Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս տեսությամբ ալ Տեկորի տաճարին արևելյան անկյուններու սյունանման քանդակվածքը դատելով իր ավելի նախնականութենեն (archaique), եթե համարենք ավելի կանոոխ, քան 10-րդ դար, սակայն շատ դժվար է հասցնել մինչև 7-րդ դարը։ Վերջապես երբ ալ որ լինի անոր ճիշտ ժամանակը, քիչ հետո պիտի տեսնենք, որ տաճարի շրջապատի սյունազարդ ծածկույթները (portique) քանդվելեն ալ հետո անոնց քանդակված լինելուն մեծ հավանականություն կա։

Այժմ սկսիմ պարզել այն հիմունքը, որոնց վրա պիտի ապացուցանեմ կարծվածեն ավելի հին ժամանակ՝ ուրիշ շենքի մը գոյությունը, որուն վրա կազմված է մեր այսօրվան տեսած Տեկորի տաճարը, դարուց ի դարս ալ կարևոր փոփոխություններու ենթարկվելով։ Պիտի աշխատիմ ցույց տալ ոչ միայն այդ կրած փոփոխությունները, այլև շենքին ամենասկզբնական ձևը։

Չափագրելու ժամանակ ամենեն առաջ ուշադրությունս գրավեց տաճարի պատերուն արտակարգ թանձրությունը, որոնք 1,35-են մինչև 1,45 մետրի կհասնին՝ առանց որմնասյուներու ավելորդ դուրս ցցվածքին: Եվ որովհետև հայոց հնագույն հիշատակարաններու մի կարևոր մասին մեջ պատերու թանձրության համար գործածված ամենաբարձր չափերը ինծի հայտնի էին, և սա բաղդատմամբ անոնց՝ մեծ տարբերություն ուներ, բնականաբար չէր կարող դիպվածի վերագրել։ Նույնիսկ իրեն ժամանակակից հիշատակարաններու պատերու թանձրությունները, ինչպես՝ Էջմիածին, Երերույք, 1,29 մետրից չեն անցնի. Երերույքի տաճարի պատերու ամենաթանձր մասը 1,17 մետր է։ Նմանապես 7-րդ դարու հիշատակարաններու մեջ ամենեն թանձր պատ ունեցողը Բագարանի ավանդաբար ս. Թեոդորոս անվանված եկեղեցվո պատերն են, որուն արևելյան պատը միայն 1,25 մետր է, որ անշուշտ առանց պատճառի չէ. իսկ մյուս պատերը 1,17 մետր թանձրություն ունին:

Իհարկե, պատերու թանձրությունը բոլորովին հաստատուն փաստ չէր կարող նկատվիլ Տեկորի տաճարին մեծամեծ փոփոխություններու ենթարկված լինելուն, եթե նաև ուրիշ շարք մը համոզիչ ապացույցներ շղթայված չլինեին պատերու արտակարգ թանձրության հետ։

Երերույքի մեջ սյունազարդ ծածկույթի կամարը հանգչեցնելու համար, Տեկորի տաճարին նման պատեն դուրս առանձին թանձրություն չկա ստորին մասին վրա, այլ կամարը ծնունդ առած է ուղղակի պատի 1,17 մետր թանձրության մեջեն[1], թեև այս կերպով Երերույքի տաճարի սյունազարդ ծածկույթը (portique) բուն շենքին հետ միաժամանակ շինված լինելու հավաստիքը կներկայացնե, այնուամենայնիվ դարձյալ բոլորովին կասկածանքե ալ ազատ չէ, որուն մասին պիտի տեսնվի քիչ հետո։

Շինարարական արվեստի (construction) մեջ անհրաժեշտ պայման է, որ սրբատաշ քարերով շինված պատի մը քարերը ներսի և դրսի կողմեն հավասար բարձրություն ունենան յուրաքանչյուր շարքի մեջ, և եթե յուրաքանչյուր քար իր լայնության, բարձրության, նաև պատին թանձրության համեմատական խորություն ունենա, որպեսզի թե լավ հանգչի պատին վրա և թե երբեմն ալ մոտենալով հանդիպակաց քարին, վրայեն դրված քարով կապվին ներքևի երկու կողմի քարերը։

Ի հիմանե նորոգ կառուցված շինություն մը, երբ այս օրենքին հակառակ կշինվի, ապօրինի լինելեն զատ, վտանգավոր իսկ կհամարվի, որովհետև նախքան կրաշաղախին բոլորովին չորանալը, որ երբեմն տեղին և կլիմային համեմատ տարիներ կտևե, մեկ կամ մյուս կողմեն պատն ուռելով՝ փլուզման վտանգ կսպառնա։ Իսկ երբ շինարարական օրենքի պահանջնհր ճշտիվ գործադրված են, որոշ տարիներ անցնելե հետո, պատը չորանալով՝ միակտուր զանգվածի մը կփոխվի։ Ահա այն ատեն բոլորովին անվտանգ է անոր մեկ կամ մյուս երեսի քարերը մաս առ մաս քանդել և անոնց տեղ նոր քարեր շարելը։ Նույնպես նաև կարևորութենե զուրկ կմնա, եթե նորոգ շարված քարերը չափով թե միմյանց և թե հանդիպակաց քարերու չափերուն չհամապատասխանեն։

Տեկորի տաճարին նախնական շինությունը, որ անշուշտ դարուց ի դարս կանգուն մնալու ձգտումով շինված էր, չէր կարող այս ընդհանուր օրենքին հակառակ շինված լինել, մինչդեռ այսօր, ընդհակառակը, պատերու ներքին և արտաքին երեսներու վրա քարերու լայնությանց և բարձրությանց անհավասար չափերու լիակատար խառնուրդ մը կներկայացնե, որով ամենափոքր կասկած իսկ չի մնար, թե ամեն դարու մեջ անընդհատ փոփոխություններ ու նորոգություններ պակաս չեն եղած Տեկորի տաճարին ամեն կողմին վրա։

Այս բոլոր խառնակությանց մեջ մի բան շատ պարզ է, որ արտաքին երեսներու վրա քարերու հետնագույն շարվածքը հմուտ ճարտարապետի մը հսկողության տակ կարող որմնահյուսի մը ձեռակերտն է։

Փլված մասերուն վրայեն կտեսնվի, որ արտաքին երեսներուն վրա շարված քարերը առառավելն 0,25 մետր խորություն ունին, այն ալ ոչ ամենը, ինչ որ շատ քիչ է։ Իսկ երբ խնդիրը հետնագույն նորոգության կամ նախապես գոյություն ունեցող պատի մը այժմյան չափով թանձրացման վրա կկայանա, այն ատեն քարերու և շաղախի կանոնավոր խտացման համար նույն չափեն ավելի խորություն ալ չէր կարող տրվիլ:

Հյուսիսային բաց մնացած[2] դռան մեջեն ալ կտեսնվի, որ հետնագույն հավելվածի համար դրսի երեսին վրա առանձին բարավոր և վերնասյամ է շինված առանց հիները քանդելու կամ տեղեն շարժելու։

Նոր ավելցված մասերուն հաստատուն և ապահով լինելուն կասկած չէր կարող լինել, որովհետև նախ՝ վարեն մինչև վեր հավելումը 5 մետր միայն բարձրություն

  1. Հյուսիսային և հարավային կողմերը միայն, արևմտյան կողմը դարձյալ Տեկորի տաճարին նման հետնագույն շինված է, որուն մասին պիտի տեսնենք իր տեղը։
  2. Հյուսիսային կողմը ունի երկու դուռ, որոնց մեկը այժմ փակված է։