Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբողջապես պեղված Զվարթնոցի հատակագիծը։ Թորամանյանը ձեռնարկեց այդ գործին, բայց շուտով տեսնելով, որ վերակազմության համար պակասում են անհրաժեշտ ճարտարապետական մասեր, առաջարկեց պեղումները շարունակել և այդ վերջին պեղումները ղեկավարեց ինքը: Այդ տարին հիմնականում վերակազմելով հայկական պատմական ճարտարապետության գլուխ-գործոց Զվարթնոցը, վերջնականապես նա այդ աշխատանքն ավարտեց 1905 թվականի գարնանը։

Չափազանց մեծ աղմուկ բարձրացրեց այդ վերակազմությունը։ Ինչպես հայտնի է, Զվարթնոցն իր կլոր հատակագծով և արտաքին տեսքի եռահարկ պատկերով նման չէ սովորական եկեղեցիներին։ Թորամանյանին հալածում և ծաղրում էին նրա համար, որ նա այդ ձևով է վերականգնել տաճարը։ Իհարկե, նրա վերակազմության ճշտությունը հետագայում ապացուցվեց Անիում Գագիկ Բագրատունու՝ Զվարթնոցի նմանությամբ և չափերով կառուցված տաճարի ավերակների (ակադ. Մառի 1905-1906 թվերին պեղած) գոյությամբ և համարյա թե կանգուն վիճակում գտնվող նույն ձևերն ունեցող Բանայի (Փենեկ) տաճարի գյուտով։

Թորամանյանը, իբրև սկսնակ և դեռևս հեղինակություն չվայելող գիտնական, չէր կարող համոզել իրեն շրջապատող վանականներին, որ Զվարթնոցն ունեցել է իր արտաքին տեսքից երեք հարկաբաժիններ, արտաքին կլոր պատին զուգահեռաբար ներսում ունեցել է ութ աղեղներ, որոնցից յուրաքանչյուրն իր մեկ ծայրով հենված է եղել մասսիվ չորս պիլոնների հետևում գտնվող արծվաքանդակ խոյակ ունեցող սյուներից մեկի վրա, իսկ մյուս ծայրով՝ հատակագծի կենտրոնում խաչաձևություն առաջացնող սյունաշարքերի միջին երկու սյուներն իրար միացնող կամարի վրա, որով և հնարավոր է դարձել արտաքին շրջանաձև պատին զուգահեռ տարածությունը ծածկել մի թագով, որը մի կողմում հենվել է արտաքին պատին և մյուս կողմում՝ սյունաշարքերին ու արծվանիշ խոյակներին հենվող աղեղների վրա։

Շինարարական արվեստը հասկացողներին անհավատալի էր թվում թույլ հենակետեր ունեցող կոր կամարի վրա հսկայական շենք կառուցելու խիզախ քայլը, իսկ չհասկացողներին՝ տարօրինակ էր երևում տաճարի արտաքին պատկերը։

Չափազանց ուշագրավ է վարդապետների հրավերով 1906 թ. աշնանն Էջմիածին եկած ճարտարապետ Ք. Տեր-Սարգսյանի խոսակցությունը Թորամանյանի հետ, որ տեղի ունեցավ Զվարթնոցի վերակազմության շուրջը: Թորամանյանի բացատրությունը լսելուց հետո, այդ ճարտարապետը գիտությանն անհամապատասխան գտնելով նրա վերակազմությունը, ավելացնում է.

— Ինձ նայեցեք, պարոն, ես Պետերբուրգ եմ ուսել, արտասահման եմ եղել, գիտությունը չի ընդունի այդպես բան, չի կարող լինել։

«Այս խոսքին մեջ,− գրում է Թորամանյանը,— անմիջապես զգացի այն սուր հեգնություններու և արհամարհանքներու արմատը, որ հետզհետե մեծանալով պիտի փոխվեր կարգ մը ստորացուցիչ պատվանուններուս։ Ուստի ես ալ վիրավորված պատասխանեցի.

— Պարոն, վրաս ալյուրոտ տեսնելով զիս ջաղացպան մի կարծեք, թերևս ես ալ ունենամ ձեզ պես պարծենալու առիթներ... Երբ տեղին վրա գոյություն ունին իրական փաստեր և ըսածներս ապացուցանող որոշ բեկորներ, ինչպես կարող եմ ձեր ուզածին պես մտածել»[1]։

Իհարկե, Թորամանյանին հաջողվում է տեղում անհերքելի փաստերով ապացուցել ճարտարապետին իր վերակազմության ճշտությունը, բայց վանականներին համոզել անհնարին է լինում։ Էջմիածնի վարդապետները, ծաղրի ենթարկելով Թորամանյանին, հաշվի չէին

  1. «Մշակ», 1909 թ., № 60: