տվող վրաց արքունիքին դիմելով՝ ընդմիշտ ազատվելու համար գազանաբարո Շետտատյաններու ճիրաններեն:
Նախանձելի բախտավորություն պարգևեց անեցիներուն վրացոց կողմանե այս անգամ մեծն Զաքարեի Անիի և շրջակայից վրա զորավար նշանակվիլը։ Այս դյուցացնական քաջությամբ օժտված մարդը ոչ միայն զորավար էր, այլև տեր ու թագավոր Անիի և անոր դրոշակին տակ գտնվող սահմաններուն։ Կարճ ժամանակի մեջ երկիրը միանգամայն մաքրեր տնտեսապես ու բարոյապես քայքայող և ապականող տարրերեն։ Շիրակեն շատ հեռու տարավ իր տիրապետության սահմանները, բազմաթիվ հայ ընտանիքներ ազատեր մշտաչարչար գերութենե։ Իր բնատուր քաղաքագիտությամբ այնպիսի բարեկարգ վիճակի մը մեջ դրավ երկիրը, որ հանկարծական թափով սկսեցին ամեն կողմ ծաղկել ճարտարապետություն ու գեղարվեստներ և ծածկվել ամեն կողմ գեղակերտ հուշարձաններով։
Մինչև այստեղ պատմական փաստ էր, որ ներկայացուցի Շետտատյաններու աշխարհավերության նկատմամբ, այժմ ներկայացնեմ քանի մը փաստեր Անիի լուռ, բայց պերճախոս ճշմարտությամբ աղաղակող փլատակներու վկայություններեն քաղված։
Իմ բոլոր խուզարկություններս ապարդյուն անցան գտնելու համար մեծ կամ փոքր շենք մը, որուն կառուցումը Շետտատյաններու շրջանին պատկաներ, գեթ բաղդատելու համար, թե անոնց ճաշակը ինչ դրոշմ դրավ Բագրատունի շրջանին ծաղկող ճարտարապետական արվեստին վրա։ Կկարծեմ, թե այսուհետև փնտրելն ալ անօգուտ է, որովհետև, ինչպես կերևի, Շետտատյաններու օրով գրեթե ոչ միայն քար քարի վրա չէ կրցած դնել հայ ժողովուրդը, այլև հինեն մնացածներուն մեծ մասն ալ հիմնահատակ քանդվեր են։
Արփասլանին Անին պաշարած ժամանակ, կպատմվի թե այնտեղ 1001 եկեղեցիներ պատարագի կանգներ էին։ Ո՞ւր մնացին այդ առասպելական թվով եկեղեցիները, որոնցմե այսօր հազիվ վեց կամ յոթ հատ կարելի է գտնել։ Ասոնք ոչ միայն մեզի չեն հասեր, այլև Զաքարյան ազատության շրջանին ալ չեն հասած։ Կիրակոս Գանձակեցին կպատմե, թե Զաքարեի տիրապետության օրեն սկսած «շինեցան բազում վանորայք որ ի վաղուց ժամանակե անտի ավերեալ հին ի հինիցն Իսմայէլի, վերստին նորոգեցան եկեղեցիք եւ պայծառացան դասք պաշտօնեից, շինեցան եւ նոր վանորայք եւ եկեղեցիք...»:
Թեև ծավալով փոքր, սակայն թվով Բագրատունի շրջանեն ոչ նվազ եկեղեցիներ և ուրիշ հասարակական ու անհատական շինություններ շինվեր են Զաքարյան շրջանի նույնքան ժամանակամիջոցի մեջ, որչափ որ տևեց Շետտատյանց տիրապետության դատարկ շրջանը, Անիի մեջ այսօրվան տեսնված հին Բագրատունի շրջանին պատկանող 5-6 եկեղեցիներեն զատ՝ մնացած բոլոր եկեղեցիներ, վանքեր ու մատուռներ, առանց բացառության, Զաքարյան շրջանին կպատկանին։ Անիի ժողովուրդի ընդունակ և տոկուն նկարագրեն կարող ենք հետևցնել, որ թերևս հնարավորություն ունեցան երբեմն որոշ չափով շենքեր շինելու Շետտատյաններու օրով ալ, սակայն, ինչպես կերևի, Շետտատյաններ հնարավորություն իսկ չեն տվեր ոչ միայն նորերը շինելու, այլև եղածներն ալ պահպանելու, ինչպես քիչ առաջ մեջ բերածս՝ Ա. Լաստիվերտցու վկայությունն ալ նույնը կապացուցաներ։ Նույնիսկ զարմանալի կերպով կնկատվի, որ նույն շրջանին պատկանող խաչքարեր անգամ չկան։
