Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծեր մարդիկ ևս հավաստում են, որ այդ հեղեղատի մոտիկ կա մի ուրիշ բևեռագիր արձանագրություն՝ կոթողանման առանձին քարի վրա, սակայն այս քարը անտերությունից կորել է կամ հեղեղատը փշրել և ոչնչացրել է կամ հողի տակ ծածկել։

Բլրի վրա կան զանազան դարերի կանգուն և կիսավեր հուշարձաններ։ Գյուղի հյուսիսային կողմը, մի բարձր տեղում, կա մի հուշարձանի մնացորդ, որ 7-րդ դարու շինություն է և մնացել է միայն հյուսիսային պատի մի մասը։ Արձանագրության հետք չի երևում, գուցե գտնվի, եթե շուրջը պեղումներ կատարվեն:

Երեք եկեղեցիների խումբը, որ ցածն է և գետին մոտիկ, մեծ շրջապարիսպով փակված է եղել մինչև գետի եզերքը: Այս երեք կիսավեր և ամբողջ եկեղեցիները, որ ճարտարապետական և գեղարվեստական տեսակետով առանձին կարևորություն ունին, մանավանդ վահրամաշեն մեծ կաթուղիկեն, անկասկած պատկանում են երրորդ վերածնության սկզբին։ Վահրամաշեն կաթուղիկեի ներսը գմբեթակիր գեղեցիկ որմնասյուներ ունի, որոնք առանձին վեհություն են տալիս ներքինին, իսկ արտաքուստ, ամեն կոզմից գեղեցիկ և նուրբ որմնասյուներով շրջապատված լինելուց զատ, դարաշրջանին հատուկ գեղեցիկ պսակով զարդարված է ամբողջ շրջապատը։ Չափազանց [ուշագրավ է] հարավ-արևելյան որմնասյան խոյակն իր ձևով և քանդակագործություններով։ Շենքի վրա գմբեթի արտաքին երևույթը առանձին կարևորություն ունի ճարտարապետական տեսակետով։ Շրջապատը վայելուչ սյունախուրձեր միացած են գմբեթի պատին իբրև որմնասյուն, իսկ վրաները պսակված են եռանկյունի ֆրոնտոններով. այս ձևը, որ 13-րդ դարու 4-րդ վերածնության մեջ հաճախ երևում է, այս երրորդ վերածնության մեջ գրեթե առաջին օրինակներից մեկն է. նույն ձևով է շինված Ամբերդի մյուս վահրամաշեն եկեղեցու գմբեթը։ Արևելյան կողմից քանդակազարդ է միայն խորանի պատուհանի շրջանակը, իսկ արևմտյան կողմից չափազանց հաճելի ձևով քանդակված են արտաքին դուռը և վերևի միջին պատուհանը։

Արևմտյան կողմը ունեցել է ընդարձակ գավիթ, իսկ այժմ անհետացել է, հազիվ երևում են գավթի հիմերը։

Եկեղեցիի արևմտյան կողմը, գավթից դուրս, երևում են ավելի հին շինությանց մնացորդներ. ի միջի այլոց երևում է նաև մի բոլորակ մեծ շինության հիմը, որու ինչ լինելը պարզելու համար անհրաժեշտ է պեղել։ Ցածը գտնված այս երեք եկեղեցիներից միայն մեկն է, որի շինողը հայտնի է։ Շինության հարավային պատի վրա եղած ընդարձակ արձանագրությունից երևում է, որ եկեղեցին շինողն է 10-11-րդ դարերում Վահրամ Պահլավունի իշխանը, ըստ արձանագրության՝ սկսել է 986 թ., վերջացրել է 1029 թ., որով 43 տարի տևած կլինի այս շենքի շինությունը մինչև ավարտը։ Ինչպես երևում է, շենքի հիմնարկությունից մինչև վերջնական ավարտը երկար ընդհատումներ եղեր են, որով ժամանակամիջոցը չափազանց երկարել է։ Թեև պետք է խոստովանել, որ շենքը ունի ներքուստ և արտաքուստ ճարտարապետական և գեղարվեստական պատասխանատու մասեր, այնուամենայնիվ այդ բոլորը կարող էին վերջանալ 10-12 տարում, եթե երկար ընդհատումներ չլինեին։

Շենքի շուրջը բացի Վահրամի ընդարձակ արձանագրությունից, կան նաև նվիրատվության շատ արձանագրություններ։ Եկեղեցիի կից շրջափակին մեջ կգտնվին Վահրամի և իր կնոջ տապանաքարերը՝ վրաներն արձանագրված[1]:

Վահրամաշենի հյուսիսային կողմը անմիջապես մոտիկ կա մի եկեղեցիի շենք, որը թերևս ավելի կանուխ է, քան վահրամաշենը, այնուամենայնիվ դարձյալ նույն դարուն և նույն երրորդ վերածնության չպատկանի։ Հարավային կողմը մի քանի քայլի վրա կա մի ուրիշ փոքր եկեղեցի, որը թեև թվական չունի, սակայն իր ոճը անվրեպ ցույց կուտա, որ թեև վահրամաշենից ավելի ուշ, սակայն միևնույն դարու, այսինքն 11-րդ դարու վերջերին շինված է։ Այս երեք եկեղեցիները շրջապատված են եղեր առանձին փակ պարիսպով։

Եկեղեցիներից դեպի հարավ, այժմյան գյուղերից դուրս, գետի վրա եղեր է ի հնումն կամուրջ, որ բավական հետաքրքրական է այն տեսակետով, որ ամբողջ գետի լայնության վրա միակամար շինված է եղեր. կամուրջի ձախ ոտքը ամբողջովին փլած է, սակայն աջ ոտքը տակավին բավական բարձրության

  1. Վահրամի տապանաքարը չպետք է շփոթել եկեղեցիի արևմտյան դռան մոտ այժմյան գոյություն ունեցող, ալեքսանդրոպոլցիների շինած տապանաքարի հետ. իր իսկական տապանաքարը ինքս գտել և լուսանկարել եմ, թեև մեջտեղից երկու կտոր եղած։