Էջ:The Architecture, Tom 1.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեծ գերեզմանատան հարավային մասի մեջ կան երկու միմյանց մոտ բոլորակ աշտարակների մնացորդներ, գրեթե նույն տրամագծով, ինչպես Աղավնատան սահմանի մեջ Օյուղ անվանված աշտարակը, սակայն այս մնացորդներն ավելի նախնական և արվեստագործությամբ ավելի ստորին աստիճանի վրա են։ Բարձրությունից շատ փլած են. հազիվ մեկ և կես կամ երկու մետր բարձրությամբ պատեր մնացած են, իսկ փլած քարերն ամբողջովին տարված են, ինչպես ուրիշ շատ քարեր տարել են այս գերեզմանատնից։ Շրջապատ պատերի համար գործածված քարերն ավելի մեծազանգված ու անկանոն են և գրեթե գործիքների հետքեր հազիվ երևում են վրաները, շարվածքը նույնիսկ կոպիտ և անշաղախ, և պարզ երևում է, որ ավելի հնագույն է, քան Աղավնատան սահմանի աշտարակը։ Օյուղի աշտարակի բոլորակ հատակագիծը բավական կանոնավոր է, բայց Հաջիղարայի գերեզմանատան զույգ աշտարակների կազմության մեջ պարզ հայտնի է այն ճիգը, որ որմնադիրներ ի գործ դրել են կանոնավոր բոլորակ հատակագիծ ստանալու համար և լիովին չեն հաջողել:

Այս գերեզմանատնից դեպի հյուսիս-արևելք 3-4 կիլոմետր հեռավորության վրա կա մի բոլորակ աշտարակի մնացորդ, որ շատ նման է Աղավնատան սահմանի Օյուղ անվանված աշտարակին թե՛ արհեստագործությամբ և թե՛ մնացորդ հանգամանքներով։ Դուռ ունի արևմտյան կողմից՝ մեկ մետր քառակուսի, նույնպես ներքին կողմի մուտքը խափանված է վերևից թափված փլատակ քարերով։ Այս աշտարակի շուրջը ընդհանրապես քարքարուտներ են ընդարձակ տարածության վրա և տեղ տեղ երևում են կրոմլեխներ։ Շրջակա գյուղացիք, իհարկե, անծանոթ այս աշտարակի ծագման և անոր կոչման մասին, մի ավանդություն ստեղծել են և այդ ավանդության հիման վրա արդար Դավիթ անվանում են այս աշտարակը կամ՝ արդար Դավթի աշտարակ[1]:

Այս բոլորակ աշտարակներից մի մնացորդ ևս կա Անիի և Բագնայրի մոտերքը (եզդիաբնակ Ղոզլիճա գյուղ), Ալաջա լեռան արևելյան կողմը, վերջին բլուրի գագաթի վրա, որը նույն տրամագիծն ունի նախորդ նկարագրությունների հետ։ Արհեստագործությամբ շատ նախնական է և գրեթե նման Հաջիղարայի գերեզմանատան մեջ գտնված զույգ աշտարակներին։ Շուրջը մաքրված է քարքարուտներից, միայն հեռվից կիկլոպյան անշաղախ երկու շարք պարիսպներով փակված է։ Այս մասին ավելի մանրամասն գրել եմ իր ժամանակին «Ազգագրական հանդեսի» մեջ:

Իմ տեսածներիցս վերջիններն այս ձևի աշտարակների մնացորդները, որոնք այժմ գոյություն ունին Էջմիածնի մոտ Աղջակալա գյուղի եզերքին։ Բացի այն մեծ գերեզմանատնից, որ մինչև այժմ փորում և հողը տանում են արտեր պարարտացնելու համար, այս վայրին մոտ մի աշտարակի մնացորդ կա գրեթե հողին հավասարված, 10 մետր տրամագծով։ Նույն ուղղությամբ դեպի հարավ-արևելք կա մի ուրիշ բոլորակ աշտարակի հիմք, որ 21 մետր տրամագիծ ունի։ Այս մեծ ու փոքր բոլորակ աշտարակների մնացորդներից դեպի արևելք կա մի ուրիշ, սրբատաշ քարերով և կրաշաղախով շինված մի բոլորակի մնացորդ, որը 4,50 մետր տրամագիծ ունի և 80 սանտ. պատերի հաստություն։ Նախկին բոլորակները, ըստ Աղջակալա գյուղացիների, գերեզմաններ են, որոնց մեջեն շարունակ գտնում են զանազան մեծությամբ խեցեղեն ամաններ, և հողերը տանում են արտեր պարարտացնելու, բայց այս վերջին բոլորակ շինությունը վերջերս ևս նկատված է իբրև ուխտատեղի. գուցե այս մի ավանդության շարունակությունն է, որ գալիս է նախաքրիստոնեական ժամանակներից. վերջերս ևս, նույն ավանդության հիման վրա, նորագույն ձևով, սրբատաշ քարերով և կրաշաղախով նորոգել են և ժողովրդական ուխտատեղի դարձրել են։


