հայ շինություններու ամենահին շրջանին կվերաբերին։ Շինությունը թեև երկհարկանի է եղած, սակայն շատ փոքր է և միայնակ մնացած է բլրի մը գլխին։ Հեռու կամ շատ մոտ հատ-հատ կերևին մանր-մունր շինությանց մնացորդներ, սակայն այս ամենը բավական չեն բնավ Խորենացիի այնքան ներբողած Երվանդաշատի մնացորդները համարվելու համար։
Գետի այս կողմը, ընդարձակ տարածության վրա, եթե համեմատենք Խորենացիի նկարագրության հետ, իբրև բերդ և կամ իբրև քաղաքատեղի, արդյունքը շատ հակասական դուրս կուգա։ Ոչ միայն բերդի և քաղաքի հետքեր չկան, այլև ի բնե իսկ բնական հարմարություններ ամենևին չեն եղած այս տեղին վրա քաղաք կամ բերդ շինելու։ Քարքարոտներու և բնական ապառաժներու խառնուրդ, կատարյալ քաոս մը կներկայացնե բնության այս վայրենի անկյունը, որուն վրա ոչ խիտ շինություններ կարելի էր շինել և ոչ ալ կանոնավորապես հող մշակել:
Չի կարելի նաև ենթադրել, որ բնության որևէ պատահար հետին ժամանակներու մեջ կերպարանափոխած է այդ տեղերը, առաջին ակնարկ մը բավական է համոզվելու համար, որ անհուն ժամանակներե ի վեր նույնը մնացած է մինչև այսօր։
Գետափին ամբողջ երկայնությամբ մինչև Արաքսի ափը, թերևս նեղ շերտի մը վրա գտնվեր փոքրաթիվ բնակչություն և հանդիպակաց ափին վրա գտնված քաղաքին մի քաղաքամասը կազմեր, բայց ընդունել իբրև մի առանձին քաղաք Երվանդաշատ անունով, առայժմ, իմ կարծիքով, շատ դժվար է առանց մանրակրկիտ և ուշադիր քննության:
Երբ անցա Ախուրյանի ձախ ափը, արդեն ամեն բան կերպարանափոխ եղավ, ամեն քայլափոխին կնկատվեին մեծամեծ շինությանց հետքեր՝ ցրված մինչև Հաջի-Բայրամ գյուղի ստորին սահմանները։ Գետեզրի հետ միասին մինչև Հաջի-Բայրամ ձգվող բարձր սարը այսօր ալ ինքնին մի մեծ բերդ կարելի է համարել, և ամեն հարմարություններ կներկայացնե ի հնումն բոլորովին անառիկ դարձնելու։ Արդեն կատարին վրա ամբողջ երկայնությամբ կերևին որձաքարերով հյուսված ահավոր պարիսպներու մնացորդները, որոնք տեղ-տեղ 4-5 մետր բարձրությամբ կերևին:
Բացի սարը վերևեն շրջապատող պարիսպներեն, նաև կերևին առանձին մեծ բերդամասերու բաժանումներ՝ լանջի զառիվայրեն դեպի ցած ձգված, որոնց մի տեսակ նմանություններն են Անիի միջնաբերդի ստորոտի բաժանումները Ղըզ-Ղալայի հանդեպ։
Հին կամրջատեղիեն վերև է շինված այսօրվան կամուրջը և գրեթե վերջին սահմանին վրա հին քաղաքին, որովհետև ձախ ափի վրա ալ ասկեց վերև այլևս հարմարություններ չկան ոչ բնակության և ոչ ալ մշակության։
Կամուրջի մոտ բարձր դիրքի մը վրա կան շատ մը շինությանց մնացորդներ, որոնցմե մեկուն տեղական բնակիչներ ավանդաբար պալատ անունը կուտան։ Թեև բավականին հին շինություն է և զարմանալի կերպով մեծամեծ որձաքարերով հյուսված, սակայն պալատ համարվելու ամեն առանձնահատկութենե զուրկ է. թերևս եղած է մի մասնավորի մեծ բնակարան. երկհարկանի և քանի մը բաժանումներով։
Այս շինութենեն քիչ վերև կա մի մատուռի ավերակ, որուն հյուսիսային պատը ամբողջովին ընկած է գետնի վրա առանց քայքայվելու, և ներքևը կտեսնվի մի մեծ արձանագրություն՝ ամբողջ պատը ծածկած։ Անհնար եղավ կարդալ, պետք էր մի առ մի քարերը քանդել և վերստին շարել հարթ գետնի վրա, որուն համար ես հնարավորություն չունեի։ Արդեն Հաջի-Բայրամի