հայտնված հյուսիս-արևմտյան դահլիճին տակ՝ հատակեն զայն երկուքի բաժնելով: Այս հավելյալ դահլիճին որմնասյուներու և խոյակներու քանդակագործության ոճը ամենայն հավանականությամբ Գագիկ Ա-ի ժամանակակից արվեստագործություն է, որովհետև նույն ոճը Սմբատին և Աշոտին վերագրված շենքերու մեջ բոլորովին անծանոթ է. այս մասին ապացույցներ թվել շատ երկար կլինի, այդ մասին ավելի ընդարձակորեն պիտի տեսնվի այն ատեն, երբ պալատի առանձին ուսումնասիրությունս լույս տեսնե:
Անկասկած, Շետտյատաններու օրով միջնաբերդի դռան ձևին և դիրքին վրա զգալի փոփոխություններ կատարվեր են. այն ժամանակ դռան երկու կողմի քառակուսի բուրգերը վերստին քանդեր են և անոնց որձաքարերով դռան առջև ցած աստիճաններով մայթանման սանդուխներ շինիր են: Այս սանդուխները երևցան Ն. Մառի պեղումներու ժամանակ: Թեև միջնաբերդ գնացող ջրմուղին հետքը գտնելու համար դռան առջևը խոր փորվելով սանդուխի աստիճաններեն մեկ մասը քանդվեցավ, սակայն, կարծեմ՝ տակավին երկու կարգ մնացած պետք է լինի շենքին կից: Դռան առջև փորումով երևցան նախկին դռան հետքերը, բայց շատ աղավաղված:
Առանձնապես Կամսարականներու կվերագրեմ Կըզկալա կոչված բերդի հարավային կողմը շրջապատող քառակուսի բուրգերով հնագույն պարիսպի մնացորդը, որ գետին կողմեն խուլ և անմատչելի տեղի վրա գտնվելով՝ տակավին բոլորովին ուշադրության առնված չէ:
Քառակուսի բուրգերու ոճը հայոց մեջ ավելի հին է, քանի կիսաբոլորակը: Վերջին ժամանակ, 10-14-րդ դարերուն, քառակուսի բուրգեր շիներ են բացառապես անկյուն կազմող տեղերու վրա. ուրիշ ուղղաձիգ մասերու վրա, առանց բացառության, բուրգերը կիսաբոլորակ են: Տեկորի և Երվանդակերտի մեջ որձաքարե բերդերու հայտնի մնացորդ բուրգերը ամենն ալ քառակուսի են: Ասոր դռան երկու քովի բուրգերուն կիսաբոլորակ շինվելուն պատճառը հետնագույն ժամանակի շինություն լինելու մասին արդեն գրեցինք: Հայտնի թվականով՝ 7-րդ դարու կեսին Զվարթնոց եկեղեցին շրջապատող պարիսպը քառակուսի բուրգերով ամրացած է և կապացուցանե, թե դեռ նույն դարուն ալ կիսաբոլորակ բուրգերը ընդհանրացած չէին:
Արդ, Կզկալայի հին բերդին կրաշաղախ քառակուսի բուրգերով շինված լինելը ոչ մի կասկած չի թողուր, որ 5-7-րդ դարերում Կամսարականներեն մնացած է նույն պարսպամասը: Կզկալայի հյուսիսային և արևմտյան կողմերուն վրա կան ուրիշ պարսպամասեր, կիսաբոլորակ բուրգ, ինչպես նաև բերդի մտից դուռը, բայց անոնք անհունապես կտարբերին թե շինվածանյութերու տեսակով և թե արվեստագործությամբ, կասկած չկա, որ այդ մասերը վերանորոգության ենթարկեր