Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամարները, որոնց մասին համառոտակի գրեցինք: Փայտի վրա կատարված ճարտար փորագրությունների հիանալի օրինակներ կարելի է այժմ տեսնել Հայաստանի Պատմական թանգարանում պահվող թե դռների և թե գրակալների վրա: Փայտի քանդակազարդության ուրիշ ընտանեկան առարկաներ շատ են գտնված և մասամբ գտնվում են մասնավորների մոտ, ինչպես՝ մահճակալ, աթոռ, ափսե, գուշ և այլն:

Հարկաբաժինների ծածկերի համար ընդհանրապես գործ էին ածում մայրի, եղևնու և կաղնի գերաններ, իսկ քանդակազարդ դռների, կամարների, սյուների համար ավելի հարմար փայտ էին համարվում կաղնին, թմբին, հացին, ընկուզենին և նման փայտեր, որոնց օրինակներն ունենք այժմ:

Պատմագրական տեղեկություններից երևում է, որ Հայաստանում փայտը բավական առատ էր, որովհետև բացի Բասենի անտառներից, հիշատակվում են այնպիսի ընդարձակ անտառներ, որոնց տեղում այսօր ոչինչ չկա. անկասկած է, որ ժամանակի ընթացքում այդ անտառները ոչնչացվել են:


* * *

Հայաստանում երկաթի բազմակողմանի գործածության մասին տեղեկություններն շատ կան գրական աղբյուրներում: Հնագիտական հետազոտությունները ևս պարզել են, որ երկաթը շատ է գործածված եղել հին Հայաստանում. այդ տեղեկություններից մի քանի կարևորագույնների մասին կհիշատակեմ այստեղ: Ըստ Մ. Խորենացու, առաջին դարում, Երվանդաշատի բերդի կառուցման ժամանակ, Երվանդը շինել տվեց երկաթե սանդուխներ, որոնց շինության կերպերը թեև այժմ մեզ հայտնի չեն , բայց պետք է որ այն ժամանակի երկաթագործությունը զարգացման որոշ աստիճանի հասած լիներ։ Խորենացին գովեստով է խոսում այդ սանդուխների ճարտարորեն շինված լինելու մասին։ Սակայն ես ինքս տեսել եմ Երվանդաշատի բերդի մեջ պարիսպներից թափված քարերի վրա երկաթե կապի նշանները։ Երվանդաշատի բերդը շինված էր հնագույն պարիսպների նման, մեծազանգված որձաքարի անտաշ քարերով, որոնք միմյանց մոտ լավ ամրացնելու համար, կպցված էին երկաթե կապերով, թեև այժմ երկաթները հանված են, սակայն կապի տեղերը փորված մնում են քարերի վրա։ Հաջի-Բայրամ գյուղում շատ կարելի է տեսնել այս քարերից, որոնք ցած են գլորվել բերդից, և գյուղացիք, օգտվելով մեծ զանգվածներից, գլորել, բերել են ու իրենց մրգաստանների և այգիների ուրջը պարիսպ շինել: Նույն երկաթե կապի հետքեր այժմ կարելի է տեսնել Գառնիի Տրդատա բերդի ավերակների մեջ: Այս բերդն ու նրա մեջ հռոմեական ճով կառուցված գեղոցիկ հովանոցը շինված են մեծազանգված սրբատաշ որձաքարով ու կրաշաղախով. այնուամենայնիվ բոլոր քարերը միացած են երկաթե կապերով: Ոչ միայն պատերից քանդված