Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անշաղախ հսկա որձաքարերով շինված երկու, բերդերե զատ, կա նաև մի ընդարձակ քաղաքի մնացորդ, որուն մեջ գտնված բնակարանները առանց բացառության միևնույն ձևով ու ոճով շինված են: Հիմնված մի շատ բնորոշ ապացույցի վրա, կհամոզվիմ, որ Կափըլիի բերդերը և քաղաքի մնացորդները նախաքրիստոնեական մնացորդներեն, թեև ի միջի պիտի ըսեմ, որ գյուղացիք միշտ կգտնեն այնտեղ հեթանոսական գերեզմաններ և ուրիշ իրեղեններ. նույնիսկ քարե դագաղներ գտնված են, որոնցմե մեկը անասնոց ջուր խմեցնելու համար իբրև քարե գուռ կգործածեն հիմա։

Պր. Մ. Նիկոլսկի իր հնագիտական արշավանքներու ժամանակ որոշ կերպով նկատեր է, որ ուրարտյան բևեռագիր արձանագրությունները առհասարակ փորագրված են անցորդներու աչքերեն վրիպող խուլ տեղերու վրա։ Ղանջիլայի բևեռագիր արձանագրության փորագրված տեղը «պարփակված չորս կողմից փոքր ժայռերով իբրև մի բնական գավիթ» խոսքով կբնորոշե[1]:

Արդարև, ժայռի մեջ հատկապես խորացած սենյակի մը կնմանի այդ տեղը, արևմտյան կողմեն նեղ անցքով մը հադորդակցելով դրսի հետ: Բայց, ինչպես կերևի, պ. Մ. Նիկոլսկիի աչքեն վրիպեր է այդ գավիթին հարավային պատին արհեստական շարվածք լինելը։ Իսկապես ալ, իրարու վրա դրված քարերը այնչափ խոշոր են և խառնված մասամբ հողի հետ, որ առաջին հայացքով դժվար է տեսնել անոր արհեստական շարվածքը, եթե հատկապես չքննվի։

Ղանլիջայի արձանագրությունը, որ մեր թվականեն ութ դար առաջ Արգիշտի Ա-ի փորագրել տվածն է, անկասկած, այդ արձանագրության անեղծ պահպանության համար նույն Արգիշտին շարել տվել է հարավային պատը։ Ահա այս պատի շինության ոճը երբեք չի զանազանիր Տեկորի, Բագարանի, Երվանդակերտի և Կափըլի գյուղի բերդերու անհայտ ժամանակ շինված պատերու շարվածքեն։ Երվանդակերտի մեջ եթե մի տարբերություն կա, այն ալ քարերուն երկաթի կապերով (crampon) իրարու կապված լինելն է, շատ մը քարերու վրա անեղծ մնացած են կապերու տեղերը։ Այս ոճը ես պիտի անվանեմ հայ արվեստի կիկլոպյան շրջանի արվեստ։

Պր. Մ. Նիկոլսկի կհավաստե նախաքրիստոնեական շրջանի պատկանող սրբատաշ որձաքարերով պատերու գոյությունը, որոնք ինծի հայտնի չեն, սակայն, անշուշտ, հսկայական անտաշ որձաքարերով կիկլոպյան պատերու զարգացումն են սրբատաշ որձաքարերով պատերը։ Բայց սրբատաշ որձաքարի գործածությունը ո՞ր դարուն սկսած է, այդ մասին կարելի է մոտավոր ենթադրություն միայն ընել:

Ինծի ծանոթ սրբատաշ որձաքարի գործածության ամենահին օրինակը համարեր եմ Ալեքսանդրոպոլեն [Լենինական] 7-8 կիլոմետր դեպի արևելք Դիրաքլար գյուղի եկեղեցվո աստիճանները և շենքի ստորին մասերը։ Ամենայն հավանականությամբ այս եկեղեցին հեթանոսական ծագում ունի և առաջին անգամ եկեղեցիի փոխարկված է 5-րդ կամ 6-րդ դարուն մեջ, եթե ոչ ավելի կանուխ։

