Էջ:The Architecture, Tom 1.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մոտեցեր է բոլորակ շրջանակի մը, որուն վրա այլևս հեշտ էր պսակը բոլորել և թմբուկը բարձրացնել:

Թմբուկը բարձրացնելեն հետո, 7-րդ դարուն վրան ծածկվելիք calotte-ը ըստ օրինի կաղապարի վրա ձուլելու կերպը ծանոթ լինելեն զատ, գիտեին նաև անոր մեջ բարձրաքանդակ զարդարել, ինչպես Հռիփսիմեի վանքին և Մրենի տաճարին գմբեթները: 7-րդ դարեն հետո շինված գմբեթներուն մեջ այս զարդաքանդակները չեն երևիր, հավանաբար կարելի է, որ պատկերներ նկարելու սովորությունը մտնելով՝ վերջ տվավ քանդակազարդության:

Գմբեթներ կազմելու այս ոճը տևած է մինչև 10-րդ դարու վերջերը. Մարմաշենի եկեղեցին տակավին այս ձևով գմբեթ ունի, նմանապես Կարսի Առաքելոց եկեղեցին, կան և ուրիշներ, սակայն 10-րդ դարուն և հետզհետե վերձ դրած նախկին չարատանջ և աննպատակահարմար աշխատություններուն: Վերջին ոճը հնարավորություն տված է նաև արտաքին կողմով ալ գեղեցիկ և վայելուչ ճոխությամբ գմբեթներ կազմելու:

Շատ հետաքրքրական է այս տեսակետով քննել Հոռոմոսի ավանդաբար ս. Մինաս անվանված եկեղեցին, որուն գմբեթն ունի թե հին ձևով անկյուններու վրա դրված շեղակի փոքրիկ կամարաձև քարեր և թե անոնց վրա շարունակված մինչև բոլորակ corniche-ը vonte pendentif-ներ: Այս եկեղեցիին գմբեթին մեջ պարզ կերևան հին ոճին վրա նոր ոճի սկզբնական ներգործության բնորոշ գծերը, և որովհետև կարծեցյալ ս. Մինասը կանգնված է 10-րդ դարուն, հետևաբար նաև 10-րդ դարն էր vonte pendentif-ներու կիրառության սկիզբը հայ ճարտարապետության մեջ:

Ինչպես ներքուստ, այնպես ալ արտաքուստ իրենց կառուցման դարաշրջաններու հատուկ ձևեր ունեցեր են հայկական եկեղեցիներու գմբեթները: Տեկորի տաճարին վրա կտեսնենք, որ ցածլիկ ութանկյուն թմբուկի մը ներքև քառակուսի կամ խորանարդ պատվանդան մը կա տանիքի կատարեն 2,80 մետր բարձր և թմբուկի բարձրությունը հազիվ հասնի 0,50 մետրի: Բագարանի մեջ 7-րդ դարուն սկիզբին կանգնվող՝ ժողովրդական ավանդությամբ ս. Թեոդորոս անվանված եկեղեցիի վրա պատվանդանը ցած իջած է և՛ տանիքի կատարեն մինչև թմբուկը 13,0 մետր է: Հռիփսիմեի վանքի գմբեթին պատվանդանը ավելի մոտեցած է տանիքի կատարին, թեև այսօր մի քիչ աղավաղված, սակայն որոշ չափով հայտնի է, որ 0,50 մետրեն ոչ պակաս բարձր էր պատվանդանը տանիքի կատարեն:

Մրենի տաճարին վրա, եթե երբեք փոփոխության չէ ենթարկված, տանիքի կատարին հավասար է գմբեթին պատվանդանը:

Սկսյալ 10-րդ դարեն գմբեթի խորանարդ պատվանդանները ցած իջած են գրեթե վերին տանիքի բարձրության կեսին չափ, ուր, շնորհիվ voute pendentif-ի, շատ մեծ դյուրությամբ բոլորակ խարիսխ կազմելեն հետո, փոխանակ քառակուսիի, պատվանդանին մեկ մասն ալ բոլորակ ձևով շարունակված է մինչև տանիքի կատարին հավասար՝ իբրև խարիսխ գմբեթի, և նույն նեղ առանձին moulure-ով մը շրջապատվելեն հետո, սկսած են վրայի գմբեթի թմբուկը բարձրացնել բոլորովին բոլորակ կամ բազմանկյուն ձևով. մինչդեռ նախկին դարերու գմբեթներ իրենց ներքին կազմության պատճառով առհասարակ ութանկյուն եղած են: Եթե Հռիփսիմեի վանքին գմբեթիը տասնվեց անկյունանի շինվելը հնարավոր եղած է, այն ալ շնորհիվ յուր հատակագծային ձևին է, որն որ որոշ հարմարություններ ինքնին կուտար այդ բազմանկյունին:

Ուրեմն, հայկական եկեղեցիներու գմբեթներու համեմատությունով ալ Տեկորի տաճարին վրա եղած հավելումներու՝ ընդնմին նաև գմբեթի կառուցման ժամանակը 7-րդ դարեն առաջ դեպի 5-րդ դարու ժամանակամիջոցին մեջ պետք է փնտռել:

Սյունազարդ ծածկույթներու (portique) տեսակետով ալ բոլորովին նույն բանը կարելի է ըսել: Մրենի տաճարը, ինչպես տեսանք վերև, որ ուրիշ Կամսարականի մը ձեռքով փոխարկված է այսօրվան ձևին 7-րդ դարուն մեջ, և սյունազարդ ծածկույթի հետքը ամենևին