կա և ցույց է տալիս, որ մեջը ունեցել է պահնորդական սենյակներ, ինչպես Անիի կամուրջները։ Կամուրջից քիչ ավելի հեռանալով՝ կտեսնենք մի մեծ ավերակ, որուն մեջ կերևին, բացի բնակությունից, ձիթահաններ, ջրաղաց, եկեղեցի և այլն, որոնք ցույց են տալիս, որ բավական ընդարձակ մի արվարձան էր։ Ունի նաև ընդարձակ գերեզմանատուն, ուր հաճախ բնական ժայռաբեկորների վրա գրված են տապանագրերը։
Անիի ավերակներու մեջ հնօրյա գեղեցկություններից մի մնացորդ է, ի միջի այլոց, նաև Ապուղամրենց ս. Գրիգոր անվամբ բոլորաձև եկեղեցին Ծաղկոցաձորի եզերքին։ Շենքը շատ փոքր է, համեմատելով մյուս շենքերի հետ, սակայն այնքան ուշագրավ և հաճելի երևույթ ունի, որ չի կարելի առանձին տեղ չտալ մեր գեղարվեստական հուշարձանների շարքում։
Շենքը ներքուստ բոլորշի ձև ունի՝ վեց կիսաբոլորակ abside-ներով շրջապատված, և abside-ների դեպի տաճարի ներքինը միացման տեղում ունի գեղեցիկ և յուրահատուկ ոճով որմնասյուներ, որոնց խոյակները միանգամայն տեղական ստեղծագործության և ճաշակի արդյունք են։ Շենքի ներքին տեսքին վեհություն տվողը, հակառակ իր փոքրության, տրված բարձրությունն է, որու վրա ավելանալով գեղեցիկ մի գմբեթ, ընդհանուր ներդաշնակություն է տալիս ներքին տեսքին։ Խորանի ձախակողմյան abside-ին մեջ մի նկարչական մնացորդից երևում է, որ մի ժամանակ նկարազարդված է եղել այս սիրուն տաճարը, սակայն այս նկարազարդությունը անպայման շատ ուշ ժամանակ եղած է, որովհետև նկարների վերաբերյալ մեր կատարած հետազոտությունները մեզ այն եզրակացության են բերել, որ եկեղեցիներ նկարազարդելու սովորությունը 13-րդ դարում է միայն սկիզբ առել, թեև գրական տեղեկություններ կան, որ 7-րդ դարում հայոց եկեղեցիներում պատկերներ եղել են բոլորովին այլ նպատակներով, այնուամենայնիվ պատկերամարտության բովանդակ շրջանում հայերը գրեթե պատկերամարտ են եղել, և այս հաստատվում է Վահան կաթողիկոսի փախուստով։ 13-րդ դարում է, որ սկսում են պատկերներ երևալ հայոց եկեղեցիների մեջ, անշուշտ արևմտյան այլ քրիստոնյաների ազդեցության ներքո։ Շենքի արտաքինը ևս ունի իր որոշ գեղեցկությունը, յուրաքանչյուր ներքին abslde-ների միջոցին գոյացած պատի արտաքին թանձրության մեջ շինված են եռանկյունի խորշեր։ Արևելյան ճակատի վրա շենքի բունից դուրս շինված են երկու գեղեցիկ motif-ներ, որոնք կրկնակի գեղեցկություն են տալիս ճակատին:
Ընդհանուր ոճը ցույց է տալիս, որ տակավին հաստատված չէ երրորդ վերածնությունը, այլ երկրորդ և երրորդ վերածնության միջոցին է կանգնված այս շենքը և ավելի մոտիկ է երրորդին, ինչպես կան այս նույն թվականներին շինված այսպիսի մի քանի այլ շենքեր։ Երրորդ վերածնությունը, ինչպես երևում է, պետք է սկսել 10-րդ դարու կեսից, որու նմուշներն են Մարմաշենը, Անիի Առաքելոցը, Կաթուղիկեն և այլն։