սերունդեն մեկը դավանափոխութենեն հետո, իբրև հայրենի ժառանգություն, ձեռք դնելով այս վանքին վրա, սեփականեցին իբրև եկեղեցի, ուր նաև թաղվեցան տաճարին մեջ հակառակ առանց բացառության հայոց մեջ մերժված սովորության։ Բացի Լուսավորչեն, ուրիշ ոչ մի եկեղեցի չենք գտներ, որուն մեջ մեռել թաղված լինի այդ դարերուն մեջ։ Պատահեր է կրկնահարկ շինել և գետնահարկին մեջ (cryple) թաղել, իսկ բուն տաճարին մեջ, սեղանին առջև ոչ երբեք։
Արդեն գավթի ձևն ալ հայոց շինած գավիթներեն բոլորովին տարբեր ձև ունի. սա ոչ թե ընդունված սովորության համեմատ շրջափակ է, առանձին մուտքով, այլ պարզապես մի սյունազարդ ծածկույթ է, որն որ մինչև այսօր ընդունված է հունական եկեղեցիներու մեջ և կամ հունական ազդեցության ենթարկված հայոց եկեղեցիներու մեջ։
Ահա այս վերջին տիրապետողի գործը կարելի է համարել, երկրորդ անգամ տաճարին և գավթին նկարազարդումեն զատ, նաև գավթին ալ շինությունը, որուն ոճը արդեն ցույց կուտա, որ մինչև այն մշակված 13-րդ դարու վերածնված արվեստեն շատ ավելի տարբեր և մշակված ոճ է։
Եթե ճշմարիտ է, որ Տակայշվիլին գտած է ապացույցներ, որ 14-15-րդ դարերուն Անիի մեջ եղեր են վրացի իշխաններ (Շահնշահ անունով), այն ատեն այդ շրջանին պետք է վերագրել Լուսավորչին բոլորովին վրաց սեփականություն դառնալը։ Եվ սա արդեն ամենեն հարմար եկեղեցին էր, որովհետև ուրիշ եկեղեցիներ ամենն ալ իրենց սեփական տերերն ունեին նույն ժամանակներ և տակավին բավականին ազդեցիկ վիճակի մեջ։
Երկրորդ նկարազարդ եկեղեցին է Անիի մեջ Փրկիչ եկեղեցին, որ շինած է Ապլղարիպ մարզպանը 1036 թվականին։
Ինչպես ուրիշ հին եկեղեցիներ, նույնպես ալ այս եկեղեցին ի հնումն չէր կարող նկարներ ունենալ, մանավանդ որ, վրան գտնված արձանագրության մը համաձայն, 1178 թվականին գրեթե մեծ մասամբ նորոգվեր է։ Մասնավորապես գմբեթը, որ բոլորովին 12-13-րդ դարերու ոճով շինված է. հայտնի բան է, որ գմբեթը բոլորովին նոր շիներ են 1173 թվականին։
Այս վերջին նորոգության ժամանակ ևս չէ զարազարդված Փրկչի եկեղեցին, այլ շատ ավելի ուշ ժամանակ, որովհետև եթե նորոգության ժամանակ լիներ անոր նկարազարդումը, անպայման պետք էր, որ ծեփված և նկարված լիներ գմբեթն ալ դեռ լաստակերտերը չքանդված, ինչպես եղեր է ս. Գրիգոր (Նախշլի) եկեղեցին։ Հիմա գմբեթը բոլորովին առանց ծեփի և նկարի կմնա և որևէ հետք ալ չկա. հայտնի բան է, որ շատ թեթև ծախքով մը ստորին մասը ծեփեր և վրան նկարեր են նորոգութենեն շատ հետո։ Նկարիչն այստեղ ինքզինքը նկարած է հյուսիսային աբսիդներեն մեկուն մեջ ծնկաչոք և ձեռքերը երկնցուցած դեպի ավետարանիչը և ներքևը գրած է. «ս. Աւետարանիչ բարեխօսեա վասն Սարգսի Փառշկեանս»։ Նույն Սարգիս Փառշկյանը կհիշատակվի Խծկոնքի արձանագրության մը մեջ 1215 թվականին. պատկերին մեջ տակավին սև մորուքով նկարված, հազիվ 50 տարեկան երևույթ ունի։ Սարգիս Փառշկյանի անունը հիշատակող այս երկու թվականները համեմատելով, կտեսնենք, որ Փրկչի եկեղեցին նկարելեն 43 տարի հետո է, որ Խծկոնքի մեջ կհիշատակվի...։
