Էջ:The Architecture, Tom 1.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծությամբ անջատ կամ հարակից շինություններ՝ արքունի պիտոյից հատուկ. ասոնցմե զատ, շինված են յոթ հատ մեծ ու փոքր եկեղեցիներ, որոնց շինության ժամանակը 11-րդ դարեն այս կողմ չենք կարող բերել։ Այս եկեղեցիներեն երկուքը կից են թե միմյանց և թե բուն ապարանքին, որոնց մեկը փոքր երկհարկանի դամբարան է՝ քովի մեծագույնեն ավելի ուշ ժամանակ կանգնված, իսկ մեծագույնը, անտարակույս, կանգնված է 7-րդ դարուն, Կամսարականներու Անիի սեփականատիրության ժամանակ։

Անշուշտ, ապարանքի պարիսպեն դուրս արքունիքի շրջապարիսպին մեջ զանազան կետերու վրա շինված շինությունները այն տուները կամ հարկաբաժիններն էին, որոնց հին պատմագիրները տուն գինուց, տուն գանձուց, տուն ասպազինաց, տուն պատրուճակաց, համբարանոց և այլն և այլն անուններ տված են որպես անհրաժեշտ մասունք արքունի ապարանքի։ Սակայն այս ամենեն հազիվ նկատելի հիմեր և պատերու կտորներ կային միայն մնացած, որոնցմե ոչինչ չէ կարելի հետևցնել և կամ մի առանձին անուն տալ։

Ինչպես քաղաքին, նույնպես ալ արքունիքին մատչելի կողմը հյուսիսն էր. այդ պատճառավ ալ ավելի հաստատուն և ամուր պարիսպներով ու շինություններով փակված էր հյուսիսային ճակատը։ Իսկ մյուս կողմերը ապահով էին Ախուրյանի և Ծաղկոցաձորի խորուձոր, ժայռակտուր դարեվանդներով և անդնդային փոսերով։ Երկու մուտք ունեցեր է հյուսիսային ճակատի վրա, մեկը Ծաղկոցաձորին կից, մյուսը Ախուրյանի ձորին մոտիկ։ Ծաղկոցաձորին կից եղած դուռն է գլխավոր մուտքը, որուն ներսը մի գավթանման փոքրիկ բաժանումե անցնելով կմտներ արքունիք։ Դռան ներսի կողմեն սկսած մինչև ապարանքի գլխավոր դուռը հյուսիսային կողմի վրա շարված էին մեծ ու փոքր շինություններ, իսկ հարավային կողմին վրա, ապարանքին մոտ, կա մի քարուկիր կամարակապ շինության մնացորդ, որուն ինչու համար ծառայելը վերապահությամբ միայն պիտի ըսեմ։ Հավանական կհամարեմ, որ ուշ ժամանակ շինված այս շենքը Անիի վերջին տերերու պաշտոնական ընդունելության սրահն էր։

Ապարանքը մի նեղ ու երկար անցքով բաժանված է հյուսիսային և հարավային երկու մասերու։ Հյուսիսային մասին արևելյան և արևմտյան անկյուններու վրա կան երկու մեծ դահլիճներ, արևելյան դահլիճին կից մի բաղնիք, մնացած մասերը բաղկացած են մեծ ու փոքր սենյակներե, ոմանց դռները բացված են կից սենյակներու և ոմանցը ապարանքը երկուքի բաժնող երկար անցքի վրա։ Իսկ հարավային մասի վրա ուշադրության արժանի է մի ընդարձակ սրահ, որուն հատակին վրա փորված ու շինված էր ամրոցին ջրամբարը։

