Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գահերն ու բազմոցները, և գահերն ավելի բարձր դիրքերով, քան կոչնականներու բազմոցները։ Նույնիսկ եղեր են կանանց հատուկ տաճարներ, որոնց մեջ տիրուհվույն գահն ավելի բարձր էր, քան ուրիշ բազմականներին։ Բայց նստելու կարգը, ամենայն հավանականությամբ, հանդիսավոր խնջույքի օրը միայն՝ տաճարատիրոջ քմահաճույքեն կախված էր։ Եթե այս $տաճարներուն մեջ երբեմն պաշտոնապես, տոնական կամ հանդիսական խրախճանություններ կկատարվեին որոշ կարգ ու կանոնով, այնուամենայնիվ կան վկայություններ ալ, որ երբեմն մարդիկ կհավաքվեին այնտեղ զվարճանալու համար, ձևականություններե բոլորովին ազատ։ Ներսես Մեծի համար կպատմվի, թե օտարականներ և աղքատներ կհյուրասիրեր իր տաճարին մեջ։ Ասոր նման նաև ուրիշ վկայություններ պակաս չեն, որ ոչ-արքունական տաճարները, հաճախ առանց որևէ կարգ ու կանոնի, գործածվեր են շատ հասարակ և սովորական խնջույքներու համար։

Փայտաշեն տաճարներ ալ կշինվեի՞ն, թե ոչ - որոշ հայտնի չէ, բայց տեղեկություններ շատ կան տաճարներու քարաշեն և շքեղ շինելու մասին։ Մասնավորապես ուշադրության արժանի է Թովմա Արծրունիի նկարագրությունն իր տոհմակից Գագիկ թագավորի Աղթամար կղզիին շինել տված փառավոր տաճարի մասին։

Թովմա Արծրունին մեր պատմագրաց շարքին մեջ գրեթե միակն է, որ համեմատաբար ավելի շատ ու մանրամասն նկարագրություններ ունի աշխարհիկ շինություններու և, առհասարակ, բարձրագույն դասի աշխարհային վայելչությունները դատապարտողներեն չէ, ինչպես պատմագիրներ։ Առանձին հպարտությամբ և հափշտակությամբ կնկարագրե թե իրմե առաջ և թե իրեն ժամանակակից բերդերու, ապարանքներու, աշխարհիկ տաճարներու գեղարվեստական մեծածախս շինությունները։ Թովմայի նկարագրութենեն կքաղեմ Գագիկի տաճարի շինության հետևյալ հետաքրքրական նկարագրությունը։

«Եվ որովհետև,—կըսե Թովմա,— ամեն երկրե շատ արհեստավորներ հավաքված էին, որոնք ըստ ամենայնի կարող էին թագավորին ամեն մտածած իրագործել, անոնց մեջեն Մանուել անունով իմաստուն և հանճարեղ ճարտարապետին կհրամայե (թագավորը) մի տաճար շինել քառասուն կանգուն լայնությունով, քառասուն կանգուն երկարությունով և նույնքան ալ բարձրությունով։ Պատերու թանձրությունը երեք քայլաչափ էր, կապարի ու պղնձի միաձույլ զանգվածի նման կարծր էին այդ՝ անարատ կիրով ու քարով շինված պատերը։ Շատ զարմանած է տաճարին հիմեն վեր մինչև կատարը առանց սյունի բարձրանալը։ Կամարակից խորաններն անկյուններ և գեղապաճույճ շրջապատներ ունին, որոնց ոչ հաշիվ կարելի է գտնել և ոչ ալ նայելով՝ վերջը բերել։ Լուսաճաճանչ ոսկեզարդ երկնահարթ մի գմբեթ ունի, որուն նայելու համար, թագավորի պատիվ տալու նման, նախ պետք է գլխարկը վար առնել և հետո պարանոցը տանջելով հազիվ հազ կտրենալ տեսնել զանազան գունազարդ նկարները:

