քարերով ամրոցի պատեր կան, որոնք, կարող եմ ասել, թե որմնաշինական գործիքներ բնավ գործածված չեն շինության ժամանակ, պատի հսկայական քարերի վրա ոչ միայն որմնաշինական գործիքների հետքեր չկան, այլև կազմված պատի քարերը չունին, միմյանց վրա ահավոր քարերի կուտակումներ են, լարաձիգ ուղղության հետք չկա, աչքի չափով տեղին վրա հարմարցնելով շինված պատեր են։ Կրաշաղախը բնականաբար անծանոթ էր, իսկ մեծազանգված չոր քարերի կուտակումով կազմված պատերն ավելի ճիշտ կլիներ, փոխանակ պատի կամ պարսպի, արգելափակ անվանել։ Ահա որմնաշինության այս ձևն է, որ ես վերագրում եմ առաջին շրջանին:
Կան նաև պատեր և սլարիսպներ, որոնք թեև մեծազանգված քարերով անշաղախ շինված են, սակայն փոքր ի շատե հառաջադիմություն են ցույց տալիս որմնաշինության մեջ։ Հիրավի, դարձյալ քարերի կարգ չկա, այնուամենայնիվ նախընթաց շրջանի նման կուտակումներ չեն, անկանոն ձևով քարերի իրարու վրա զետեղումեն առաջ եկած դատարկությունները, ըստ հնարավորության, փոքր քարերով լեցված են։ Մեծամեծ քարերի պատահական անկանոն բարակ պոչերը կտրելով, անշարժ զետեղման հարմարեցրած են տեղի վրա։ Սա արդեն երկրորդ շրջանն է:
Գալիս է մի ուրիշ շրջան, որի ժամանակ ոչ միայն պատի քարերը համեմատաբար փոքրանում են, այլև հատ-հատ քարերի վրա երևում են քառակուսելու և լարաձիգ ուղղությամբ պատի մեջ շարելու ճիչերը։ Նույնիսկ նկատվում են քարեր, որոնք ամբողջովին տաշած են: Այս տաշված քարերը գործածված են անկյունների և դռների բարավորների համար։ Ավելի կանոնավոր տաշված են ուրարտական շրջանի բևեռագիր քանդակված քարերի երեսները։ Եղվարդի մոտ, Դովրի գյուղի մեջ, նախաքրիստոնեական հին ամրոցի քարերի մեջ համեմատաբար ավելի շատ են սրբատաշ որձաքարեր։
Իմ կարծիքով, քարերի այսքան մաքուր տաշվածք կարելի էր միայն երկաթի գործիքներով ստանալ։ Ուստի, բնականորեն կարելի է հետևցնել, որ տաշված որձաքար երեսներով կառուցված շենքերը երկաթի դարու և երկաթե գործիքների արտադրած գործեր են։ Իմ երկար հետախուզական ճանապարհորդության ընթացքում երկու տեղ միայն տեսած եմ մաքուր տաշված բազալտ քարեր։ Այդօրինակ քարեր նախ երևում են Արմավիրի շրջանում, որ, ըստ ամենայնի մաքուր տաշելուց հետո, շատերի վրա բևեռագիր արձանագրություններ փորագրված են։ Երկրորդ՝ Դովրիում. այս գյուղում բևեռագիր արձանագրություններ չեն երևում (գուցե եղել են և ժամանակի ընթացքում անհետացել են), բայց կառուցված փոքր միջնաբերդի կամ դղյակի պատերի մեծ մասը տաշված բազալտ քարից են։ Այս երևույթն ինձ ենթադրել է տալիս, որ Դովրիի ամրոցը շատ ուշ ժամանակ շինված է (անշուշտ ուրարտացիների օրով)։ Այնպես որ, այն ժամանակ, երբ որ երկաթի գործիքները բավականին կանոնավորված էին և գործածությունն ընդհանուր եղած էր:
Ինչպես վերև ակնարկեցի, արդի Հայաստանի մի փոքր սահմանի մեջ այնքան խիտ կերպով տարածված կիկլոպյան ամրոցներ և ամրոցների հովանավորության տակ քաղաքատեղիներ ցույց են տալիս, թե այդ փոքր մասի մեջ քանի համայնքներ կային և ինչ քաղաքական ու տնտեսական հարաբերության մեջ էին միմյանց հետ։
Նախնական բերդեր և բերդաքաղաքներ գտնված շրջաններում, հետագային, մինչև մեր օրերը կյանքը շարունակող բնակիչներ հետզհետե մաշեցուցել են այդ բերդերն ու ամրոցները, և հազիվ մնացել են հաճախ շրջապարիսպների հիմքերը. պատերը հետզհետե քանդել են և քարերն իրենց անձնական պետքերի համար են գործածել: Նույն վարմունքն ունեցել են նաև քաղաքատեղիների հետ, մեծ մասամբ բնակարանների քարերը մաքրելով, վարելահող են դարձրել։ Իսկ կան այնպիսի վայրեր, որոնք ոչ միայն որոշ չափով պահել են ամրոցներն իրենց պարիսպներով և պարսպապարփակ շենքերի ավերակներով, այլև մի քանի շարք պարիսպներով շրջապատված բարձր բլուրների ստորոտում՝ քաղաքատեղիներ բարձր ամրոցի հովանու ներքև։ Այս մնացորդ քաղաքատեղիների մեջ պարզ կերպով կարելի է որոշել բնակարանները, քաղաքի փողոցները և ուրիշ կուլտուրական մնացորդներ։ Ահա այս բազմադարյան ավերակներն են, որ կարելի է որոշ չափով նկարագրել և ճարտարապետական ու շինարարական տեսակետով կարծիքներ հայտնել, որոնք պիտի պարզեն նաև շինության ժամանակը կամ դարաշրջանները։
Նախնադարյան շրջանի սկզբից մինչև քրիստոնեական թվականի նախօրյակը Հայաստանում գոյություն ունեցող ամրոցների և քաղաքատեղերի անունները հետևյալներն են, որոնց ես անձնապես ուսումնասիրել եմ.
- Արմավիր
- Հաջի-Խալիլ
- Հոռոմ
- Ադյաման
- Կափըլի
- Ամբերդ
- Զեյվա
- Կուլիջան
- Կանլիջա
- Շիրվանջուղ
- Օշական
- Մահմուդջուղ
- Թալին
- Արմտլու
- Կոխդայիրման
- Գյավուրդալա
- Աղջակալա
- Ղըզնավուզ
- Աղավնատուն
- Աղթամուր
- Դովրի
- Հաջիղարա
- Հարամլու
- Ֆրանգանոց
- Ղոթուր (յայլա)
- Շամիրան
- Կարսի շրջան
Այս ցուցակի մեջ սահմանափակ թվով դրված են կրոմլեխներ և մենհիրներ պարունակող տեղերի անունները։
Վերոգրյալ ցանկը միմիայն պատմական Այրարատյան նահանգի մեջ գտնվածների ցուցակն է, այն էլ ոչ լրիվ։ Բավական թիվ կկազմեն նախնադարյան այն ավերակները, որոնք ես չեմ տեսած և չեմ կարող անոնց մասին որևէ կարծիք հայտնել: Իսկ եթե ամբողջ Հայաստանը խուզարկենք, գուցե իմ տված ցուցակի տասնապատիկեն ավելի ավերակներ գտնենք, քան ինչ որ ես տեսել եմ:
Իմ վերոգրյալ ցուցակի մեջ գրված տեղերում