Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելցած մասեր են, մանավանդ արևմտյան մասերի հավելվածը, որ բուն անկախ կերպով կառուցվել և միացվել է մայր շենքին, անվիճելի կերպով 5-րդ դարու ոճով, մինչդեռ բուն շենքի վերևի մասը սիրիական ճարտարապետության ազդեցության տակ լինել կթվի:

Հինգերորդ դարու ոճը առաջին վերածնությունն է, կիկլոպյան անտաշ ձորերից շինված շենքերից հետո, կամ թե գեթ այդպես ենք համարում, որովհետև տակավին մեզ հայտնի չէ, թե 5-րդ դարուց որչափ առաջ շինությունները այն կատարելության հասան, ինչպիսիք են մինչև 5-րդ դարու քրիստոնեական շրջանի շենքերը։ Պարզ է, որ 5-րդ դարուց դեռ մի քիչ առաջ ճարտարապետական շրջանում ձգտում եղած է նոր ոճ ստեղծելու. ահա այդ ձգտումի հետևանքով է, որ մինչև 7-րդ դարու կեսը կանգնված շինությունները մի տեսակ խարխափման մեջ են 5-րդ դարու ոճի մեջ օտար ոճերի պատվաստման փորձերով, ինչպես՝ հունական, սիրիական, պարսկական և այլն և այլն։ Սակայն արևելյան ոճերը միշտ մեծ տեղ են բռնել հայ ոճին մեջ։

Որչափ որ մասնակի նորոգություններ եղել են Երերույքի շենքի վրա, այնուամենայնիվ իր արևելյան հատկանիշը չի կորցրել: Ներքին կողմը նեղ թևերի վրա կամարակապ ծածկված էր, իսկ միջին լայն թևը անպայման փայտածածկ էր առանց գմբեթի։ Արտաքին հյուսիսային և հարավային ծածկույթը անորոշ է, իսկ արևմտյանը, որ կարճ է և ցած, հայտնի է, որ կամարածածկ է եղած։ 5-րդ դարու ձևով են արևելյան կողմի նեղ ու երկար սենյակները, որոնք գրեթե մի դար հետո ուրիշ եկեղեցիներու մեջ միանգամայն փոխված են։ 7-րդ դարում լայնության և երկարության ավելի համաչափ համեմատություն են ստացած և արևելքից դեպի արևմուտք ավելի երկար են, քան 5-րդ դարու հյուսիսից հարավ երկնցած նեղ սենյակները (հատակագիծը տե՛ս նկ. 61)։

Այս շենքի վրա մեծ ուշադրություն դարձրեց ակադեմիկոս Ալ. Իվ. Թամանյանը, և լուսժողկոմ Առավյանի միջոցով, պետական օժանդակությամբ, մասամբ նորոգեց փլուզման վտանգ սպառնացող տեղերը։ Այս նորոգության ժամանակ շատ պարզ երևաց, որ եթե բարբարոս ձեռքերի կամավոր կերպով ավերումները չըլլային, անհնարին էր, որ այս շենքը ինքնին քանդվեր կամ վտանգվեր. մինչև երկու մետր կամ ավելի երկարությամբ տաշված քարեր ձեռք բերելու ագահ բաղձանքը առիթ է տվել այդ հուշարձանը քանդելու։

Շենքի արևելյան կողմը ուշագրավ է մի արհեստական լճի տեղը, որը մասամբ մնացել է մինչև այսօր։ Ինչպես երևում է, Երերույքը ջրի պակասություն էր զգում, թեև գետը մոտ էր, բայց ձորը խորն էր և ճանապարհը՝ դժվարին։ Հավանորեն անասուններին