այժմյան խորանի abside-ը ոչ մի կերպով հարազատ կապ չունի այս ձևերու հետ։ Բացի այս, այնպիսի անբնական կերպով պատը պատռված և խորանի abside-ը դուրս հանված է, որուն նմանը հետնագույն նորոգություններու և փոփոխություններու մեջ միայն ներելի է տեսնել շինարարական արվեստի տեսակետով։
Շինարարական օրինաց բնական կարգով՝ պետք էր խորանի կամարին վրա մի պատ բարձրացնել, որպիսին է Տեկորի տաճարին արևելյան միջին fronton-ի պատը, այն ալ անպայման խորանին երկու կողմեն զուգահեռաբար ձգվող պատերը միացնող կամարին վրա դրվեր, և այդ պատեն դուրս սկսվեր կազմվել խորանի կիսագմբեթը։ Մինչդեռ, այժմ կտեսնենք, որ հակաբնական կերպով fronton-ի պատը դրված է խորանի գմբեթարթին վրա (նկ. 117, B) և ապահովության համար ալ արտաքո կարգի թանձրություն դրված է գմբեթարթի այս մասի վրա։ Թեև այս ապօրինի շինության պատճառով ընդմիշտ նորոգությունն ալ պակաս չէ եղած խորանին մեջ թե ներսեն և թե դրսեն։ Հաճախակի նորոգություններ ալ ոչ թե հառաջ եկած են վրայի fronton-ի պատին ճնշումեն, այլ նախապես գտնված պատի մը պատառվածքի ներքևեն կամար դարձնելու ապօրինի և դժվար գործողութենեն, որովհետև անհնար էր քարերը պատառված պատին ներքևեն այնպես նպատակահարմար կերպով խտացնել և ձուլել վրայի պատին հետ, ինչպես որ պիաի լիներ արձակ միջոցի մեջ, եթե ոչ հաստատուն և կանոնավոր շինված պատի մը նույն չափով պատառվելեն ոչ մի ճնշում հառաջ չէր կարող գալ։
Ձեռնարկենք այժմ ներքին մասերու և տանիքներու քննության, որոնք ալ իրենց կարգին շատ հետաքրքրական փոփոխություններ կրեր և այդ փոփոխություններն ալ զանազան դարաշրջաններու ավանդությանց և արվեստի դրոշմը կկրեն։
Բնականաբար ամեն տեսնող պահ մը պիտի մտածե, թե ի՞նչ պատճառավ հառաջ եկեր են Տեկորի տաճարին ներքին գմբեթակիրը մույթերու (piller) այսօրվան անկանոն, անհամաչափ, անհավասար և անճաշակ ձևերը՝ հակառակ ուրիշ մասերու վրա երևցած ընդհանուր կանոնավորության։
Չափագրությունը ցույց կուտա, որ ներքին որմնասյուները 5,70-5,75 մետր համաչափ հեռավորությամբ դասավորված են հյուսիսային և հարավային պատերու վրա։ Որմնասյուները միջին հաշվով ունին 0,70 մետր լայնություն[1]։ Արևելյան ու արևմտյան որմնասյուներն ունին 112 սնտ. լայնություն: Այս բոլոր որմնասյուներն օրինական կարգով դեմ դիմաց զետեղված են ուղիղ գծի վրա, այսինքն հյուսիսայինները հարավայիններուն դիմաց, և արևելյանները արևմտյաններուն դիմաց, ինչպես կտեսնվի նկ. 110-ի մեջ, մեջտեղը եղած չորս անջատ գմբեթակիր մույթերն են, որ այս կողմ այն կողմ շեղված և ծռված են անճաշակ կերպով, որն որ առանց պատճառի չէր կարող լինել։ Հակառակ այդ հառաջացած անկանոնության, անպայման պետք էր որ օրինավոր կապակցություն գտնեինք կանոնավորապես շարված որմնասյուներու և անկանոն ձև ստացած մույթերու (pilier) մեջ, որպեսզի հնարավոր լիներ հետնագույն ձևը ստանալեն առաջ նախնական ձևը գտնել։ Մի շատ պարզ և բնական միջոց կար այդ գաղտնիքը գտնելու համար, այն է՝ աղեղներով ամեն կողմեն միմյանց հետ կապել բոլոր մույթերը և որմնասյուները, այսինքն պետք էր որ յուրաքանչյուր որմնասյուն իրեն դիմացը գտնվող մույթի հետ աղեղով մը և յուրաքանչյուր մույթ ալ դարձյալ իրեն դիմացը եղող մույթի հետ աղեղներով կապվեին՝ իրենց վրա ծածկույթ կամ տանիք մը կրելու համար։ Այս կապերը գտնելու համար բավական էր այսօրվան հատակագծին վրա արտաքին պատերու վրայի որմնասյուները իրենց լայնության չափով ուղիղ գծերով իրարու միացնել։ Ահա այս գծերու խաչաձևումով հատակագծի մեջտեղ կստացվին չորս քառակուսի մույթերու տեղերը այսօրվանեն թեև տարբեր, սակայն բոլորովին оրինական ձևով։ Որովհետև այս ստացված քառակուսիներին ամեն կողմին վրա հարկավոր է ավելցնել յուրաքանչյուր հանդիպակաց որմնասյունեն մեկնող աղեղի հանգստյան համար շեշտված մասերը, այդ մասերն ալ ավելցնելով՝ կստանանք նկ. 110-ի մեջ սև գույնով երևցած խաչաձև անջատ մույթերը։ Այս արդյունքին առջև ամենափոքր կասկած իսկ չմնար, որ Տեկորի տաճարին ներքին չորս մույթերու սկզբնական ձևը և անոնց դասավորությունը այդ էր։ Կանոնավոր խաչաձև մույթերեն դուրս այսօրվան երևցածները, որոնք թուխ գույնով ներկված են՝ անպայման հետնագույն հավելվածներ են։
- ↑ Զանազան ժամանակներու մեջ համբակ ձեռքերու կատարած նորոգություններով թե որմնասյուներ և թե որմեասյուներու միջոցներ 1-5 սանտիմ. ավելցեր և պակսեր են, այդ պատճառով ալ միջին չափը ընտրեր եմ հատակագծի պատրաստության ժամանակ: