Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին, որովհետև Պոմպեի նման հրաբխային մեկ շնչով մոխիրի տակ ծածկված չէր Անին։ Բացի այս, Բագրատունիներեն հետո քանի մը դար մշտապես դադարած էր հայ քաղաք լինելե, և ավերող ու ապականող վայրենի հորդաներ բուն դրեր էին, անդադար մաշելով վաղեմի հարստության ու փարթամության բոլոր մնացորդները։

Արփասլանի Անին գրավելեն հետո (1064) իշխանական և ազնվական տոհմերը բնական ու անբնական գաղթականությամբ հետզհետե սկսան նվազել, և դեռ այն ժամանակեն սկսան օտար ցեղեր խտանալ այնտեղ։

Իսկ Զարմազանի արշավանքեն հետո (1236) մեկ կողմանե համաճարակ դարձած գաղթականությունը բուռն թափով կշարունակվեր, մյուս կողմեն թուրք ու թաթար ցեղեր ալ ավելի կխտանային դժբախտ Անիի մեջ։ Թեև միաժամանակ թաթարներ քրիստոնեից խղճի ու դավանանքի լայն ազատություն տված էին, սակայն հարկերով այնքան ծանրաբեռնած էին, որ մնացող բնակչությունն ալ նյութապես միշտ սպառվել էր։

Նախքան թաթարներու արշավանքը, Վրաստանի հովանավորության տակ, Զաքարյաններու տիրապետության սկզբնական շրջանին, ստեղծվեցավ նախկին ավանդություններով խառն հայ ճարտարապետության մի գեղեցիկ վերածնություն, որն որ տևեց գրեթե երկու հարյուր տարի։ Սակայն այդ գեղեցիկ վերածնությամբ թեև բազմաթիվ գողտրիկ ու ակնհաճո կրոնական կամ աշխարհիկ շինություններ կանգնվեցան, բայց երբեք այն հսկայական մեծագործությունները, որոնք անթիվ ու անհամար են՝ սկսյալ քրիստոնեության նախնական շրջանեն մինչև 11-րդ դարու վերջերը։ Անիի մեջ Բագրատունի հարստության մոտավորապես մեկ դարու կարճ տևողության շրջանին, Շիրակի մեջ տակավին անկործան մնացած են Արգինայի, Շիրակավանի, Օզուզլուի, Մարմաշենի, Հոռոմոսի, Տայլարի, Բագնայրի և ուրիշ շատ մը հոյակապ կաթուղիկեներ․ ասոնց վրա պետք է ավելցնենք նաև Անիի մեջ շինված կաթուղիկեն, գագկաշեն բոլորակ ս․ Գրիգորը, Առաքելոց եկեղեցին, բոլորակ ս․ Փրկիչը և այլն և այլն։ Ո՞վ գիտե, թե դեռ որչափ ալ բարբարոսներու ձեռքով հիմնահատակ կորան։ Ես զանց կառնեմ քրիստոնեության սկիզբեն մինչև 7-րդ դարու վերջերը բովանդակ Արարատ աշխարհի մեջ անթիվ հոյակապ մեծագործությունները, որոնք այսօր ալ դեռ կանգուն են իբրև լուռ վկաներ իրենց ժամանակի հայության մեծության, հարստության, հանճարին ու գեղարվեստական չնաշխարհիկ ճաշակին։ Համարձակ կարող եմ ըսել, որ հայ ճարտարապետությունը և գեղարվեստը երբեք չէ հասեր այն բարձրության հետագա դարերու մեջ, ինչ որ էր մինչև 7-րդ դարու վերջին քառորդը։

Մեծության, հարստության և գեղարվեստական ոճերու ինքնուրույնության տեսակետով 12—14-րդ դարերու ճարտարապետական արտադրությունները համեմատել չէ կարելի նախընթաց շրջաններու հետ։

Քանի դեռ կրոնական հալածանքը չկար, հայրենի հողին կպած մնացած հայերը, թեև ի բնե ընդունակ աշխատելու, շահելու, վաճառականության և արվեստներու մեջ զարգանալու, սակայն տիրապետողներու ագահ ախորժակը չէր հագենար արդեն վաղուց աղքատության շեմին վրա ոտք դնող ժողովրդին արյուն-քրտինքով շահածը ծծելով։ Այս վիճակին մեջ ինչո՞վ կարող էին մեծամեծ հոյակապ շինություններ կանգնել, քանի որ իրենց ֆիզիկական գոյությունը հազիվ կարող էին պահել հարկերե և տուրքերե ավելցած դույզն շահերով։ Վերջին շրջանին մեջ կանգնված փոքրիկ շինություններու գեղարվեստականութենեն, արհեստագործական ամեն տեսակ նրբություններեն հստակ կերպով կտեսնվի, որ նույն փափկաճաշակ, տաղանդավոր և մեղվաջան աշխատող ժողովուրդն է այս բռնակալ լուծին տակ տառապող հայությունը, ինչ որ էր հին դարերուն մեջ, և բռնի ճնշման տակ արգելված էր մեծագործություններով իր հանճարի բոլոր թափով երևան գալը։ Արագածի փեշերուն վրա պատկառելիորեն բազմող հոյակապ Հովհաննավանքը և Գեղարդավանքի քարափոր տաճարները, որոնք իսկապես մեծագործություններ են և պարծանք մեր փոքրաթիվ մշտաչարչար հայության, սակայն շատ քիչ են ավելի քան երկու հարյուր տարիներ տևող ժամանակամիջոցին համար։

Շատ կսխալին անոնք, որոնք հայ ժողովոլրդը քաղաքակրթության և զարգացման գագաթնակետին կբարձրացնեն 12-13-րդ դարերուն։

Ավանդություններ և ապացույցներ շատ կան, որ վերջին համայնական գաղթի ժամանակ անեցիք ոչ միայն իրենց շարժական կայքն ու հարստությունը տարան միասին, այլև եկեղեցիներու կաթողիկեներուն կատարը կանգնված թանկագին խաչերն ու եկեղեցիներու գեղաքանդակ դռներն անգամ հանեցին։ Անիի