Հայաստանի սահմանի մեջ ոչ միայն քրիստոնեական շրջանի մեծ ու փոքր հուշարձաններ անթիվ են, այլև նախաքրիստոնեական շատ հին դարերի կիկլոպյան շինությունների մնացորդներ բազմաթիվ են, որոնց համեմատական ուսումնասիրությունով պիտի տեսնվի, թե նախապատմական դարերի բոլորովին նախնական արհեստները ինչպես աստիճանաբար կատարելության հասան։
Առաջիկա շինարարական արվեստի քննություններից և բաղդատություններից պիտի տեսնվի, որ Հայաստանի մեջ ապրող ժողովուրդը ևս, թերևս քիչ ավելի ուշ, այնուամենայնիվ կատարյալ մրցակից եղավ հարևան մեծ ժոդովուրդների շինարարական աշխատություններին և, որ ավելի կարևոր է, նախնադարյան շրջանի մեջ հազիվ ծագում առնող ճարտարապետական արվեստը այնչափ մեծ և բազմակողմանի զարգացման ենթարկվեց, որ միջին դարուն իսկ հրաշալիքներ համարվող կոթողներ կանգնեցրեց։
Հայաստանի մեջ դոլմեններ շատ կան, սակայն ուրիշ երկրներում գտնված դոլմեններից բավականին կտարբերվին։ Բավական երկար տևել է դոլմեններ շինելու սովորությունը մեռելոց հիշատակին, այդ պատճառով ալ երկրի զանազան կետերի վրա առաջ եկան շինարարական տարբերություններ։ Օտարերկրյա դոլմենները, ինչպես՝ Ֆրանսայի, Իռլանդայի, Հնդկաստանի, թեև շատ հին ժամանակ միմյանց նման էին, բայց հետզհետե շինությանց տեսակետով միմյանցից տարբերվեցան: Թեև աստիճանական փոփոխման մեջ որոշ դեր կատարեցին նաև հավատալիքները, որ հետզհետե տիրապետում էին մարդկային մտքին, բնականաբար զանազան ցեղերի մեջ տարբեր հասկացողությամբ, և ուղղություն էին տալիս մեռելոց պաշտամունքի ձևերին։ Եվրոպայում և Հնդկաստանում վերջին ժամանակներս գտնված դոլմենները, թեև որոշ չափով շինարարական ձևերով միմյանցից կտարբերվին, այնուամենայնիվ բոլորն էլ նորաքարային շրջանին են վերաբերում։
Այդ դոլմենները գետնի մեջ ամրացած քարերի վրա սեղանաձև տափակ դրված մեծամեծ քարերով են ձևացած, և բոլոր քարերն անտաշ, կոպիտ և բնական վիճակի մեջ են օգտագործված, առանց որևէ գործիքի հետք տեսնվելու անոնց վրա. պարզ նկատելի է, որ մարդկային բիրտ ուժն է օգտագործված կառուցման աշխատանքի մեջ։
Ընդհանրապես զանազան ենթադրություններ եղել են դոլմենների մասին. քննողներեն ոմանք զոհի սեղան են կարծել, ոմանք կրոնական որոշ նշանակներ և ոմանք պարզապես համոզվեցին, որ նախամարդու գերեզմաններ էին, բայց ոչ հասարակ մարդու, այլ տոհմապետի և կամ տոհմի մեջ որոշ իշխանություն և դիրք ունեցող մարդու, որովհետև դոլմեններին զուգահեռաբար կան նաև ուրիշ տիպի գերեզմաններ, որոնց մասին պիտի գրեմ իրենց կարգին։
Թափառաշրջիկ կենցաղի շրջանում մարդիկ իրենց մեռելները կլքեին, իսկ նստակեցության ժամանակ սովորություն կար մեռելները զետեղել բնական քարայրերի մեջ, եթե իհարկե, իրենց բնակած շրջանում կային բնական քարայրեր։ Բայց պատահեցին բնակավայրեր, ուր բնական քարայրեր չկային, ուստի, ըստ սովորության, բնականի փոխարեն արհեստական քարայրեր շինեցին և իրենց մեռելները այդ արհեստական քարայր-դոլմենների մեջ զետեղեցին։ Շատերի համոզումն է, որ այժմյան բացօթյա դոլմենները երբեմն հողով ծածկված էին, ժամանակի ընթացքում, բնական պատահարներով հողը վրաներից գնացել և մնացել են բացօթյա։
Ամենայն հավանականությամբ, նորաքարային շրջաններին պատկանող դոլմեններ շատ կան Հայաստանում, ինչպես՝ Օշական, Փերսի և այլ տեղեր, որոնք կամ կիսովին հողով ծածկված են կամ մեծ հավանականություն են ցույց տալիս հողով ծածկված լինելու, հետևաբար անոնց հին գերեզմաններ լինելուն կասկած չի մնում, թեև անոնց մեջ, մեծ մասամբ, մարդկային կմախքներ չեն գտնվում։
- ↑ Այս ուսումնասիրությունը տպագրվում է առաջին անգամ, հեղինակի ձեռագիր օրինակից: Ձեռագիրը վերնագիր չունի: Վերնագիրը դրել ենք մենք, ելնելով աշխատության բովանդակությունից: ԿԱԶՄՈՂ