Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեծ ամրոցները և հասարակական վայրերը օղակված են փոքր բլուրներով, որոնք ևս հրաբխային քարքարուտ, անհավասար բարձրությամբ բլուրներ են:

Բոլոր նախնադարյան բերդաքաղաքների մեջ Հոռոմի բերդաքաղաքը միակն է թե՛ իր մեծությամբ և թե՛ բովանդակությամբ: Քաղաքը տարածված է զանազան բարձրությունների վրա և միջնապարիսպների բաժանված է այլ և այլ մասերի կամ քաղաքամասերի. ամեն մի պարսպապատ քաղաքամաս իր մեջ ունի մի շենքի կամ հաստատության ավերակ։

Հարավ-արևմտյան կողմը, ամենաբարձր տեղի վրա, կա մեծ ամրոց կամ միջնաբերդ, որի շրջապատ պարիսպները կատարելապես հիշեցնում են Հաջի-Խալիլի ամրոցի բոլորովին նախնական որմնաշինությունը: Անշուշտ, այս մասն ամենահին ժամանակ առաջին անգամն է շինված իբր ամրոց և հետո, հետզհետե տարածվել և ընդարձակվել են քաղաքը և ներքին ու արտաքին պարիսպները։

Քաղաքատեղիի և բերդամասերի բաղդատական հետազոտությունից երևում է, որ ոչ միայն նախնադարում գոյություն ունեցել են այս քաղաքը և բերդը, այլև շատ դարեր իրենց գոյությունը պահել են նախնական վիճակի մեջ։ Ապացույցներ չեն երևում, որ որմնաշինական արվեստները մինչև քրիստոնեական թվականին մոտենալը զգալի զարգացումի ենթարկվել են, կամ շատ քիչ հառաջադիմություն եղել է, սակայն այս բերդաքաղաքի տակավին շեն և մարդաբնակ ժամանակ ծանոթացել են կրի գյուտին։

Մի շատ հետաքրքրական մնացորդ է և բավական հետնագույն Հոռոմի հյուսիս-արևելյան բարձունքի վրա գտնված մնացորդը։ Այս շինության քարերը աննշան չափով իրենց վրա ցույց են տալիս թե մուրճի հարվածները և թե ծանոթություն կրի գործածության. անշուշտ, մեզ անհայտ պատճառներով, այս մեծ քաղաքին մեջ կրով շինություն այս միակն է և չէ ընդհանրացել։ Շենքն ունի միջակ մեծություն և հատակագիծը վարդաձևի նման է, որ Հայաստանի նախաքրիստոնեական շինությունների մեջ միանգամայն անծանոթ է։ Առաջին և վերջին օրինակն է, որ տեսնում եմ այսօրինակ շինության նախաքրիստոնեական ավերակների մեջ։ Միայն արևելյան և հյուսիս-արևելյան մասերն են, որ երևում են հողից դուրս, որոշ բարձրության վրա, մնացած մասերը պեղումներով միայն կարելի է ճշտել, միայն թե պարզ է, որ անհավասար մեծությամբ կիսաբոլորակ աբսիդներով շրջապատված էր այս շենքը՝ ներսից և դրսից միանգամայն որոշ։ Սև բազալտի անձև քարերով կազմված է այս շենքը և շատ աննշան չափով, մուրճի հարվածների տակ պոչերը հազիվ կանոնավորված են: Ըստ նախավանդ սովորության, քարերը միմյանց վրա [փոխանակ] չոր շարվելու, կրաշաղախով մածուցված են։ Թե ի՞նչ շենք է այս, աշտարա՞կ, մեհյա՞ն, թե մի ուրիշ հասարակական շինություն, բնավ հայտնի չէ։ Համենայն դեպս մասնավոր չէ այս կրաշաղախ մեծ շինությունը, ընդարձակ քաղաքի մեջ միակն է թե ձևով և թե արհեստագործությամբ։ Շուրջն ունեցել է առանձին պարիսպ, բայց այժմ փլած ու անհայտացած է:

Վերև հիշված վարդաձև խորհրդավոր շենքի ուղիղ արևելյան կողմը, քաղաքամասի պարիսպից մի քիչ դեպի հարավ-արևելք, երևում է մի մեծ հրապարակ, որի հատակը որձաքարի մեծամեծ սալերով սալահատակված է։ Այս սալահատակված հրապարակի հյուսիսային կողմին մոտ կա մի մեծ բնական ժայռ, որուն վրա մոտավորապես 50-60 սանտ. երկարությամբ փորագրված է հետևյալ ձևը՝ Ո, որ շատ նման են մեր գլխագիր Ո կամ Ս տառին։ Միայն այս բնական ժայռը չէ, որ փորագրված է այս նշանը, կան նաև ուրիշներ միևնույն ձևի փորագրություններ այս քաղաքամասի մեջ հարավ-արևելյան կողմի վրա։ Սալահատակված մասի հարավային ծայրին կան անհեթեթ մեծությամբ, հազիվ իմն ձևակերպված որձաքարի ահավոր զանգվածներ, որոնք որպես թե խոյակներ կամ խարիսխներ պիտի լինին. ուզել են բոլորակ ձև տալ այս վիթխարի զանգվածներին, բայց ոչ քարն էր նպաստավոր և ոչ քարկոփների ձեռքի գործիքները, ուստի բոլորովին անձև և անկերպարան բոլորակներ կազմվել են, որոնց մոտավոր տրամագիծն է մեկ և կես մետր։ Վերևի տափարակի վրա շինել են մի փոս,