ճարտարապետական հարստությունը, ասկեց զատ բան մը գտնել անկարելի է։
Մոտավորապես յոթը դար Անիի կենդանության երկար շրջանին մեջ գեղարվեստական և շինարարական գործունեության պերճախոս դատարկությամբ կփայլի Շետտատյան ցեղը իր հոգեկան ու ֆիզիկական արյունարբու նկարագրով։
Անոնց օրով ժողովուրդը Շիրակի սահմաններուն մեջ, իբր գութանավոր եզ, իբր բեռնամբարձ գրաստ և իբր կաթնատու կով կամ ոչխար, ապրեցուցեր են ու կերակրեր այնչափ, որչափ որ պետք էր առույգ ու կորովի պահելու համար, որպեսզի անոնց քրտնաջան աշխատությամբ իրենց անհատակ գանձարանները լեցնեն։ Ես շատ կզարմանամ, որ գտնվել են բանասերներ, որոնք այս քաղաքակրթության պատուհաս ցեղին մեջ գտեր են աշխարհաշինության վարչական ձեռք և այս ողբալի շրջանին վրա նայեր են որպես Բագրատունի թագավորության վերածնության:
6. Զաքարյան շրջան: Զաքարե սպասալարի անունը հայոց պատմության մեջ նշանավոր տեղ բռնած է ոչ միայն քաղաքական և տնտեսական կյանքի բարվոքմամբ, այլև ճարտարապետության ու գեղարվեստի մի նոր վերածնությամբ։ Այս դյուցազն իշխանի տիրապետության հետ անմիջապես սկսեց ծաղկել գեղարվեստ մը, որ իր ուրույն ոճով ոչ նվազ պատվավոր տեղ ունեցավ հայ ճարտարապետության նախընթաց վերածնություններու շարքին մեջ: Շատ արդարացի պատճառներով թեև մեծագործություններ չարտադրվեցան Զաքարյան շրջանի մեջ, սակայն գեղարվեստականությամբ և հարամասունքներու ներդաշնակ դասավորությամբ նախորդներուն հետ մրցող գերազանց նորություններ ստեղծվեցան։
Զարդաքանդակներու տեսակետով, Բագրատունյաց շրջանի վերածնությունը ստեղծեց հին ավանդություններու վրա զարգացած երկրաչափական գծերով մանվածո քանդակագործություններ ու գերագույն կատարելություն մը չէ մնացած երկրաչափական ուղիղ ու կոր գծերով կազմված զարդաքանդակի ձև մը, որ Բագրատունի գեղարվեստի վերածնությունը իրեն սեփականություն չդարձներ բարդ հյուսվածքներու անհունություն մը և մին քան զմյուսը գերազանցելու բուռն մրցում ակներև է արվեստագետներու կողմե։
Շատ քիչ ձևերու մեջ ավանդապահ եղած են հայ ճարտարապետներ նախնիքներու ստեղծած վերածնություններու նկատմամբ, բայց ինչ որ պահված են 5-րդ դարեն սկսած մինչև հայ արվեստին վերջին անկումը, կարծեք խորհրդավոր նվիրագործությունով մը կապված էին այդ ձևերուն հետ և գործածեր են միշտ միևնույն տեղերուն վրա և միևնույն համաչափություններով։ Ուղղագիծ քառակուսի և բոլորակի շրջանակներով մանվածոներ մինչև 5-րդ դարու հնություն ունին հայ ճարտարապետության մեջ և պահված են մինչև վերջը, սակայն այն ոճը վերին աստիճան ակնախտիղ ճոխության հասավ Բագրատունյաց վերածնության մեջ. անհամապատասխան չափերով բոլորակի շրջանակներու օղակավորությամբ երիզներ, պսակներ, մեծ ու փոքր պատուհաններ ու շրջանակներ Բագրատունի