աստիճանի վրա կգտնվեր, քան Դվինը։ Կաթուղիկեն՝ հինցած, նորոգություններով ու կարկատաններով աղճատված, գեղարվեստական ճաշակե միանգմայն զուրկ: Վերջին անգամ ինքն է եղեր, որ նորանոր փոփոխություններով ընդարձակեր և փոքր ինչ հաճելի երևույթ է տվեր: Քանդել և վերաշինել դժվար էր, եթե հնար իսկ լիներ միայն կաթուղիկեին համար, արդյոք շուրջը պիտի գտնե՞ր այնքան ընդարձակ հող, ուր Ներսեսի երևակայության թռիչքները ազատ ասպարեզ գտնեին սավառնելու:
Թեև Ներսեսի ժամանակ Վաղարշապատը ժողովրդի համար այնքան ալ նվիրականացած չէր իբրև Էջմիածին կամ կաթողիկոսական նախաթոռ, որովհետև, եթե այդպես լիներ, մեր կաթողիկոսներ առանց խղճահարվելու դարերով չէին թափառեր Էջմիածնեն Դվին, Դվինեն Աղթամար, Աղթամարեն Արգինա, Անի, Ծամնդավ, Հռոմկլա, Սիս, հուսկ հետո միայն Վաղարշապատ. նաև Ղազար Փարպեցիեն գիտենք, որ Վահան ինքը հիմանց նորոգեց կաթուղիկեն «իբրև զհնացեալ գործ նախնեաց», սակայն կաթողիկոսական աթոռը հաստատել տվավ Դվինի մեջ, այնուամենայնիվ Ներսես իր աթոռը փոխադրելով Վաղարշապատի առապարը, նա բոլորովին հասարակ տեղ չէր ընտրած. նույնպես ժողովրդական ավանդությամբս ոչ միայն սրբագործված մի տեղ էր Տրդատի և Գրիգորի հանդիպմամբ, այլև այնտեղ, թերևս նույնիսկ այդ հիշատակին համար կանգնված էր մի եկեղեցի, մկրտարան և ուրիշ հարակից շինություններ, որոնք այսօր հայտնագործվեցան պեղումներով։
Եթե այն ժամանակվան ժողովրդի ավանդական սրբություններու հանդեպ մեղանչած լիներ Ներսես, անտարակույս պետք էր խստությամբ դատապարտեին զինքը և, ընդհանուր հալածանքի ենթարկելով՝ նույնիսկ կաթողիկոսական գահեն զրկեին։ Սակայն այդ բանը ոչ միայն տեղի չի ունեցեր, այլև ընդհանուր գովասանքի է արժանացած իր մեծագործ հրաշապայծառ եկեղեցին։ Ուրեմն, Սեբեոսի շինած եկեղեցին և կաթողիկոսարանը ըստ ամենայնի ընդունելի պիտի լինեին ժողովրդի աչքին, եթե նա չմեղադրվեր դեպի քաղկեդոնականություն ունեցած հայտնի հակումով, որուն պատճառը թերևս ավելի հայրենասիրական էր, քան կրոնական համոզումը: Ներսեսի նման կատարյալ աշխարհաքաղաքացիի և զինվորական անձնավորության համար կրոնամոլության արատ վերագրել միանգամայն աններելի է, ամենայն հավանականությամբ Ներսես հունաց հետ կրոնական մերձեցման մեջ կտեսներ ազգին ֆիզիկական փրկությունը և այդ համոզման համար երկար տարիներ հալածվելով Թեոդորոս Ռշտունիի նման հզոր ախոյանե մը, ինքզինքը կամավոր աքսորի դատապարտեց վեց տարի՝ մինչև իր ախոյանի մահը։ Ձախող բախտը, կարծեք, հատկասլես կհալածեր Ներսեսին, և անհնարին դառնալու չափ արգելքներ կելլեին իր ծրագրի լիակատար հաջողության դեմ։ Թե ո՞ր աստիճան գործը առաջ գնացած էր՝ այդ հետո կտեսնենք, այնուամենայնիվ դեռ լիովին չվերջացած, 651 թվականին Թեոդորոս Ռշտունիի հունաց կայսեր դեմ ապստամբելը Հայաստանը այնքան փոթորկեց, որ մինչև իսկ Կոստանդ կայրսը 652 թվականին մեծ զորքով Հայաստան եկավ՝ հայությունը ջնջելու համար: Ներսես, ամեն ինչ մոռցած, փութաց ընդառաջել կայսեր, անոր ահեղասաստ բարկությունը մեղմելու և Հայաստանին սպառնացող սոսկալի աղետը կանխելու համար:
Ահա այս առթիվ մինչև իսկ զիջավ չարաբաստիկ հունածես հաղորդության, որը եղավ իր անձին միակ արատն ու մեղադրելի պարագան։
Թեև հաջողեցավ Հայաստանը կոտորածե ազատել, սակայն, հակահունական ուժեղ կուսակցության ձեռքեն ազատվելու համար, կայսեր հետ հեռացավ Պոլիս, այնուհետև ալ վերադարձավ Տայք, իր հայրենի երկիրը 653 թվականին՝ կայսեր Հայաստան գալու հետևյալ տարին։ Ներսեսի հեռանալովը գործը կանգ չառավ։ Շինության շարունակությունը Ներսես հանձնեց իր սենեկապետ Անաստաս Ակոռեցիին (հետո իրեն հաջորդ կաթողիկոս), որը շարունակեց մինչև Ներսեսի վերադարձը՝ առանց սակայն վերջացնել կարենալու։
Ներսեսի այս հանձնարարությունը կարող էր ճիշտ լինել, սակայն երբեք հավատալի չէր առանձնապես տաճարի շինության նկատմամբ, որովհետև ոչ Ներսես կարող էր հավատալ Անաստասին այնքան փափկաճաշակ և խոր հմտություն պահանջող գործը և ոչ ալ Անաստաս կարող էր հանձն առնել իր գիտակցութենեն և կարողութենեն վեր մի գործի պատասխանատու ղեկավարությունը, նամանավանդ, եթե հավատանք Մովսես Կաղանկատուացու այն տեղեկությանը, թե կայսրը ճարտարապետին իր հետ միասին տարավ Կ. Պոլիս, այն ժամանակ բոլորովին պարզ կլինի, որ Անաստաս չէր կարող այդ տեսակ մեկ գործ մը գլուխ հանել առանց ճարտարապետի:
Զվարթնոց տաճարը և շրջակա շինություններու մեծ մասը ոճի և ճաշակի տեսակետով անհունապես կտարբերին մեկզմեկե։ Ով որ արվեստագիտական աչքով կդիտե՝ կտեսնե, որ տաճարի ամեն մի քարի վրա առանձնապես դրոշմված է Ներսեսի հատուկ ճաշակը և ճարտարապետական ու գեղարվեստական հմտությամբ օժտված ղեկավարի մը շնորհքը։ Այդ շնորհքը կամ գիտությունը Զվարթնոցի ինքնուրույն ոճին վերաբերմամբ Անաստաս երբեք չէր կտրող ունենալ, որովհետև Անաստասի մասին պատմագրական մեր տեղեկությունը անոր շատ սահմանափակ զարգացումը կապացուցանե, բացի այս, հավանական պատճառներ ալ կան, որ մինչև Ներսեսի հեռանալու ժամանակն արդեն եկեղեցին գրեթե ավարտված էր։ Գուցե պակաս մնացած էին հատակումներ, գունավորումներ, արտաքին plate-forme-ի աստիճաններ և մոտակա շինություններու մասեր, որոնք կարելի էր հավատալ մի երկրորդ անձնավորության, որն որ փոքր ինչ փորձված էր շինարարական աշխատության մեջ։ Ուրիշ հանգամանք մը ևս ինկատի ունենալ անհրաժեշտ է այս մասին։ Ներսեսի բացակայության ժամանակ մի՞թե Անաստաս Ակոռեցին կարող էր Զվարթնոցի նման ահագին գումարներ պահանջող շենքին նյութական միջոցներ հասցնել, երբ ինկատի ունենանք, որ հայոց կաթողիկոսներու նյութական աղբյուրները ժողովուրդն էր։
Քաղաքական անցքերեն հայտնի էր, որ ժողովուրդը