Անկասկած, Անիի արքունիքն ալ պիտի ունենար մեկ կամ ավելի պաշտոնական հանդեսներու և խրախճանությանց հատուկ տաճարներ։ Բայց բովանդակ արքունիքի ավերակներու մեջ տաճար լինելու հավանականությունը կներկայացնե հյուսիս-արևմտյան անկյունի դահլիճը՝ իր մյուս մասերեն ավելի ճոխ և հաստատուն շինվածքով։ Այս դահլիճն է, որ առանց չորս պատերու փոփոխության՝ Բագրատունիներու ժամանակեն մինչև մեր օրերը հասեր է. մյուս մասերուն մեջ չկա բաժանում, որ հետնագույն փոփոխություններու ենթարկված չլինի։ Այս դահլիճի երկարությունն է 21 մետր, լայնությունը՝ 10 մետր։ Այս չափը թեև Բագրատունի թագավորներու վայելած համբավին համապատասխան մեծություն չունի, սակայն տաճար լինելուն կասկած չլինելեն զատ, իր կոչման արժանի վայելչութենե ալ զուրկ չէ։ Թեև ապարանքին կից շինված է, սակայն անոր հետ բնավ հաղորդակցություն չունի. այս հատկությունն ալ ոչ նվազ ապացույց է տաճար լինելուն։ Պատմական տեղեկություններու մեջ հաճախ որոշ է, որ տաճարները, ապարանքի մուտքեն անկախ, նույնիսկ ընտանեկան կայաններե հեռու կշինվեին։ Այսպես ալ այս տաճարները, թեև ապարանքին կից, այնուամենայնիվ իրենց բոլորովին անկախ մուտքը ունեցեր են հյուսիսային կողմեն։ Դրսի հետ իբրև հաղորդակցության միջոց, հյուսիսային պատի վրա միայն կան չորս մեծ բացվածքներ, որոնց արտաքո կարգի լայնությունները կասկածելի կդարձնեն անոնց դուռ կամ պատուհան լինելնին։ Դուռ լինել չէին կարող, որովհետև մեկ պատի վրա չորս դուռ շինել միանգամայն աննպատակ էր, բացի այս, սենյակներու համար 2,5 մետր մեծությամբ դուռ բնավ չէ տեսնված որևէ հին հիշատակարաններու մեջ։ Պատուհաններ չլինելուն ապացույցներն ալ շատ պարզ են։ Ինչպես դռներու համար, նույնպես պատուհաններու՝ 2,5 մետր լայնություն անկարելի էր. նաև, եթե պատուհաններ լինեին, պետք էր որ բացվածքները պատին որոշ չափով բարձրանալեն հետո սկսեին, մինչդեռ անոնք ուղղակի հատակեն սկսած են։ Ուրեմն, ի՞նչ մտքով կարող էին շինված լինել այս չորս մեծ բացվածքները։

Պատմագրական տվյալներու հետազոտությանը մեջ տեսանք, որ ի հնումն գտնվեր են տաճարներ, որոնք ունեցեր են անմիջապես կից մի ուրիշը կտմ մի նախասրահ: Այստեղ մի երկրորդ տաճար լինելուն ամենևին հավանականություն չկա, սակայն ունեցեր է մի նախասրահ, որուն հետ ուղղակի հաղորդակցության միջոց եղեր են այդ չորս մեծ բացվածքները։

Նախասրահի գոյության անժխտելի ապացույց էր, հյուսիսային պատին կիցց, չորս մեծ բացվածքներու առջև գտնված քարուկիր մի շինվածամասի մեծ զանգված մը, որ վերջերս թեև փլավ, սակայն տեղը և տաճարի պատին կպած լինելուն նշանները տակավին պահված են։ Որովհետև տաճարի տեսքը բնական դիրքով բարձր էր և առջևը խոր, ուստի մի քանի մետր ցածեն դրված էր ենթադրյալ նախասրահի հիմը, և ներքևը կամարակապ բաժանումներ թողնելով բարձրացված ու երկրորդ հարկով հավասարեցված էր տաճարի բարձրության։ Պեղումներու ժամանակ թեև վերևի հարկը փլած էր, սակայն առաջին հարկին կտուրը կամ առաստաղի տանիքը հավասար էր գրեթե տաճարի հատակին։ Տաճարի ամբողջ երկայնության վրա շինված այս երկրորդ շինության երկու կողմերը փլած էին, միայն միջին մասը մնացեր էր, որուն լայնությունը տաճարի լայնության կեսեն քիչ