Կաթուղիկեին դռները այժմ պահված են Թեոդոսիայի թանգարանին մեջ[1]:
Վերջին գաղթականության ժամանակ, բնիկ երկրին մեջ գուցե մնացին բոլորովին աղքատ և ստորին արհեստավոր հայեր, բայց այսպիսի մի ողորմելի հատվածե ի՞նչ քաղաքակրթության մնացորդներ կարող էին սպասել Անիի մեջ: Եթե ճիշտ է, որ այս մնացորդ վերջին հատվածն ալ Լանկթիմուրի գազանային արշավանքին զոհ եղավ, այլևս կասկած չի մնար, որ Անին և իր շրջակայքը միանգամայն կողոպտվեցան իրենց ամենահետին կայքեն ու կարասիքեն:
Այժմ գլխավոր հարցն այն է, թե Լանկթիմուրի արշավանքեն հետո որչափ ատեն շարունակվեց եկվոր թաթարի, պարսիկի ու քրդի գոյությունը՝ դեռ 1064 թվականեն հյուծվիլ սկսող մայրաքաղաքը Անիի մեջ: Հաստատող փաստեր կան, որ մինչև 18-րդ դար առանց հայերի բնակչություն կար այնտեղ, մի բնակչություն, որի նկարագիրը բացատրության կարոտ չէ, ոչ մի շնորհք չուներ, և այս անշնորհքության հետևանքն է այսօրվան քարուքանդ Անին։ Պեղումերն ալ այս միակ ճշմարտությունը ապացուցեցին: Բոլոր մեծամեծ տներ քանդված և անոնց քարերով ցեխաշաղախ նոր բնակարաններ շիներ էին, կամ մեծ տան մը կեսը քանդած և անոր քարերով մյուս կեսը նորոգելով՝ բնակեր էին: Գագակաշեն ս. Գրիգորի մեջն ու դուրսը իրմե քանդված քարերով բնակարաններ կամ, ավելի ճիշտը, որջեր շիներ ու ապրեր էին անոնց մեջ: Ինչպես վերև հայտնեցի, նույնիսկ ապարանքի դահլիճները մաս-մաս բաժանելով՝ խեղճ ու կրակ ցեխաշաղախ պատերով սենյակներու վերածեր, թոնիր թաղեր ու ապրեր էին անոնց մեջ ո՞վ գիտե որչափ ժամանակ: Քաղաքի կեդրոնին վրա բացված երկու մեծ վաճառատուններեն մեկուն սքանչելի քանդակազարդությամբ զարդարված դուռը փակելով՝ ճիշտ մեջտեղեն մի պատ բարձրացուցած էին այնտեղ բնակարան կամ խանութ շինելու համար։ Այս վաճառատան փողոցին վրա էր, որ բացվեցան շարք մը խանութներ, որոնց մեկուն մեջեն գտնվեցան պղնձագործ արհեստավորի մը ձեռքեն ելած մանր-մունր առարկաներ՝ արվեստի նրբություններե բոլորովին զուրկ:
Այսօրինակ ընտանեկան և տնտեսական կենցաղի վերաբերյալ նյութեր շատ են հավաքված Անիի թանգարանին մեջ, որոնք վերին աստիճան թանգագին են մեզ՝ Բագրատունիներու անկումեն հետո այնտեղ ապրող ու տիրող ժողովրդին արժեքը համեմատության
- ↑ Անիից տարված մի քանի գրակալներ, եկեղեցական զարդաքանդակ բեկորներ այժմ պահվում են Երևանի Պատմական թանգարանում, որոնք վերջին տարիներս ստացվել են Հյուսիսային Կովկասից: Հիշատակված դուռն այժմ գտնվում է Պետ. Էրմիտաժում։ ԿԱԶՄՈՂ