևում է, բերդը նորոգության է ենթարկվել և այդ նորոգության ժամանակ գլխավոր դուռը Անիի ավագ դռան կատարյալ նմանությամբ է շինված, որի լուսանկարը մտադիր եմ հրատարակել Անիի ավագ դռան հետ բաղդատելու համար։ Երկրացիկ դուռը կամ իսկական փեղկերը կազմված էին հետևյալ կերպ. փոխանակ տախտակի, քառակուսի հաստ գերանները միացված էին միմյանց և երեսի կողմից ամուր կապված երկաթե հաստ գոտով, իսկ երեսից 10-12 սնտ. լայնությամբ և մոտավորապես ½ սնտ. հաստությամբ, դռան լայնության չափով կտրված հաստ տախտակներ, ներքևից սկսած մինչև վերև բևեռներով ամրացրած և ամբողջ դուռը ծածկած էր երկաթի հաստ շերտով։ Երկաթյա հաստ շերտերը, որոնք ամրացված էին կռնակի գերանների վրա, ունեին մոտավորապես 2-3 սնտ. հաստություն, խորանարդ գլխով մեխերով խիտ գամել էին դուռը ծածկող երկաթե շերտերը, որով կազմվել էր մի անխորտակելի զրահ։ Ներսի կողմից, բացի փակող երկաթյա սողնակից, շինված էին հորիզոնական խորը ծակեր՝ դռան մոտի երկու պատերի մեջ հաստ գերաններ ազատ տեղավորելու չափ լայնությամբ, որոնց մեջ գերաններ են դրած եղել. երբ դուռը փակվում էր, նույն գերանները դուրս էին քաշում դռան ամբողջ լայնությամբ և ծայրը մտցնում հանդիպակաց պատի վրա նույն նպատակով բացված ծակի մեջ։ Այս ձևով շինված երեք գերանները կռնակից փակում և ամրացնում էին դուռը։

Անիից և Զվարթնոցից դուրս են եկել գլխավորապես քարի մեծ սյուներն իրենց խոյակներին և խարիսխներին միացնելու և հաստատելու երկաթե կապեր։ Անիում գտնված է, ջրամբարի եզերքին, խեցեղեն բարակ խողովակների հետ նաև երկաթե խողովակ, մոտավորապես 2 սնտ. տրամագիծ ունեցող ծակով. այդ խողովակները ծառայում էին պալատի զանազան աղբյուրներին ու բաղնիքներին ջուր մատակարարելու համար[2]:

  1. Հին Բայազետի բերդի երկաթապատ երկփեղկ դուռը բերված և դրված էր Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցու հյուսիսային մուտքին. այդ դուռն այժմ գտնվում է Երևանի Քաղաքային թանգարանում: ԿԱԶՄՈՂ
  2. Երկաթե նման խողովակներ գտնվեցին 1935 թվին Ամբերդի բաղանիքի պեղումների ժամանակ: Այդ խողովակներն օգտագործված են եղել բաղանիքի մեջ՝ տաքացրած ջրի համար: ԿԱԶՄՈՂ