Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս գողտրիկ շենքը շինողն է Գրիգոր Պահլավունին, որ հայրն էր պատմության մեջ անվանի Վահրամ Պահլավունի իշխանի, որը շինել է տվել Մարմաշենի և Ամբերդի տաճարները։

Այս շենքի հյուսիսային կողմը, մի ավերակ՝ երկու փոքր մատուռներով, որոնց անուններն են ս. Ստեփաննոս և ս. Քրիստափոր։ Ս. Ստեփաննոսի և ս. Քրիստափորի արանքում տեղավորված էր Գրիգոր Պահլավունիի գերեզմանը, իսկ այս երկու փոքր մատուռների առջև կար մի փոքրիկ նախագավիթ, ուր կային երկու մեծ և մի փոքր տապանաքար։ Հավանական էր, որ մեծ տապանքարերից մեկը, արձանագրված, Սեդայինն էր, իսկ մյուս փոքր տապանաքարը մանուկ Համզեինը։ Ինձ անհասկանալի մնաց, թե մյուս մեծ տապանաքարը ումն էր՝ արդյոք Գրիգոր իշխանի կին տիկնանց տիկին Շուշիկի՞նը։

Տաճարը ամեն կերպ անաղարտ է, միայն գմբեթի ծայրի խաչը պոկված է, և պոկելու համար մի քիչ խորը քանդված։ Թեք կտուրների վրա քարե ծածկերը տեղ-տեղ վնասված են։

21. [Հովիվի եկեղեցին]
[(Ժողովրդական ավանդություն)][1]

Հովիվի եկեղեցիի մասին ժողովրդական ավանդությունը մասամբ արդարացի է, թեև սա եկեղեցի չէ և ոչ ալ հովիվի մը շինած, այլ մի փոքրիկ շիրիմ, միջին հարկի վրա պատարագի սեղանով մը. սակայն, համենայն դեպս, նա կանգնված է 10-11-րդ դարերեն ոչ ուշ. այդ դարերուն պարիսպներեն ներս բնակություն ունենալ իշխաններու և ազնվականներու միայն մենաշնորհն էր, հասարակ ժողովուրդը պարիսպեն դուրս քարայրերու և բաց դաշտերու մեջ էր, որուն ապացույց են պարիսպներեն դուրս գտնված մեծատարած երկու հասարակաց գերեզմանատները, մեկը Ծաղկոցաձորի վրա, մյուսը՝ Հոռոմոսի ճանապարհի վրա, ձորին մոտիկ։ Իմ կարծիքով, Ալփասլանի կոտորածեն հետո, երբ գաղթականության բուռն հոսանքի ժամանակ պարիսպեն ներս բնակող մեծամեծները գաղթեցին. այն ատեն ներսը տեղ բացվեցավ հասարակ ժողովրդին, որը բնակություն հաստատեց պարիսպեն ներս՝ ապահովության համար, դուրսը թողնելով միայն այգիներ ու պարտեզներ։ Հետևաբար, այդ շիրիմը (Հովիվի եկեղեցին) կանգնողն անպայման հասարակ ժողովրդին պատկանող միջակ դասեն մեկն էր. ինքնին մեծածախս շինություն մը չէ արդեն, սակայն գաղափարի եզական հղացումով կարելի է ըսել, կգերազանցե Անիի բոլոր մեծ ու փոքր հիշատակարանները։

* * *

Անիի մեջ ամենահասարակ տներու դռների և օջախների վրա փորագրված զմայլելի քանդակագործությունները ցույց կուտան, որ այնտեղ իշխաններու և ազնվականներու միայն հատուկ չէր տենչը դեպի գեղարվեստը. ամեն դասի ժողովուրդ վարակված էր անոր սիրով։

Գագկաշեն ս. Գրիգորի եռահարկ տաճարի ամպածրար կաթուղիկեն երբ հսկա սլարիսպներեն եռապատիկ ավելի բարձրացավ, դուրսը, դաշտին մեջ իր ոչխարները արածող հովիվին սիրտը ուրախությամբ լեցվեցավ. ռամիկ հոգվույն բոլոր պարզությամբ դարձավ յուր կնոջ և հրամայեց աղոթելու գնալ նորակառույց արքայական տաճարի մեջ, կյանք և ողորմություն խնդրելու երկնավորեն առաքինի և մեծագործ թագավորին համար, որ պարծանք մը ևս ավելցուց հայ գեղարվեստի պատմության։ Սակայն երկար չտևեց այդ ուրախությունը, երբ իր բարեպաշտ կինն այդ արքայական փառաշուք տաճարին մեջ աղոթելու անարժան համարվելով դուրս շպրտվեց, հովիվը վրեժխնդրությամբ լեցված, աչքերը դարձուց դեպի արքայական պալատները և առյուծի մռնչյունով գոռաց. «Արքա հզոր, ես, խեղճ հովիվս, պիտի խորտակեմ քու ամբարտավանությունդ։ Դու հարստությունով, մեծությունով ու զորությունով կհպարտանաս, ես չնաշխարհիկ ճաշակովս պիտի կանգնեմ մի տաճար քու դիմաց, թեև փոքրիկ, բայց բոլոր փառքովդ պիտի նախանձիս անոր վրա. մարդիկ քու կանգնած վիթխարի զանգվածին առջև պիտի ապշին ու սոսկան, իսկ իմ տաճարիս առջև հոգեկան քաղցր զմայլումով պիտի համակվին. քուկինիդ խրոխտ գլուխը շուտով պիտի խոնարհի և սիրտդ ու հոգիդ պիտի թաղե իր փլատակներու տակ, սակայն իմ չնաշխարհիկ հանճարիս համեստ կոթողը մշտավառ աստղի մը պես դարուց ի դարս պիտի փայլի գեղարվեստական աշխարհի հորիզոնին վրա»։

Հովիվը հասած էր յուր նպատակին։ Շուտով կանգնեց ս. Գրիգորի նման եռահարկ մի մատուռ՝ արտաքուստ շուրջանակի զարդարված որմնասյաներով, գմբեթարթ կամարներով ու խորշերով, իսկ ներքուստ օժտեց մի այնպիսի աննման առավելությամբ, որն որ իր նախորդը չունենալեն զատ, իր հետնորդը հազիվ ունեցավ 15-րդ և 16-րդ դարերու գոթական արվեստին մեջ, այն ալ փայտի և երկաթի աջակցության շնորհիվ։

* * *

Հատակագիծը սիրուն աստղ կներկայացնե։ Առաջին հարկը ծածկված է որմնասյուներեն դեպի կեդրոն ձգվող վեց ամբողջ կիսաբոլորակ կամարներու միացումով՝ որոնք մեկզմեկ խտացուցած են կեդրոնին վրա, և միացման միջին կետին վրա սահմանված էր ջահ կամ կանթեղ մը կախելու՝ թերևս արքայական տաճարեն անարգանոք դուրս վռնդվող հովիվի և հովվուհիի գերեզմանին վրա մշտնջենական լույս սփռելու համար։

Արդյոք ո՞րչափ մարդիկ զարմանքով դիտեցին այս կամարները երբ տակավին շեն էր, և չէին վար թափեր

  1. Այս հատվածը քաղել ենք «Գեղունի»-ի մեջ հեղինակի հրատարակած «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն» վերնագիրը կրող հոդվածից: ԿԱԶՄՈՂ