«Տեկորի տաճարը» աշխատությանս մեջ փաստացի կերպով ապացուցանելու ջանացեր եմ, որ հայոց հնագույն եկեղեցիներու արևելյան կողմին վրա, դեպի հյուսիս և հարավ ցցված թևեր և նույն թևերուն վրա արտաքուստ abside-ներ շինելու սովորությունը 6-րդ դարեն այս կողմ չանցնիր։

Անիի մեջ, թեև համեմատաբար ծավալով փոքր, բայց առանց կրաշաղախի, երկաթե կապերով ամրացված կապույտ որձաքարե պատեր գոյություն ունեցեր են մի ժամանակ։ Ծաղկոցաձորի եզերքին, միջնաբերդ մտնելու դռան երկու կողմին վրա, այժմ կան երկու քառակուսի բուրգեր, որոնք շինված են միջակ ծավալով սրբատաշ կապույտ որձաքարե։ Բայց քարերու անխնամ ու անկարգ շարվածքը և արտաքին ճակատներուն վրա երևացող երկաթի կապերու վաղեմի գոյության հայտնի հետքերը ցույց կուտան, որ անոնք հանված են ուրիշ տեղե և բերված այդ բուրգերուն վրա հյուսված, և կամ նույն տեղին վրա գոյություն ունեցող հնագույն բուրգերու քարերն են՝ նորոգությամբ քանդված և վերստին գործածված։

Քանի որ մեզի հայտնի են 5-7-րդ դարերու Կամսարական տոհմի հիշատակարաններ, որոնք շինված են կրաշաղախ, հրաբխային սրբատաշ ավազաքարերով, նաև այդ դարերեն սկսած բնավ չեն գտնվիր որձաքարե հին ոճով շինված պատեր ամբողջ Հայաստանի մեջ, բնականաբար պետք է հետևցնել, որ Անիի մեջ այսօրվան մեր տեսած երկաթյա կապերու նշաններով սրբատաշ որձաքարերը եթե ոչ նախակամսարական, գոնե 4-րդ դարու Կամսարականտց այնտեղ շինած շենքերուն կվերաբերին։

Նախնական որձաքարե պատերու քանդումը և քարերու տեղափոխումը առաջին անգամ կատարվեր է, հավանաբար, Բագրատունիներու օրով, եթե չեմ սխալիր՝ Աշոտ Ողորմածի ժամանակ, որովհետև այժմ գոյություն ունի մի շատ հաստ պատ, որ սկսած է Ծաղկոցաձորի դռան փոքր քառակուսի բուրգերեն և ձգված է դեպի հարավ-արևելք։ Այս պատը անջատեր է արքունիքը քաղաքեն և միևնույն ատեն անոր մեկ մասը պալատի հյուսիսային ճակատը կազմեր է։

Անկասկած, Բագրատունիներ վերանորոգության ենթարկեցին այս պատը, շինելով նաև արքունի պալատը՝ Կամսարականաց բնակարաններու տեղին վրա, հիմնովին քանդելով հիները։ Այդ պատճառով ալ միջնաբերդ մտնելու դռան երկու կողմի քառակուսի բուրգերեն զատ, մենք կտեսնենք վաղեմի սլատերե քանդված սրբատաշ քարեր, խառնված հետնագույն ժամանակ կրաշաղախով շինված այս հաստ պատին նաև պալատի հիմերու զանազան մասերուն մեջ, ինչպես պալատի հարավային դռան երկու կողմի փոքր բուրգերու խարիսխներուն վրա։ Հաստ պատի շինությունը կամ վերանորոգությունը Աշոտին վերագրելուս պատճառն այն է, որ հետագա թագավորներ չեն բավականացեր նույն պատի սահմանով և պալատը ընդարձակեր են դեպի հյուսիս, հավելված մասեր միացնելով, որով այդ հաստ պատը մնացեր է այժմ պեղումներով

  1. Պրոֆ. Խաչատուր Հովհաննիսյանց - Բևեռագիր արձանագրություններ Ռուսահայաստանում, Վենետիկ, 1897, երես 43: