Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ախթամարի ծովին մեջ շինած պարիսպները և կղզվույն վրա շինած կաթուղիկեն շատ բան կպատմեն անոր մեծագործության և գեղարվեստական ճաշակի նկատմամբ։ Աղթամարի եկեղեցվո պատերին վրա տակավին այսօր ալ կերևի, թե որչափ ծախք ու աշխատանք շռայլված են շուրջանակի քանդակազարդելու համար։ Բայց թե ինչ աստիճան, իբրև գեղարվեստական արտադրություն, գնահատության արժանի են նույն քանդակագործությունները, այդ մասին խոսել առայժմ իմ նյութես դուրս է։ Ոչ միայն Աղթամարի քանդակագործությունները, այլև բովանդակ Հայաստանի մեջ գտնված քանդակագործության արվեստը, ուսումնասիրության մի անսպառ նյութ է թե հայ գեղարվեստի և թե համաշխարհային գեղարվեստի պատմության տեսակետով։

Տաճարներու մասին բավական համարելով այսքանը, համառոտակի քննենք այժմ ապարանքներու մյուս հարամասունքները։

Ապարանքներու մեջ անհրաժեշտ հարամասունքներեն մեկն է դահլիճը՝ տաճարեն բոլորովին տարբեր առանձնահատկությամբ։ Թեև ապարանքին կից, այնուամենայնիվ ընտանեկան կայանին մուտքեն բոլորովին անկախ դռներով և, ինչպես կերևի, սովորաբար գետնահարկ, որովհետև Շապուհ թագավորը մի անգամ հրամայեր զարդարուն մի փիղ մտցնել դահլիճին մեջ։ Եղիշե մի տեղ դահլիճը կնույնացնե հրապարակի հետ, սակայն այդ նույնացումը պատահական կերևի, մանրակրկիտ համեմատական հետազոտություններե կտեսնվի, որ դահլիճ և հրապարակ բոլորովին տարբեր են մեկզմեկե թե ձևով և թե կոչումով։

Դահլիճը մի ընդարձակ սրահ էր, ուր կնստեր թագավորը իր ավագանիներով և կխորհրդակցեր սովորաբար հասարակական խնդիրներու վրա։ Բայց ինչ որ ավելի պարզ է, դահլիճին մեջ կընդունեին բոլոր պաշտոնական և անպաշտոն մարդիկ թագավորին ներկայացնելու համար։ Ուրեմն, այս հատկությամբ դահլիճը, այժմյան իմաստով, պետք է հասկանալ ընդունելության կամ ունկնդրության սրահ (Salle de réception ou salle d’audience):

Հրապարակ բառը հին մատենագրության մեջ միշտ մի քանի առում ունեցեր է։ Բացի այսօրվան մեր ըմբռնած place նշանակութենեն՝ նաև երկու ուրիշ գլխավոր կոչում ունեցած կերևի։

Առաջին նշանակությամբ՝ հրապարակը մի մեծ դատաստանատեղի էր, ամենայն հավանականությամբ, վրան ալ ծածկույթով։ Այնտեղ կկատարեին պետական և ազգային բնույթ ունեցող ծանրակշիռ դատերը՝ հաճախ ընտրյալ հասարակության ներկայությամբ։ Ուրեմն, այս իմաստով, հրապարակ բառը պետք է հասկնանք արքունի կամ բարձրագույն ատյան (cour supreme ou Haute cour):

Երկրորդ նշանակությամբ հրապարակը պետք է հասկնանք մի ընդարձակ տեղ, արքունի ապարանքի շենքերով շրջապատված և բացօթյա։ Այս հրապարակին վրա կբացվեին զանազան դահլիճներու, սրահներու և սենյակներու դռներ։ Նաև շուրջանակի կամ որոշ կողմերու վրա կունենար կամարակապ, սյունազարդ ճեմելիքներ (cloitre):

Կպատահեր, որ այս հրապարակին մեջ թագավորն ալ երբեմն կնստեր իր ավագանիով, ժողովրդին երևալու համար, սակայն, բոլորովին տարբեր էր արքունի ատյան եղող հրապարակեն։ Այստեղ մուտքը ազատ էր հանուր ժողովրդյան համար, ուր կհավաքվեին կամ համայնական բաղձանքներ հայտնելու համար և կամ արքունիքի մեջ կատարվող խրախճանությանց իրենց ցույցերով մասնակցելու: Շրջապատող ճեմելիքներու մեջ էր սովորաբար արքունի սպասավորներու կայանը ամեն մի հրամանի ծառայելու պատրաստ։

Այս տեսակի հրապարակին, ներկա բարբառով, եթե ոչ բոլորովին պարզ գավիթ (cour), գեթ կարելի է պատվո գավիթ (cour d’honneur) անունը տալ։

Սրահ բառի հին առումն ալ որոշ հետազոտության կարոտ է, միշտ միևնույն իմաստով գործածված չէ. Եղիշեի վկայությանց վրա հիմնվելով, երբեմն տաճար մտնելե առաջ կանցնվեր նույն անունով մի բաժանմունքե, երբեմն ալ արքունի հրապարակին (cour d’honneur) անմիջապես կից բաժանումներ էին, ուրտեղ պաշտոնական գործերով ապարանք եկողներ առժամապես կնստեին։

Այս հատկանիշեն կերևի, որ այժմյան հայերենի մեջ սրահ բառին բուն առումը շփոթված է և անխտիր կտրվի շենքերու մեջ գտնված բոլոր ընդարձակ բաժանումներուն՝ ինչ որ ալ լինի անոր կոչումը. մինչդեռ մեր հին մատենագրության բոլոր տվյալներեն կեզրակացվի, որ սրահ կնշանակեր 1. salle d’attente, եթե ապարանքը արքունական կամ իշխանական էր և բաժանումը լայնարձակ. 2. sofa, հասարակ ապարանքի կամ մեծ տան մը մեջ եղած բաժանում էր՝ համեմատաբար փոքր տարածությամբ։ Այս ձևի սրահները միշտ չորս կողմեն փակ էին և առանձին դռնով կմտնեին, բայց միևնույն ատեն զանազան դռներով կհաղորդակցեին ուրիշ շատ սենյակներ այս սրահի հետ։ Կա սրահի մի ուրիշ ձևը, որ երեք կողմեն փակ մեկ կողմեն բացօթյա և կամարակապ սյուներու վրա հարկածածուկ էր: Այս ձևի սրահները սովորաբար արքունի հրապարակի (cour d’honneur) որևէ մի կողմին վրա կգտնվեին, ուրկից անցնելով կըմտնվեր ապարանքի այս կամ այն բաժանմունքը, այսինքն՝ զանազան բաժանումներու դռները այս սրահին վրա կբացվեին, ինչպես մյուս ձևի սրահները։ Այս վերջին ձևը կհամեմատվի ևրոպական լեզվի parvis բառին հետ, որու համար նոր հայերենի մեջ հատուկ բառ չունենք։

Խորան բառը քիչ բացառությամբ վրանի նշանակությամբ գործածված է, թեև, ըսա լեզվաբանից, միևնույն նշանակությունն ունի։ Առհասարակ արքունիքներու մոտ կամ ապարանքներու շուրջ խորանները փոքր շինություններ էին, բավական գեղեցիկ վայելչությամբ կանգնված, և հատուկ էին մասնավորապես ընտանեկան կամ ընկերական զվարճություններու։ Ընդհանրապես փայտաշեն պետք էր որ շինված լինեյին, թեև որոշ չէ. կան նաև քարաշեն խորաններու մասին ալ ծանոթություններ։ Գագիկ Արծրունին Աղթամար կղզին շրջապատող ծովային պարիսպներու բուրգերուն վրա փայտաշեն խորաններ շինել տվեր է իբրև զբոսատեղի։ Աշխարհիկ մտքով գործածված այս