Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Զ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱՌՈՏ ՀԱՏԿԱՆՇԱԿԱՆ ՑՈԻՑԱԿ[1]
ԱՌԱՋԱԲԱՆ

Ներկա աշխատությունս մի ամբողջական ուսումնասիրություն չէ Հայաստանում իրագործվող ճարտարապետական արվեստի մասին, այլ թանգարանային մի հատկանշական ցուցակ, որն իր մեջ պիտի բովանդակե նշանավոր հուշարձաններից յուրաքանչյուրի անունը, գտնված տեղը, շինողի անունը և շինության ժամանակը։ Կարող է պատահել, որ շինողի անունը և շինության ժամանակն անհայտ լինեն. շինարարական արվեստի համեմատությամբ անվրեպ որոշված կլինի շինության դարաշրջանը։ Բայց ամենից ավելին, որ ցուցակիս հատկանշական նպատակն է, մատնանշված պիտի լինեն ճարտարապետական և գեղարվեստական մասերը։ Հնարավոր դեպքում հուշարձանների հատակագծերի հետ միասին պիտի դրվեն չափական գծագրությամբ գեղարվեստական կտորներ իրենց պատկանած վերածնությունների և դարաշրջանների ծանոթությամբ։ Այս կերպով պատրաստված մի ցուցակ, երբ արվեստագետն իր ձեռքին կունենա, հուսալի է, որ հնարավորություն կունենա որոշելու թե օտարամուտ ձևերը, թե տեղական ճաշակի ենթարկված փոփոխությունները և թե զուտ տեղական ստեղծագործությունները ճարտարապետական ու շինարարական արվեստի մեջ:


1. Գառնի

Նշանավոր պատմական հին ամրոց է Գառնին, մեր պատմագիրներեն շատերը անմատոյց ամուր կամ հզօր անունն են տալիս այս անմատույց վայրին։ Դեռ նախաքրիստոնեական շրջանին ևս անառիկ ամրոց լինելուն տեղեկություններ կան, սակայն վերջին անգամ, հայոց թագավոր Տրդատը, ըստ Մ. Խորենացիի, նոր բերդ շինեց, միջի իր արքունիքով միասին, նաև մեկ հովանոց «ի համար քեռ իւրոյ Խոսրովիդխտոյ» կամ սարասոյթ հովանոց Տրդատայ անունով շքեղ մի սյունազարդ անդաստակով և քարյա ինն աստիճան սանդուխով բարձրացող միայն մի բաժանմունքից բաղկացած առանձին սենյակ։ Բերդը բավական ընդարձակ է, և մեծ մասամբ պարիսպները գոյություն ունեն տեղին վրա, որը շատ ճիշտ նկարագրած է Մ. Խորենացին, թե՝ «Կատարէ Տրդատ զշինուած ամրոցին Գառնոյ զոր որձաքար և կոփածոյ վիմօք, երկաթագամ և կապարով մածուցեալ» և այլն։ Այժմ այդ պարիսպներեն մեծագույն մասը գոյություն ունի տեղին վրա տաշված հինգ որձաքարի հսկա հատորներով կազմված, իսկ քարերի երկաթի կապերը, հայտնի չէ թե որ ժամանակ, չարաշահ մարդիկ բոլորը հաներ են իրենց ծայրերի ամուր ձուլածո կապարով միասին։

Նույնպես երկաթե կապերով միացած էին հովանոցի պատի քարերը, որոնք երևում են պատերի մնացորդների վրա։ Քննողներեն ոմանք կարծեցին, որ այսչափ շքեղ սենյակը հավանական է, որ հեթանոսական տաճար լինի, բայց հաստատ տվյալներ կան, որ բնավ կռապաշտական տաճար չէ, այլ արքայական ընդունելության դահլիճ և կամ, ինչպես Խորենացին է ասում, հովանոց էր։ Այժմ եթե շփոթության մի պարագա կա, այն է՝ թե ո՞ր Տրդատն է շինողը։ Ըստ Մ. Խորենացու՝ Տրդատ Գ.-ն է, սակայն պատմական քննադատությամբ ապացուցանողներ ալ կան, որ Տրդատ Ա.-ն է շինած թե ամրոցը և թե հովանոցը 1-ին դարուն, Հռոմից բերած ճարտարապետներով. և սա, ըստ թվականին, հավանական է երևում, որովհետև հռոմեական կամ հին հունական ոճով այսչափ ճշտությամբ շենք չէր կարող շինվել Հայաստանի սրտին վրա, առանց Հունաստանից մասնագետ վարպետ բերելու։

Մեհյան կարծողները երևի հետևցնում են սրահի մի բաժանում ունենալեն, սակայն սա հին հունական ձև է, որ բոլոր թագավորներ ունեցեր են այս ձևի ընդունելության սրահներ, ուր կնստեին լսելու համար ժողովրդի դիմումները։ Շատ քչերը այս շենքերից ունեցեր են մի փոքր նախագավիթ և այդ՝ թագավորական ընդունելության դահլիճն էր, որ անվանվում էր տաճար:

Որչափ շքեղ և գեղարվեստական էր շինված այս

  1. Այս աշխատությունը Թորամանյանը գրել է Պատմական թանգարանի ճարտարապետական բաժնի վարիչ եղած ժամանակ, հավանաբար 1930-1932 թվերին, որ անտիպ է մնացել մինչև այժմ: Ցուցակին ավելացրել ենք «Երվանդաշատ և Երվանդակերտ» (արտատպում ենք «Ախուրյան» թերթի 1909 թ. № 65-ից), «Հայ ճարտարապետությունը Անիի և Երվանդակերտի մեջ» (արտատպում ենք «Ախուրյան»-ի 1909 թվի № 57-ից). «Որն է իսկական Հոռոմոսի վանքը» (արտատպ. 1911 թվին լույս տեսած գրքույկից) և «Ապուղամրենց սբ. Գրիգոր» հոդվածները: Ցուցակից դուրս ենք թողել Տեկորի, Էջմիածնին և ուրիշ վերաբերող հոդվածները, որովհետև այդ հուշարձանները սույն ժողովածուի մեջ ներկայացրել ենք ավելի հիմնավոր աշխատություններով: ԿԱԶՄՈՂ