Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քանան բաժին նորա ընդ Ուդաի եւ ընդ խաչահանուացն եղիցի. վասն Սուրբ Սարգսի շինութեան եւ վասն մեր հոգեացս ազատեցաք զազգ եւ հայր եւ մայր եւ որդիքս արդ մեր մեղացս եւ մեր ազգի մեղացս տէր է որ ընդդիմանա...

Սահակ Կամսարականի արձանագրության մեջ «Տեկորոյ վանաց երիցու և Մանանայ հազարապետի հիմնարկեցաւ տեղիս» խոսքեն կերևի, որ նախքան ս. Սարգսի վկայարանի հիմնարկվելը, այնտեղ գոյություն ուներ Տեկորի վանք և վաներեց, իսկ Կատրանիդեի և Աշոտի արձանագրություններեն ալ կերևա, որ այնտեղ եղեր են երկու եկեղեցիներ, մեկը ս. Երրորդություն անունով և մյուս՝ ս. Սարգիս։

Աշոտ թագավորի արձանագրությունը, որ Կատրանիդե թագուհիի պարգևատրությունը հաստատելու համար է, պարտադիր դարձուցեր է ս. Սարգսի ալ շինությունը թագուհիի նվիրատվության փոխարեն, որն որ նախապես թագուհին բնավ ի նկատի չէ ունեցեր, անշուշտ, ս. Սարգիսը հնարած կամ քանդված մի եկեղեցի էր այդ ժամանակ ս. Երրորդության մոտերը, և այս եկեղեցիները հավաքաբար «Տեկորոյ վանք» անունը ունեցեր են[1], ինչպես Հոռոմոսի վանքը, ուր քանի մը եկեղեցիներ առանձին առանձին անուններ ունին, սակայն հավաքաբար Հոռոմոսի վանք կանվանվին ամենեն կանուխ հիմնարկվածի անունով: Օրինակ՝ Հովհաննես Սմբատ թագավորը կգրե իր եկեղեցիին վրա... «յիմ եկեղեցիս ի սուրբ Յոհաննես զոր շինեցի ի վանսս Հոռոմսսի»: Նմանապես ս. Գևորգ եկեղեցիին վրա կգրե դարձյալ նույն թագավորը... «ետու զիմ գեղս զՍահառունիս ի մեր հանգստարանս թագաւորաց ի տիեզերահռչակ վանսս Հոռոմոսի... եւ գրեցի ի Սուրբ Գորգ (Գէորգ )»...: Հետևաբար, հիշվելով այս իրողության վրա, հավանական կգտնեմ, որ Տեկորի մեջ կար մի վանախումբ՝ Հոռոմոսի վանքին նման, որուն ամենահինին անունը մեզ հայտնի չէ և կամ անոնցմե մեկը կանվանվեր Տեկորո վանք, որուն մոտ կանգնեց Սահակ Կամսարական ս. Սարգսի վկայարանը, թերևս վկայարանի արձանագրությունն ալ գրեց ս. Երրորդության վրա, այնտեղ, ուր այժմ կա Բագրատունի թագուհիին արձանագրությունը, որն որ 11-րդ դարուն նորոգության ժամանակ երբ դռան կիսաբոլորակ ճակատը նորոգեցին (առանց քանդելու զայն պսակող քանդակազարդ աղեղը), այնտեղ գրեցին Կատրանիդեի արձանագրությունը և ներքևը ընդօրինակեցին Սահակ Կամսարականի հիշատակագիրը:

Փոքր մատուռներու և դամբարաններու արձանագրությունները իրենց մոտ կամ կից մեծ եկեղեցիներու վրա գրվելու երեք օրինակ ինծի հայտնի են։ Առաջին՝ Խծկոնքի մեջ ս. Սարգիս եկեղեցիեն դեպի հարավ՝ երրորդ եկեղեցիին արևելյան ճակատի հարավային կողմը գրված է արձանագրություն մը, որուն կից շինված և այժմ բոլորովին քանդված մատուռի մը հատուկ է։ Երկրորդ՝ Անիի Առաքելոց եկեղեցիին հյուսիսային դռան մոտ եղեր է մի մատուռ, որուն փլատակները բացվեցան պր. Ն. Մառի պեղումներով. ասոր արձանագրությունն ալ գրված է Առաքելոց եկեղեցիի խորշին մեջ: Երրորդ՝ Անիի Ապուղամրենց ս. Գրիգոր եկեղեցիի վրա կա մի արձանագրություն, որ բնավ չի վերաբերեր ս. Գրիգոր եկեղեցիին։ Գրիգոր իշխանի որդին Ապլղարիպ հայոց մարզպանը շիներ է եկեղեցիի մոտ երկու մատուռ՝ ս. Ստեփաննոս և ս. Քրիստափոր սւնուններով, որոնք բոլորովին փլած ու անհայտացած էին, չորս տարի առաջ մասնավոր պեղումներով երևան եկան երկու մատուռներու ավերակները, որով միանգամայն հաստատվեցավ արձանագրության որու վերաբերիլը, մինչդեռ առաջ կասկածողներ իսկ կային արձանագրության հարազատության կամ թվականին վրա։ Ասոնցմե զատ, Տիգրան Հոնենց, Անիի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին շինած ժամանակ անոր արձանագրության մեջ մտցուցած է իր նորոգած մոտակա Բեխենց վանքի նորոգության հիշատակությունը։

