Էջ:The Architecture, Tom 1.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և սաբեականից» (Le ... de Vogüé. Syrie Centrale. Tome premier, page. 65).

Պարսկաստանում կատարած ճանապարհորդության ժամանակ Դիեոլաֆուայի հավաքած նշանների մասին նա գրում է (Թախտը Մադեր Սյուլեյման անունով շենքի մասին խոսելիս). «Թախտի անկատար մնացած պատերի մեծ մասի երեսին նշանագրեր են գտնվում, որոնք ոչ մի այբուբենի չեն պատկանում։ Այդ կոպիտ ձևով խորափորված նշանները անշուշտ թողել են քարտաշ բանվորները՝ իրենց հաշիվների կարգադրության իբրև հիմք ծառայեցնելու համար։ Էկբատանից եկող աղյուսների և Բիսութունի ժայռերի վրա ևս տեսնվում են թախտի նշաններին բոլորովին նմանները, որոնք ապացուցանում են, որ թախտի մեջ աշխատող բանվորները պարսիկ կամ մեդացիներ էին» (L'Art antique de la Perse. Par Marcel Dieulafoy. Première partie, page 11).

Հեղինակը, այդ նշանագրերի մասին խոսելիս, իր մի ծանոթության մեջ գրում է հետևյալը. M. Choisy (L’art de batir chez ies Byzantins, էջ 171) հայտնում է բազմաթիվ բանվորական նշաններ՝ հունական, հոնիական և բյուզանդական հուշարձանների վրա։ Քարերի վրա նշաններ դնելու սովորությունը, որոնց հետքը ես գտնում եմ Պարսկաստանի մեջ, կարծում եմ, որ հունական ծագում ունի. այդ սովորությունը տարածվեց Միջերկրականի կողմերը, բայց երբեք գործածական չեղավ Արևմուտքի մեջ։ Այս նշանները մեզ ցույց են տալիս մասնավոր հաշվապահության մի կերպը հելլենական ցեղերի հակումներին և սովորություններին ներդաշնակ. հիրավի, թվում է, թե հույն բանվորը վճարվում էր ընդհանուր սակագնով (á la tache) և ոչ թե օրավարձով, ինչպես ընդհակառակն էին Գալլո-րոմեն բանվորները»։

Զվարթնոցի քարերի վրա միայն հինգթևյան աստղերը չեն, որ գոյություն ունեն. կան նաև ուրիշ բազմաթիվ նշանագրեր, որոնք հավաքել եմ հնարավոր եղածին չափ։ Հավանական է, որ Զվարթնոցի նման մի մեծ շենքի վրա գտնվեին ավելի նշանագրեր, քան ես հավաքել եմ, սակայն, քանի որ հարյուրավոր տարիներ այդ ավերակը իբրև քարահանք է ծառայել շրջակա գյուղերին, նույնիսկ Էջմիածնին, բնականաբար, անհայտացած քարերի հետ պիտի անհետանային նաև այդ նշանագրերը։

Պատերի մեջ տակավին հաստատուն մնացած քարերի վրա գտնված նշանագրերն անվրեպ կերպով պարզում են, թե ո՞րչափ որմնադիր և քարտաշ վարպետներ են աշխատել այնտեղ, շինարարական քանի՞ մասերի էր բաժանված ամբողջ շենքը, և որ նշաններն ունեցող վարպետները ի՞նչ բացառիկ հմտություններ ունեին քարտաշության և որմնահյուսության արհեստի մեջ։ Հինգ թևով աստղ (№2) նշան ունեցող վարպետը ճարտար և հմուտ է եղած կոր և գոգավոր քարեր տաշելու և շարելու մեջ, որին հանձնվել է բացառապես չորս գմբեթակիր մեծ մույթերի հետևի կիսաբոլորակ խորշերի և տաճարի արտաքին պատերի ներքին երեսների բոլոր կոր և գոգավոր քարերը տաշել և իրենց տեղը շարել։ Նմանապես № 6 նշան ունեցող վարպետը տաշել և շարել է տաճարի ներսի երեսի վրա եղող որմնասյուները իրենց խարիսխ և խոյակներով, որոնց վրա հաճախ փորված են այս նշանները։ Վերջապես, դեռ չքանդված մասերի վրա եղած նշանները պարզ ցույց են տալիս աշխատանքի բաժանումները. իսկ պատերից անջատված և կուտակված քարերի վրա եղած նշանները մասնագիտորեն քննելով, ամենևին դժվար չէ որոշել, թե շենքի որ մասերին էին պատկանում նույն քարերը։ Զվարթնոցի ավերակները այցելողները, եթե հետաքննին աչքով նայեն, ամեն քայլափոխում կտեսնեն քարերի վրա խազված նշանները, բայց միայն մասնագետին հասկանալի է, թե որ մասին են պատկանում սույն քարերը։

Վերև առիթ ունեցա հայտնելու, որ Հայաստանի միջնադարյան շենքերի քարերի վրա բանվորական նշաններ փորելը սովորական էր դարձած ամեն կողմ: Զվարթնոցի քարերի վրա եղած նշանների ճիշտ նման բանվորական նշանները գրեթե գոյություն ունին 7-րդ դարում կառուցված բոլոր շենքերի վրա։ Թալինի՝ Ներսեհ Կամսարականի շինած փոքր եկեղեցու (մեծ եկեղեցին դեռ քննված չէ այս տեսակետով) շենքի (այժմ հնագիտական թանգարան) քարերը կրում են Զվարթնոցի նշաններից № 5, 6, 7, 12, 19, 26, 27, 28։ Երբեմն նշանների փորագրության կերպը և չափերն այնքան նման են Զվարթնոցի նշաններին, որ մարդ իրավամբ հակված է հավատալ, թե ոչ միայն ժամանակակից են այդ շենքերը, այլև նույն շենքերի մեջ աշխատել են միևնույն վարպետները, միայն քարտաշության տարբեր ճյուղի աշխատանքներով: Զվարթնոցում № 12 նշանն ունեցող վարպետը փոխարինել է Թալինի մեջ Զվարթնոցի № 2 նշան ունեցող վարպետին։ Այս վարպետը գրեթե ամբողջովին շինել է շենքի հյուսիսային կողմին կից արտաքին աբսիդի թե աղեղները և թե գոգավոր քարերը, իսկ Ադյամանում միևնույն № 12 նշան ունեցողն է, որ շինել է տաճարի բոլոր աստիճանները և արևմտյան ճակատի ստորին երկու շարք քարերը։

Զվարթնոցի № 6 նշան ունեցող վարպետն է, որ անպայման աշխատել է Հաջիղարայի հնագույն եկեղեցու շինության մեջ, որովհետև նույն նշանը փորված է կիսավեր շենքի այժմ կանգուն արևելյան պատի մի քանի քարերի, նաև հյուսիսային կողմի աստիճանների վերև՝ ստորին շարքի վրա։

Թալինի թանգարան-եկեղեցու շինության ժամանակը հայտնի է իր վրայի արձանագրությունից (7-րդ դար), սակայն Ադյամանի և Հաջիղարայի եկեղեցիների շինության ժամանակը հայտնի չէ, միայն ճարտարապետական ոճն ուսումնասիրելով, գտնում ենք, որ նրանք ևս պատկանում են 7-րդ դարուն։ Այս երկու տաճարների մեջ աշխատող վարպետները (№ 6 և № 12)) անտարակույս, ավելի ուշ ժամանակ են գործել Զվարթնոցում, որովհետև 7-րդ դարի ճտրտարապետական ոճը նույն դարի կեսից հետո ենթարկվել է մի նոր վերածնության, որուն առաջին օրինակն եմ համարում Զվարթնոցը։ Իսկ Հաջիղարան, Ադյամանը և Թալինի փոքր եկեղեցին միանգամայն պատկանում են նախքան վերածնության հին ոճին։

Բյուրականի մոտ, մի ձորում (եթե չեմ սխալվում՝