տաճարին նման հսկա շինություն մը 5-րդ և 6-րդ դարերուն չէր կարող վկայարան լինել։ Առաջին մեծ վկայարանը շինեց Կոմիտաս կաթողիկոս Հռիփսիմեի վկայարանին վրա 7-րդ դարուն, որ իբրև նշանավոր իրողություն արձանագրեր են ժամանակակից պատմագիրներ։
Բայց ի նկատ ի ունենալով, որ մի գուցե գտնվեին նախքան 7-րդ դար սրբոց և մարտիրոսաց անվան նվիրված եկեղեցիներ, որոնք ինծի հայտնի չէին, ուստի, տարակույսս փարատելու համար, դիմեցի մեծանուն պատմագետ պ. Կ. Կոստանյանցին և աջակցությունը խնդրեցի այս հարցի լուծման համար։
Խորին շնորհակալությամբ պիտի արձանագրեմ այստեղ, որ պ. Կ. Կոստանյանց ոչ միայն չզլացավ ինձ երկարորեն բացատրել, թե եկեղեցիները սրբոց անվան նվիրելու սովորությունը 7-րդ դարեն առաջ չէր կարող լինել, այլև բարեհաճեցավ մի հոդված գրել սույն աշխատությանս կցելու համար[1]:
Հետևաբար, սույն տեսությամբս կեզրակացնեմ, որ Տեկորի տաճարին վրայի Սահակ Կամսարականի անունով գրված արձանագրությունը կվերաբերի փոքր վկայարանի մը, հիմնված Տեկորի վանաց խումբին մեջ, հավանաբար այսօրվան կանգուն ս. Երրորդության տաճարին շատ մոտիկ։
Էջմիածնի տաճարը, իբրև դարավոր հայրապետական աթոռ, բնականաբար գիտնականներու և բանասերներու ուշադրության առարկա պիտի դառնար՝ մասնավորապես տաճարի շենքը, որ ավանդաբար հայոց քրիստոնեության առաջին շրջանին կվերագրվի՝ Տրդատի և ս. Գրիգորի ձեռքով 303 թվականին շինված. այդ պատճառով ալ, բացի պատմական ուսումնասիրութենե, ճարտարապետական տեսակետով ալ հետաքրքրական պիտի լիներ։
Շենքի մասին պատմական շատ քիչ տեղեկություններ կան մինչև 7-րդ դարու կեսը, իսկ անկե ասդին, մինչև 17-րդ դար, գրեթե բոլորովին մթության մեջ թաղված է։
Առաքել վարդապետ Դավրիժեցին 17-րդ դարուն, իր նախորդներեն համեմատաբար քիչ ավելի մանրամասնությամբ կնկարագրե թե իրեն օրով տաճարին ունեցած ավերակ վիճակը և թե Մովսես կաթողիկոսի ու անոր հաջորդներու մեկ քանիին ձեռքով կրած նորոգությունները։
Իբրև հնագույն եկեղեցի և հայրապետական աթոռ, սկսած 17-րդ դարեն, գիտնական ճանապարհորդներու ուշադրությունը գրաված է միշտ, որոնք ավելի կամ նվազ չափերով արձանագրած են իրենց տեսությունները և տպավորությունները։
Առհասարակ, քննողներեն ամենն ալ թեր ու դեմ ենթադրություններե հետո, գրեթե բացարձակապես համաձայն են մի կետի վրա, թե Էջմիածնի տաճարին հատակագծի ձևն է միայն, որ անփոփոխ պահված է 4-րդ ղարեն մինչև այսօր։
Ես ալ իմ կարգին ցանկացա հետազոտել և մինչև այժմ եղած կարծիքները համեմատել շենքին հետ, հուսալով, որ թերևս հաջողվի ինծի ալ քայլ մը ավելի հառաջ երթալ դեպի ստուգություն։
1908 թվականին մարտ ամսոյ մեջ, երբ Էջմիածին կգտնվեի, սկսեցի հատկապես քննել շենքի յուրաքանչյուր մասի վրա եղած նորոգություններն ու փոփոխությունները։ Այս միջոցեն ամենեն առաջ ուշադրությունս գրավեցին հյուսիսային ճակատի դուրս ցցված abside-ի երկու կողմի պատերու կատարին մոտ երկու fronton-ներու հետքերը, որոնք պարբերաբար եղած կարկատաններու մեջ գրեթե անհայտանալու վրա էին։ Այդ ներդաշնակությունը ինծի անմիջապես հիշեցուց Անիի Առաքելոց եկեղեցիի արևելյան ճակատը, որ նմանապես կազմված է միջին մեծ և կողմնակի երկու փոքր fronton-ներով[3]:
Հարգելի գիտնական մեծ. պր. Ն. Մառի աջակցությամբ 1906 թվականին վերակազմեր էի Աննիի Առաքելոց եկեղեցին, որովհետև փլատակները պեղելու և կորսված մասերը ամբողջացնելու համար պ. Ն. Մառը հաճությամբ իմ տրամադրության տակ դրավ մշակներ, որով ես հնարավորություն ունեցա ըստ ամենայնի ամբողջացնել Առաքելոց եկեղեցիի պակաս բեկորները։
Տեսնելով Էջմիածնի տաճարին հյուսիսային ճակատի
- ↑ Այդ հոդվածը ավելորդ համարեցինք զետեղել ժողովածուիս մեջ իբրև Թորամանյանի գրչին չպատկանող գոր: ԿԱԶՄՈՂ
- ↑ Արտատպվում է «Ազգագրական հանդես»-ի XIX գրքից:
- ↑ Անիի Առաքելոց եկեղեցիի փոքր fronton-ները, Էջմիածնին նման, ամբողջ կողմնակի մասերը գրաված չեն. քովերեն փոքրիկ դատարկություններ թողված կան, որոնց վրա fronton-ներեն ցած թեք տանիքներով ծածկված են սակայն այս տարբերությունը մեծ նշանակություն չի կարող ունենալ։