Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բլուր, որը, ինչպես երևում է, իբրև պահնորդարան կծառայեր և կպաշապաներ արտաքին հարձակումներից թե՛ քաղաքը և թե՛ ամրոցները, որովհետև քաղաք մտնելու միակ ճանապարհն այս կողմն էր և դռնից մտնողը, դեռ քաղաք չհասած, այս պարսպապատ բլուրի կողքով պիտի անցներ։

Մեծ ամրոցի գագաթից երևում է, թե ինչպես շրջապատված է եղել թե տոհմապետի մեծ ամրոցը և թե քաղաքը փոքր ամրոցներով, արևելքից և հարավից, բայց այս շրջապատող փոքր ամրոցներից յուրաքանչյուրը միայն մի կիկլոպյան պարիսպ ունի։

Փոքր ամրոցներին մոտիկ, բարձր տեղի վրա կգտնվի ամրոցներին ժամանակակից արհեստական լիճը, որը շինված էր թերևս անասնոց ջուր խմելու համար։ Այժմ, թեև որոշ չափով վնասված, տեղ-տեղ քայքայված, սակայն հովիվներն օգտագործում են իրենց խնամքին հանձնված անասուններն այս արհեստական լճից ջրելով: Լճի ջուրը գոյանում է մասամբ անձրևներից, սակայն գլխավորաբար այն առվից, որ կապ ունի Արագած լեռան գագաթի ջրվեժի հետ (թեև այժմ անկանոն կերպով գալիս է ջուրն առվից)։

Վերջին անգամ Հաջի-Խալիլ այցելության միջոցին, ավելի համոզվեցի, որ այս բերդը և բերդաքաղաքը լքել են մոտակա Կոխդայիրման գյուղի մեծ ամրոցը շինվելուց հետո, և ամբողջ բնակչությունը փոխադրվել է այնտեղ իբրև ապահով վայր թե քաղաքի և թե ամրոցի տեսակետից։ Բայց Կոխդայիրմանի մասին գրելիս պիտի տամ մանրամասնություններ բերդի և քաղաքատեղիի մասին։

Հոռոմ.− Հոռոմ գյուղին կից, բարձր բլուրների վրա կան մեծ նախնադարյան ամրոցների և քաղաքի ավերակներ, որ ունին բազմակողմանի հետաքրքրական և ուսումնասիրելի մասեր իրենց մեջ։

Գյուղի արևելյան կողմի մի մեծ հրաբխային քարքարուտ բարձունքի վրա կգտնվի այս հոյակապ ավերակը։ Այս ավերակները գյուղացիք անվանում են Ղալա իչի (այսինքն՝ միջնաբերդ), ինչպես Հաջի-Խալիլում և նմանօրինակ վայրերում։

Քաղաքը և բերդաքաղաքը մոտավորապես չորս քառակուսի կիլոմետր տարածություն կբռնեն։ Բացի հին ու նոր ամրոցներից և, որոշ նպատակով, քաղաքի մեջ ամուր պարիսպով շրջափակված տեղերից, մասնավորների բնակության հատկացված քաղաքը շատ ընդարձակ տարածություն ունի։ Հոռոմ գյուղի անմիջապես եզերքից սկսվում է մի լեռնալանջ, այս լեռնալանջից մինչև կատարին հասնելը և կատարից դեպի արևելք և հարավ տարածված միջավայրը, նախնադարյան քաղաքատեղին է, որի մեջ շատ որոշ կերպով կտեսնվին փողոցներ և փլատակ բազմաթիվ տների հիմեր։ Փողոցները մի քանի տեղեր մինչև վեց մետր լայնություն ունին, իսկ առհասարակ շատ կան փողոցներ, որ հազիվ մեկ մետր լայնության կհասնին։ Տները մեծ մասամբ մի բաժանում ունին, հազվադեպ կարելի է երկու բաժանումով բնակարան գտնել այդ ավերակի մեջ։ Տների դռները, թեև առանց բարավորի, բավական լայն են, պատերը մինչև հատակ գրեթե քանդվել են, ուստի չի գիտցվիր, թե պատերի վրա լուսամուտներ կան, թե՞ ոչ:

Բայց ըստ մի տեսակ հին սովորության, ապահովաբար լույսը վերից էին առնում, և տանիքները հորիզոնական ծածկված էին փայտե գերաններով։ Ըստ ժամանակի պահանջի կտմ ըստ ավանդական սովորության, այստեղ ևս քաղաքի և ամրոցների շինության համար ընտրված է մի սարսափելի քարքարուտ վայր, անշուշտ, ապահովության և պաշտպանության նկատառումներով, քաղաքատեղին ու մեջի