Փրկչի նկարներուն մեջ ալ հունական ազդեցությսւնը ակներև է. խորանին մեջ նկարված է գրեթե նույն պատկերը, ինչ որ Լուսավորչի գմբեթին մեջ (անպայման Լուսավորչի խորանին գմբեթարթն ալ կունենար նկարներ, սակայն այժմ չկան). Քրիստոս նստած աթոռի մը վրա, մեկ ձեռքով դիրք մը բռնած, մյուսով խաղաղություն կուտա։ Շուրջը հրեշտակներ։ Մի ուրիշ պատկերի վրա, հյուսիսային abside-ներեն մեկուն մեջ, նկարված խաչը ունի թեքված ավելորդ թև մը ևս։
Երրորդ եկեղեցին Ապուղամրենց ս. Գրիգորն է, որուն հազիվ հետքերը կերևան խորանին գմբեթարթին մեջ, սակայն որչափ գծերեն կնշմարվի, դարձյալ նույն բյուզանդական Քրիստոսն է այնտեղ բազմողը՝ հրեշտակներով։ Մյուս abside-ներու մեջ եղածները ամենն ալ ավրված են, միայն հարավային կողման աբսիդեներեն մեկուն մեջ քանի մը գունավոր գծեր սևացեր են պատկերի գոյությունը ապացուցանող:
Այս եկեղեցիին մեջ ալ նույն բանը պատահեր է, ինչպես որ Փրկչի եկեղեցիին մեջ. ի սկզբան բոլորովին պարզ սրբատաշ քարերով շինված է, առանց նույնիսկ ծեփի, հետո, երբ հարկ եղած է նկարել, միայն abside-ները ծեփեր են գաճ ու կրով և վրան նկարեր են:
Անիի այս նկարազարդ երեք եկեղեցիներուն պատկերները եթե արվեստագիտական աչքով քննվի, պիտի տեսնվի, որ ամենն ալ ժամանակակից նկարներ են։ Մի քիչ Փրկիչը կտարբերի նկարվելիք նյութերու ընտրությամբ։ Փրկչի մեջ բազմաթիվ սուրբեր խտացած չեն պատերու վրա, այլ շատ ընտրանոք ամենակարևոր դեմքեր են ընտրված, ինչպես ավետարանիչներ, առաքյալներ և քանի մը հատ ալ ավետարանի պատմութենեն առնված տեսարաններ, ինչպես ընթրիքի սեղանը և այլն։
Չորրորդ նկարազարդ եկեղեցին է եղեր 1892-93 թվականներուն պրոֆ. Մառի պեղած ս. Գրիգոր անվամբ մի եկեղեցին հյուսիսային պարիսպներուն մոտ, դեպի Իգաձոր տանող ճանապարհին վրա, վրացոց եկեղեցիին արևմտյան կողմը։ Այս եկեղեցիի նկարներու բեկորները մասամբ հավաքված են թանգարանին մեջ, որոնց մեջ կգտնվին Գրիգոր Լուսավորիչ, Գրիգոր Նիսացի և այլն և այլն։ Այստեղ հավանական էր, որ եկեղեցիի շինության հետ միաժամանակ նկարված էր, որովհետև ինքը արդեն 13-րդ դարու եկեղեցի է և այն ժամանակ եկեղեցիներու պատկերազարդությունը բավականին տարածված է եղեր հայոց մեջ։
Մայր եկեղեցին ալ ունեցեր է մի ժամանակ պատկերներ, միայն խորանին մեջ, այն ալ եկեր է ժամանակ, որ դարձյալ բարակ ծեփով ծածկեր են։ Ըստինքյան շատ հետաքրքրական կներկայանա կաթուղիկեի մեջ խորանին նկարազարդվելն ու վերստին ծածկվելը ժամանակագրական տեսակետով և գուցե այս հետաքրքրական հարցին լուծմամբ պարզվի նաև ս. Փրկչի