Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան մեծությամբ խաչքարեր հյուսված են պատին մեջ թե՛ ներսեն և թե՛ դրսեն։ Խաչքարերու քանդակագործությանց ոճերն ալ ցույց կուտան, որ ամենահինը 10-րդ դարը չանցնիր։ Ասկեց զատ, ինծի շատ հավանական կթվի, թե ի հիշատակ մեռելոց եկեղեցիներու պատերուն վրա խաչքարեր քանդակելու սովորությունն ալ 10-րդ դարեն առաջ չէ եղած։ Այդ սովորությունը հազիվ զգալի է 10-րդ դարուն, իսկ չափազանցված՝ 13-14-րդ դարերուն մեջ։ Հիրավի, 10-րդ և 11-րդ դարերեն առաջ կանգնված եկեղեցիներու պատերուն վրա հաճախ կգտնենք քանդակված խաչքարեր, սակայն անոնք մեծ մասամբ 13-14-րդ դարերու քանդակագործություններ են։ Ինչպես կերևի, այս վերջին դարերուն մեջ հայ կղերին մի մենավաճառը դարձած էր ի հիշատակ հանգուցելոց պատարագ ծախելու նման, նաև խաչքար քանդակելու համար եկեղեցիներու պատերուն վրա տեղ ծախելը։ Հոռոմոսի վանքին մեջ տոհմային դամբարաններ կան, որոնց պատերուն (մանավանդ ս. Հովհաննեսի տաճարին հյուսիս-արևելյան կողմին կից) գրեթե յուրաքանչյուր քարին վրա խաչքարեր քանդակված են զանազան ժամանակներու և զանազան վարպետներու գործ։ Անշուշտ, այս խաչքարերը կպատկանեին դամբարանին մեջ թաղվածներու հիշատակին։ Ս. Հովհաննեսի հարավային պատին կից դամբարանին պատին վրա կա մի խաչքանդակ, որուն ներքև շատ բնորոշ կերպով գրված է— «Խոնթ Խաթունին է»։

Կարելի է, որ նախքան 10-րդ դար գերեզմաններու վրա կանգնված խաչքարեր կային, բայց երբեք հավանական չէ եկեղեցիներու պատերուն վրա գտնվիլը միևնույն նպատակով, ինչպես որ էր 10-րդ դարեն սկսած: Հին եկեղեցիներուն վրա տեղ-տեղ, պատշաճության համար, իբրև զարդաքանդակ միայն շինված են, ինչպես կա Տեկորի տաճարին հյուսիսային դռան և և արևմտյան արտաքին որմնասյուներու խոյակներեն մեկուն վրա: Վերջին ժամանակներու մեջ եկեղեցիներու պատերուն վրա քանդակված խաչերը մի բնորոշ հատկություն ունին, որ դեռ 10-րդ դարուն ալ այնքան շեշտված չէր, այսինքն անպայման եկեղեցիի պատերուն վրա պիտի ընտրեին այնպիսի մի տեղ, որ քանդակված խաչին ճակատը դեպի արևմուտք նայեր: Մրենի մեջ թեև մեծ մասամբ արևմտյան պատին վրա շարված են, սակայն կան նաև հարավային պատին վրա ալ ագուցվածներ:

Գալով գերեզմաններու վրա կանգնված խաչքարերու ձևին, անոնք առհասարակ տապանաքարերուն արևելյան կողմը խորանարդ կամ աստիճանավոր պատվանդանի վրա կանգնված երկար քառակուսի հաստ քարե տախտակներ են, որոնց արևմուտք նայող ճակատին վրա քանդակված են խաչի պատկերը, շրջապատված զանազան քանդակագործությամբ, դարու ճաշակին համաձայն:

Այս ձևի խաչքարերու մեջ իմ տեսածներուս ամենեն հինը հազիվ 10-րդ դարու սկզբին հասնի: Իսկ անկեց առաջ, հավանական է, որ եղած լինեին խորանարդ պատվանդանի վրա կանգնված քառակուսի սյունանման կոթողներ՝ զանազան բարձրությամբ։ Այս ենթադրության առիթ կուտան ինծի պ. Ն. Մառի Երերույքի պեղումներեն և պ. Հակոբ Կարանյանցի Ագարակեն բերած կոթողանման քարերը, որոնք այժմ կգտնվին Անիի հնագիտական թանգարանին մեջ։ Թեև ոմանց կարծիքով այս քարերը վեմ քարեր ալ եղած լինին, սակայն ես բոլորովին չեմ կարողացած համաձայնիլ, որովհետև կան այնպիսի բարձրությամբ քարեր, որոնք եթե իբրե վեմ քար ծառայեին, հազիվ թե պատարագիչ քահանային հասակը բավականանար նույն բարձրության հասնելու։ Իսկ ոմանք ալ խորանարդ պատվանդաններ ունին, վրան քառակուսի փորվածքով կոթողը ագուցանելու համար։ Կոթողներն ալ ունին վերի ծայրերուն վրա քառակուսի փորվածքներ, որոնք անշուշտ մետաղյա, քարե խաչեր անցնելու հատուկ էին. թե՛ պատվանդանին և թե՛ կոթողին շուրջը պատկերաքանդակներով զարդարված են։ Եթե հաստատություն կգտնե իմ այս կարծիքը, այն ատեն կարող ենք ըսել, որ 7-րդ դարեն մինչև 10-րդ դարուն կսկսին տապանաքարերուն ձևն էր այս: Իսկ 10-րդ դարուն կսկսին վերև նկարագրված քարե տախտակներու ձևով խաչքարերը, որ տևած է մինչև 17-րդ դար։ Ուրեմն Մրենի տաճարին արևելյան և հարավային պատերու մեջ ագուցված խաչքարերը 10-րդ դարու գերեզմաններու վրայե քանդելով՝ բերած շարած են այնտեղ։ Հավանորեն տաճարը նորոգողի տոհմին հիշատակարաններն էին անոնք. հետևաբար Մրենի տաճարը պետք է որ նորոգված լինի 10-րդ դարու կեսեն հետո, եթե ոչ ավելի ուշ, որով անկյուններու սյունանման քանդակվածքն ալ կլինի 10-րդ դարու կեսեն հետո շինված գործ: