Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գյուղացիները մի մասը քանդեր և տարեր էին, մաս մ'ալ այնտեղ պեղած էին տանելու համար, այս դիզված քարերուն ալ մեծ մասը արձանագրված էին։

Այս արձանագրություններու տառերու ոճեն և մատուռի շինության ոճեն հայտնի էր, որ 13-րդ դարեն առաջ չէին։

Այլևս կասկած չկար, որ այս կողմը ապրել է մարդկային մի հոծ բազմություն, և մարդիկ դարեր շարունակ ժայռեր ու ապառաժներ փշրեր, ասդին անդին տեղափոխեր են կյանքի հարմարություններ ստեղծելու համար, իսկ գետեզերքի մի երկար շերտը մշակեր և պարարտացուցեր են հողը, ուր այսօր ալ անթիվ պարտեզներ և մրգաստաններ առատորեն կպտղաբերեն:

Հաջի-Բայրամ գյուղին մեջ հնագույն շինությանց հետքեր չերևան, բացի մի բրգաշար բերդի մնացորդե, այն ալ շատ նոր ժամանակ պարսիկներու ձեռով շինված, ուրիշ ամեն բան քարուքանդ եղած է բնիկներու ձեռքով։ Գյուղը, կարելի է ըսել, ամբողջովին շրջապատված է պարտեզներով և բանջարանոցներով, ասոնց բոլորտիքը իբրև շրջանակ շարված են հին շինություններե քանդված մեծազանգված քարեր, որոնց վրա պահված են տակավին երկաթի կապերու տեղերը գրեթե նույն ձևով, ինչպես որ Անիի մեջ գոյություն ունի միջնաբերդի՝ Ծաղկոցաձորի կողմի դռան քառակուսի բուրգերու վրա։ Այս վերջիններն ալ հավանաբար Բագրատունյաց օրով ուրիշ տեղե քանդված ու բերված են՝ այդ դռան երկու կողերին քառակուսի բուրգեր շինելու համար։

Օրվան սաստիկ շոգը և ժամանակին կարճությունը զիս կստիպեին հեռանալ այս հետաքրքրական վայրերեն, ուր մեզ համար պատմական շատ թանկագին նյութեր կան հետազոտելիք: Բերդի գլուխը բարձրանալ ուրիշ հարմարագույն առիթի թողնելով, հնարավոր չափով արձանագրեցի ստորին մասերու ընդարձակ տարածության վրա գտնված նյութերը, որոնք անհրաժեշտ էին: Բացի զանազան դարերու նմուշ շինությանց մնացորդներե, շատ կան նաև թե քրիստոնեական և թե հեթանոսական շրջանի գերեզմաններ: Մասնավորապես ուղղակի Արաքսի հանդեպ գտնված ընդարձակ զառիվայր լանջը ուսումնասիրության խիստ շատ բան կպարունակե:

Վերադարձիս, երբ անցա կամուրջը, այս անգամ տարբեր ճանապարհով բարձրացա դեպի Բագարան տանող սարալանջը, գոնե անգամ մը ևս աչքի անցնելու համար, թե մի գուցե սխալված եմ քաղաքի մը գոյության հետքեր չտեսնելու մեջ։ Սակայն այս անգամ ալ արդյունքը նույնն էր, միևնույն անվար, անմշակ և ապառաժոտ պատկերը կներկայանար։ Ուստի այն օրեն ի վեր ակամա հարց ծագեցավ մտքիս մեջ, թե ուր էր Երվանդաշատը։ Եթե այդտեղ գտնվեր մի մեծ մայրաքաղաք, անհնար էր, որ այդպես բոլորովին հետքը կորսվեր։

Այս տարակույսը տևեց այնչափ ժամանակ, մինչև որ բարեպատեհ առթիվ մը Անիի մեջ հանդիպեցավ ինձ հարգելի պատմաբան պ. Կ Կոստանյանց, որուն դիմեցի տարակույս որևէ կերպով փարատելու և պատմական տեսակետով բացատրելու այս երևույթը։

Հարգելի գիտնականը շատ բնական գտավ այս երևույթը և բացատրեց, որ արդեն սխալ է Երվանդաշատը Ախուրյանի աջ ափին վրա փնտռելը։ Արշակունի թագավորաց հողային սահմանը կհասներ այդ կողմեն մինչև Ախուրյանի ձախ ափը, իսկ աջը կպատկաներ ուրիշ նախարարական և իշխանական ցեղերու, հետևաբար մի Արշակունի թագավորի համար դժվար էր