Ամենայն հավանականությամբ, հիշածս եկեղեցիներուն նման, Տեկորի եկեղեցիին ալ շատ մոտիկ շինված էր ս. Սարգսի վկայարանը և թերևս կանգուն նույնիսկ Բագրատունիներու ժամանակ, որուն շինության համար կակնարկե Աշոտ թագավոր արձանագրության մեջ «վասն Սուրբ Սարգսի շինութեան» ըսելով և կուզեին շեն պահել բացի ս. Երրորդութենեն նաև ս. Սարգսի վկայարանը իբրև նախնյաց հիշատակ։

Վերոգրյալ պատճառներեն զատ, ուրիշ ավելի մեծ պատճառներ զիս կստիպեն համոզվիլ, որ Տեկորի այժմյան կանգուն մեծ տաճարը 5-րդ և 6-րդ դարերուն մեջ չէր կարող ս. Սարգսի վկայարան լինել։ Նախ՝ ինչպես առաջուց բացատրեցի, արվեստի թողած հետքերու և Կամսարականի արձանագրության վրա հիմնված, ս. Սարգսի վկայարանի հիմնարկության ժամանակ կար Տեկորի տաճարը և 5-րդ դարուն ավելցված էին ավելի հին շենքին վրա շուրջանակի սյունազարդ ծածկույթները (portique), հետևաբար նաև դռների քանդակազարդ շրջանակներին ալ. երկրորդ՝ որ ավելի կարևորն է, իմ հետազոտություններուս մեջ մասնավորապես ուշադրություն դարձուցեր եմ յուրաքանչյուր դարաշրջանին մեջ կանգնված եկեղեցիներու անուններուն վրա, և ոչ միայն չեմ գտած 7-րդ դարեն առաջ կանգնվող մի եկեղեցի, որ, բացի կաթուղիկեն, ուրիշ անուն ունենա, այլև 7-րդ դարուն մեջ կանգնված մեծ եկեղեցիներն ալ կաթուղիկե անվամբ հորջորջված են։ Իսկ պատմական տեղեկություններով ալ գիտենք, որ ի սկզբանե սրբոց անվան նվիրված շենքեր պարզ վկայարան անունը կստանային և փոքր ու անշուք շինություններ էին[2], և անոնց կոչումը տուն կամ հանգստարան վկայից էր և ոչ տուն աստսուծոյ[3]: Հետևաբար, Տեկորի այժմյան կանգուն

  1. Տեկորի այժմյան եկեղեցիեն մեկ կիլոմետր դեպի արևելք կա մի եկեղեցիի ավերակ, թերևս այս եկեղեցին ալ Տեկորի վանքին կպատկաներ:
  2. Պատմ Սեբէոսի եպիսկոպոսի ի Հերակլն: Ա. Պետերբուրգ, 1879 թ., եր. 88: «Եւ եղև յամի ԻԸ երորդի թագաւորութեանն Ապրուէզ Խոսրովու՝ քակեաց կաթողիկոսն Կոմիտաս զմատուռ սրբոյն Հռիփսիմեայ ի Վաղարշապատ քաղաքի, զի կարի ցած և մթին էր շինուածն, որ շինեալ էր սրբոյն Սահակայ հայրապետի Հայոց կաթուղիկոսի՝ որդւոյ սրբոյն Ներսիսի» - Կոմիտասի հաջորդը՝ Եզր կաթողիկոս հետևեցավ իր նախորդի օրինակին և քակելով Գայանեի վկայարանը, և մեծցուց և ընդարձակեց (Յոհ. կաթ.):
  3. Նորայր Բիւզանդացի, Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիւնք: Տփխիս, 1900, երես 254-256: