Էջ:The Architecture, Tom 1.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր մոռանում: Այնուհետև, երկար տարիների ընթացքում նա աշխատում էր հիշել և նորից գրել կորցրած աշխատությունները, որ ամեն դեպքում չէր հաջողվում նրան ձեռքի տակ համապատասխան նյութեր չունենալու պատճառով: Իր ասելով՝ աշխատությունների մեծ մասն անդառնալիորեն կորավ:

Թորամանյանն աշխատանքի խաղաղ պայմաններ ստացավ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո միայն և իր կյանքի վերջին տարիներին գործունեության բեղմնավոր ժամանակաշրջան ապրեց։ 1920 թվից սկսած ստացավ կենսաթոշակ և, այդպիսով, տնտեսապես ապահովվեց։ 1920 թվին ընտրվեց Էջմիածնի Գիտական ինստիտուտի իսկական անդամ, 1923 թ. մինչև 1930 թ. աշխատեց Հնությունների Պահպանության կոմիտեում իբրև անդամ և աշխատակից։ Այդ տարիներին նա մասնակցեց և ղեկավարեց մի քանի վայրերի պեղումները։ Երկու տարի աշխատեց Պատմական թանգարանում իբրև ճարտարապետական բաժնի վարիչ և գրեց «Երևանի Պետական Պատմական թանգարանի ճարտարապետական բաժնի համառոտ հատկանշական ցուցակ»-ը, որից և ներկա հրատարակության համար քաղել ենք մի քանի հուշարձանների համառոտ նկարագրեր։ Թորամանյանն իսկական անդամ ընտրվեց մի քանի ինստիտուտների՝ Կուլտուրայի պատմության ինստիտուտի, Պատմության և գրականության ինստիտուտի և այլն։ Այդ թվականներին տպագրվեց «Շինանյութերի և նրանց գործածության կերպը հին Հայաստանում» ուսումնասիրությունը։

1934 թվականին տոնվեց Թորամանյանի դիտական գործունեության 30-ամյակը և այդ առթիվ Հայաստանի կառավարությունը նրան տվեց գիտության վաստակավոր գործչի կոչում։

Կյանքի վերջին տարիներում նա սկսեց ամփոփել իր ուսումնասիրությունները, կազմելով մի ընդարձակ աշխատություն՝ «Նյութեր հայ ճարտարապետության պատմության» խորագրով, որն ընդգրկելու էր իր ուսումնասիրությունների բոլոր հիմնական հարցերը։ Սակայն այդ խոշոր գործը չկարողացավ ավարտել։

1934 թվի մարտի 1-ին Թորամանյանը վախճանվեց յոթանասուն տարեկան հասակում։

ԿԱՐՈ ՂԱՖԱԳԱՐՅԱՆ