Ե
ԱՄՐՈՑՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առանձին խմբերի բաժանված տոհմեր, երբ նստակյաց դարձան և հաստատվեցին երկրի զանազան մասերի վրա, գլխավորաբար տոհմերի հարձակումներից պաշտպանվելու հահար, որ հաճախ պատահում էր, իրենց կազմած համայնքի համար մի առաջնորդողի կարիք ունեին, որուն գլխավոր արժանիքը պետք է որ լիներ կռիվների մեջ քաջություն և պատերազմասիրություն։ Իսկ երբ ընտրությունը վերջանում էր, այն ժամանակ և միշտ չափազանց խոնարհությամբ և հնազանդությամբ ամբողջ համայնքը հպատակվում էր առաջնորդին և անձնվիրաբար կատարում անոր բոլոր հրամանները։

Դարերի ընթացքում այս համայնքներե ոմանք

  1. Պերճ Պռոշյան այս վերջին ավանդությունն ընդհանրացնում է, իր «Կռվածաղիկ» վեպի ԻԹ գլխի նյութ շինելով։ Պերճ Պռոշյան այս ավանդությունը պատմում է մոտավորապես հետևյալ կերպով.
    Չափազանց մեծ հարգանքի արժանացած մի սուրբ ճգնավոր իր մենավոր բնակությունը հաստատել էր այս աշտարակի մեջ, և որպես թե ճգնական չափազանց ժուժկալ կյանք էր անցընում: Ամեն օր գալիս էր Էջմիածնի տաճարը գետնատարած աղոթելու համար: Այդ միջոցներին Էջմիածնի ուսումնարանից շաբաթը մի աշակերտ անհետ կորչում էր. միաբանների կողմից այս կորած աշակերտները գտնելու համար գործադրված ամեն հնարք և խուզարկություն անօգուտ էր անցնում։ Մեծ մտահոգության և վշտի մեջ էին այդ ժամանակվա ոչ միայն միաբանները, այլ և այն ժամանակվա կաթուղիկոսը: Ուստի կաթուղիկոսը մի օր իր մոտ կանչելով «Արդար Դավթին», դիմում է անոր օգնությանը և ասում է. «Ի՞նչ անենք, Դավիթ հայր, դու սուրբ մարդ ես, մի ճար արա այս անբաղդությունին».— պատասխանը լինում է խուսափողական և կատարելապես իր անմեղությունն ապացուցանող, ասում է. «Հսկում, պատարագ արեք, արժանավորաց աղոթքը բարեխոս լինի և այլն և այլն»։ Բայց հետաքրքիր է, թե ինչ հետևանք է ունենում այս չափազանց մտահոգիչ պարագան։ Մի օր Էջմիածնի վանքի մեջ կանգնած տեղը, արդար Դավթի մեջքին կպցրած մի թուղթ են տեսնում. թղթի վրա գրված է լինում, թե՝ «Ի սեր աստուծո, ինձ ազատեցեք այս տեղից. արդար Դավիթն ինձ խաբելով բերեց իր տունը. էգուց պտի ինձ մորթի ուտի, իմ բոլոր ընկերներին սա է կերել»։ Էս գրողն եղել է վանքի կորած մոնթերից մինը։ Իհարկե առ ժամայն ձերբակալել են, և իր աշտարակի մեջ ձեռը, ոտը կապած ձգել են վառած կրակի մեջ ու այրել են ի պատիժ իր մարդակերության։