Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քան բարձրաբերձ լեռներու կատարը, և ապահով ապաստարան ու թաքստոց, ուր մարդ կարող էր երկար ժամանակ կռվել ամենակատաղի թշնամիին դեմ, իսկ այս հնարավորություն չի տալ քայլ մը ավելի իրեն մոտենալու։

Մի անգնահատելի առավելությամբ ևս օժտված է այս փոսը, որ ուրիշ բոլոր լեռնական բերդեր միանգամայն զրկված էին. յուրաքանչյուր քարի տակե բղխող անթիվ, անհամար անարատ աղբյուրներն են այդ առավելությունը և գերագույն ուժ պաշարման ժամանակի. թշնամին անզոր էր այդտեղ ջուրը կտրելու, ժողովուրդը նեղացնելու և անձնատվության ստիպելու։

Բայց մի՞թե բավական էր ջուրը ժողովուրդ մը ապրեցնելու և հաց հարկավոր չէ՞ր ասոնց. ի՞նչպես գտան անոնք այդ սև ապառաժուտ փոսին մեջ ուտելիք և ապրեցան ու դիմադրեցին դարավոր արկածներու և արհավիրքներու։

Ահա այս հարցերին լուծման առջև է, որ մարդ կզգա այդտեղ ապրող ժողովուրդին գոյության պահպանության համար մղած կռվին ահավորությունը և քարեն հաց հանելու համար անոնց քաշած նեղություններուն անսահմանությունը։

Քաղցրահամ ջուրերու հորդառատ բղխումներեն քաջալերված՝ քանդեր ու փշրեր են ապառաժներ, սարեր ու բլուրներ տեղափոխեր են ասդին անդին, հող պատրաստեր են, ընդարձակ այգիներ ու պարտեզներ տնկեր և կյանք ու կենդանություն տվեր են չոր, ապառաժուտ փոսին։ Մրենի ընդարձակածավալ դաշտին հետ անընդհատ մրցեր են Շիրակ, Վանանդ և այլ շրջականեր՝ առատ խաղող, գինի և այլ քաղցրաճաշակ մրգեղեններ մատակարարելով։

Բնականաբար ժամանակը չէր թողեր, որ այդ փոսը բոլորովին մաքրեին, դեռ շատ տեղեր կմնան ժայռերու ահագին բեկորներու կույտեր, բնական ապառաժյա գետիններ, սակայն որչափ որ աշխատեր են անմշակը մշակելի դարձնելու, անապատը դրախտի մը փոխարկելու, այնքան իսկ բավական է մեզ անոնց հիշատակին առջև խոնարհվելու և զիրենք դյուցազանց կարգը դասելու համար։

Մեծամեծ այգիներու և պարտեզներու շրջափակներ դեռ կիսափուլ կմնան և զանոնք ոռոգող ջրի առուներու հետքերը չեն կորած։

Ո՞րտեղեն թափած կամ գլորած են այն մեծամեծ քարերն այգիներու և պարտեզներու մեջ, որոնց մոտերը ոչ մի հարմարություն չկա եկամուտ քարեր գլորվելու։ Մի փոքր քննութենեն հետո շուտով կտեսնվի, թե այդ քարերը, բացի պարտեզի շրջափակեն, նաև այնտեղ շինված հսկա շինության մը փլատակներեն գոյացած է, որուն հիմերը հողեն բավականաչափ բարձր դեռ կերևան։

Ի՛նչ կոշտ ու կոպիտ զանգվածներ և ի՜նչ անհավատալի մեծություն քարերու, սակայն որչափ կանոնավոր շարված և վրայե վրա դրված են անոնք առանց կրաշաղախի, քանի մը մուրճի հարվածներ բավական են զայն կոկված համարելու և վերին աստիճան պատշաճությամբ վրայե վրա դասավորելու, որոնց տոկունության համար վկայի կարիք չկա, իրենց 15-20 դարերե ի վեր գոյությունը բավական է իրենց համար պատմելու։ Արտակարգ ուժն է քանդեր այս տիտանյան մեծագործությունները, եթե ոչ այսօրվան մարդիկ չեն կարող ոչ քար մը վար առնել մնացորդ պատին վրայեն, և ոչ ալ բարձրացնել անոր վրա։

Փլատակներուն մեջ բնակարանի մը ամբողջովին երևցող հատակագիծը կա, որուն մեկ սենյակին լայնությունը լցնելու համար երկու քար բավական եղած է, իսկ բարձրությունը չորս քարով տեղը հասած է։ Ի՞նչ էր ասոր առաստաղը, մեծ սխալ չեմ գործեր, եթե ըսեմ, թե առաստաղն ալ մեկ կամ երկու քարով ծածկված էր։

Ո՞վ գիտե՝ ինչ ահավոր արկածներ տակն ու վրա դարձուցեր են այս կիկլոպյան շինությունները և մեզմե որչափ հեռու ժամանակի մեջ, որ այդ փլատակ շինություններոլւ յուրաքանչյուր ներքին բաժանումները իբրև տոհմային թաղ կազմեր են և պատերեն թափված ահռելի մեծությամբ քարերը իբրև անշարժ մահարձաններ, որոնց վրա խաչեր և թվականներ փորագրված են ի հիշատակ հանգուցյալներու։ Այդ թվականներուն մեջ մինչև 12-րդ դար հասնող թվականներ կան։

Բագարանի ձորը, մոտավորապես կես կիլոմետր լայն և մեկ կիլոմետրե ավելի երկայն, ձգված է հյուսիսեն հարավ. այս լայն բացվածքին երկու ծայրերը անմիջապես կնեղնան և երկու կողմեն սարերը կբարձրանան, այնպես որ հազիվ մեջտեղեն անցնող գետին անցք մը կուտան։ Ձորին հյուսիսային ծայրին վրա է մեծ բերդը, կամ, ավելի ուղիղ, հին քաղաքի պարիսպը, նույնպես հսկա որձաքարերով հյուսված մինչև երկուք ու կես մետր լայնությամբ։ Այս պարիսպը հարավային կողմեն կսկսի լեռնադաշտին ծայրեն և կիջնե մինչև գետեզրը. անկեց դառնալով դեպի հյուսիս, բոլորելով մեջտեղը գտնված երեք անհավասար բարձրությամբ միջնաբերդերու, կդառնա վերստին դեպի լեռնադաշտ՝ Բագարանի ձորեն անջատող բարձր ժայռերու կուրծքին մնալու համար։

Պարիսպի ընդարձակ տարածության մեջ ապրեր է բավական խիտ բնակչություն, որոնց բնակարաններու հիները մնացել են տակավին որոշ բարձրությամբ։ Ի՞նչ ժամանակի բնակչության բնակարաններու հիմեր են այս մնացորդները, զանազանել շատ դժվար է, որովհետև այլ և այլ դարաշրջաններու արվեստին հատուկ ոճերով շինված հիմեր կերևնան անոնց մեջ։ Ես պիտի վարանիմ պահ մը կարծելու, որ մինչև հեթանոսական շրջանի հիմեր կան անոնց մեջ, որոնց վրա շատ հետո, հավանաբար Բագրատունյաց շրջանին մեջ, հին հիմերու վրա նոր շինություններ են հարմարեցված։ Բագրատունիներու օրով քաղաքի շրջապարիսպը բոլորովին անպետքացած կերևի, որովհետև ամենեն ուշ 10-րդ դարու ոճով շինված եկեղեցիի մը հյուսիսային պատը կա կանգուն մնացած, այդ պատին մեկ մասը շեղակի կերպով քաղաքի հին մեծ պարիսպին վրա դրված է իբրև գետին։

Որչափ որ Բագարան խոր փոսի մեջ է, և բնակչությունը քտրակույտերու մեջ կորած, այնուամենայնիվ թագավորներ և իշխաններ իրենց արժանավայել դիրքը ստացած են, ավանդական սովորության համաձայն՝