Միջնաբերդի գագաթին մի ահագին պալատ կա, որուն մեջ, սկսած Կամսարականներեն մինչև 14-15-րդ դարերու հետին ոստիկանը, իրենց գոյության որոշ չափով ապացույց թողեր ես, իսկ Շետտատյաններեն՝ ոչ մի քար։ Թվեմ այն ամենը, որ հիշատակարաններու ստույգ լեզվով վկայություն է Շետտատյաններու Անիի մեջ լոկ գոյության։
Ծաղկոցաձորի կողմեն միջնաբերդ մտնելու դռան առջև կատարված պեղումներու ժամանակ գտնվեցան Շետտատյաններե մնացած արձանագրություն մը (մեծ մասամբ անընթեռնելի և հետին ժամանակներու պատկանող) և կոպիտ ու անճաշակ քանդակագործությամբ պարսկական առյուծ մը։ Ահա այս առյուծն է Շետտատյաններու շինարարական և գեղարվեստական ճաշակի միակ վկան։ Անտարակույս, հայ վարպետի մը գործ է, սակայն ի՞նչ հառաջադիմություն կարելի էր սպասել արվեստագործ դասակարգե մը, որ 60-70 տարի անպտուղ անգործության դատապարտված էր, բնականաբար արդյունքը պիտի լիներ այդ առյուծի անճաշակ քանդակագործությունը։
Միայն քսան տարի Անիին տիրապետող հույնը գեթ քանի մը ճաշակավոր քանդակագործությամբ սյուներու ու խարիսխներու մնացորդներ թողեր է պալատի հյուսիս-արևելյան մեծ սրահին մեջ նախկլինին վրա կատարված նորոգության մը կամ փոփոխության մը առթիվ։ Բայց Շետտատյաններոլ գործը եղեր է վայե- լել հիները որչափ ժամանակ որ հնարավոր էր, այնուհետև ալ առանց դրսեն նոր քար մը տաշելու, պալատին մեկ մասը քանդելով՝ մյուս մասը գռեհիկ կերպով կարկատել։
Փաստացի կերպով Շետտաայաններու մեկ ուրիշ գործն է Անիի ավագ դռան մոտ մեկ հատիկ բուրգի մը թանձրացումը, գուցե և մի քանի հատի՝ դատելով ոմանց արվեստագործության ժամանակակից համարվելու նմանութենեն։ Այս զոհաբերությունը կատարեր է բացառաբար Անիի առաջին մահմեդական տեր Մանուչեն, անշուշտ իր անձնական շահերու և կաշիին պահպանության համար՝ քան ժողովրդի ապահովության։ Տարակույս չկա, որ այսքանն ալ կատարված է դարձյալ մինչև շապիկը մերկացած անեցիներու ձրի աշխատությունով։ Թեև վերջին Շետտատյաններու օրով, սակայն փաստ է, որ այդ բուրգերուն մեջ կան լոկ քաղաքի բնակչության անհատական ծախքերով ալ շինված, ինչպես Աբրահամ ոմն 1160 թվին իր սեփական ծախքով թանձրացուցեր է բուրգերեն մեկը։ Արդյոք քանի՞ ուրիշներ պիտի գտնվեին այսպես, եթե հնար լիներ ամբողջական պարիսպներու պեղումներե զատ՝ վար առնել նաև Զաքարյան շրջանին նոր թանձրացումով ծածկված հին բուրգերուն թանձր վարագույրները։
Ահա ասոնք են Շետտատյաններե մնացած ամբողջ