«Այնքան խելքե, մտքե վեր ահեղ ու զարմանալի է այս շենքի դասավորությունը, որուն մեկ կարգ խորանները եթե մի իմաստուն մարդ ժամերով դիտե, դուրս գալեն հետո բոլոր տեսածները նկարագրել անկարող կլինի։ Որովհետև այնտեղ կան ոսկեզարդ գահեր, որոնց վրա նազելի ճոխությամբ բազմած կերևա թագավորը, իր ուրախության սպասավորող մարդկանցով շրջապատված, անոնց հետ նաև նվագածուներու խումբեր և աղջիկներու հիանալի պարեր։ Այնտեղ կտեսնվին սուսերամերկներու բազմություն և ըմբշամարտներու կռիվներ։ Այնտեղ կան առյուծներու և ուրիշ գազաններու խումբեր և գույնզգույն պաճուճանքներով զարդարված թռչնոց երամներ։ Բոլոր այնտեղ եղածները, եթե մեկը թվել ուզեր, շատ աշխատանք է պետք ըսողին ալ, լսողին ալ»։

«Մանր հատվածներով հրաշալի գեղգեղմամբ հորինված դռներ ունի, որոնք բացվելու ժամանակ երկբացիկ են՝ օդաբեր ու զովացուցիչ, իսկ իրարու միանալով իբր մեկ դռան պատկեր կերևին»։

Գործավորներու մի հավատարիմ վերակացու մեզ պատմեց, որ տաճարի շինության մեջ, նվազագույն չափով, երկու հարյուր հազար լիտր երկաթ գործածվեցավ։ Իսկ տաճարի փառավոր տեսքը գավառի ամեն կողմեն մեծ բլուրի մը նման կերևա քաղաքի մեջ»։

Թովմայի այս արտակարգ հափշտակությամբ նկարագրած տաճարի շինության մեջ եթե կա մի չափազանցություն, այն ալ, համեմատելով իր ծավալի հետ, երկու հարյուր հազար լիտր երկաթի գործածությունն է։ Քառասունական կանգուն կողմեր և նույնքան բարձրություն ունեցող շենքի մը համար չափազանց շատ է երկու հարյուր հազար լիտր երկաթը՝ եթե գործածվեցավ պատերու, գմբեթի ու առաստաղի հաստատության համար, սակայն, մյուս կողմանե՝ շատ հետաքրքրական տեղեկություն է քարուկիր շենքի մեջ երկաթի գործածության տեսակետով: Արարատյան գավառներու մեջ, բացի Գառնիեն և Երվանդաշատեն, ուրիշ ոչ մի տեղ հին հիշատակարաններու մեջ չեմ տեսած երկաթի գործածություն։ Ասոնք ալ հազիվ հասնեն մինչև 4-րդ դար։ Անիի մեջ ալ կան թեև երկաթի գործածության հետքեր, անոնք ալ կպատկանին շատ հին դարերու՝ հավանաբար Կամսարականներու տիրապետության շրջան են ավելի առաջ։ Կերևի թե, հակառակ Արարատյան գավառներու մեջ շատ դարեր առաջ շենքերու հաստատության համար երկաթի գործածությունը դադար առնելուն, Վասպուրականի մեջ շարունակվեր է հին սովորությունը։ Սա, իհարկե, բոլորովին առանց պատճառի չէ, թերևս շինանյութերու որակը կպահանջեր երկաթի օժանդակությունը։

Բովանդակ քրիստոնեական շրջանին հոյակապ գեղարվեստականությամբ Հայաստանի մեջ կանգնված անհամար կոթողներուն ծանոթ եղողներու համար բնավ չափազանցություն չկա Թովմայի՝ Գագիկ Արծրունիի տաճարի շինության մասին տված նկարագրության մեջ։

Չեմ կարող պնդել, որ տաճարի մեջը և դուրսը գտնվա ծ քանդակագործություններ և նկարազարդումներ, գեղարվեստի տեսակետով՝ անթերի արտադրություններ էին, բայց այդ տաճարը մի հրաշակերտ դարձնելու համար ոսկվո, արծաթի և աշխատության անխնա թափված լինելուն բնավ կասկած չկա։ Գագիկ Արծրունիի