Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գոյություն ունեցել են, եթե կուտակված փլատակներ կլինեին, գոնե կտեսնվեին միջնաբերդի ներքին շինությունների հիմերը: Միջնաբերդի արևելյան ծայրին, իբրև հավելված՝ կցված են երեք սենյակներ՝ հավասար մեծությամբ, որոնց երեքի լայնությունը հավասար է միջնաբերդի լայնությանը։ Թե ի՞նչ ծառայություն մատուցել են այս սենյակները բերդին կամ բերդաքաղաքին, հայտնի չէ, միայն թե բոլորովին պարզ է, որ ամրոցի հետ միաժամանակ նույն քարերով և նույն կիկլոպյան ոճով շինված են։

Այս քաղաքատեղիի և հարավային ծայրի մեծ ամրոցի շրջապատ պարիսպներու շինության համար գործ դրված միջոցներն այնքան նախնական են, որ եթե որոշ չափով նկարագրության ձեռնարկեմ, գրեթե նույնը պիտի կրկնեմ, ինչ որ գրել եմ Հաջի-Խալիլի և Հոռոմի նախնադարյան ամրոցների շինության կերպի մասին։ Հարավ-արևմտյան թե միջնաբերդի և թե լանջերի վրա եղած շրջապարիսպները, կարելի է ըսել, վերելքը խափանելու համար քարակուտակ արգելափակներ էին, իսկ քաղաքատեղիի տների համար ոչ մի բնորոշում չի կարելի անել, որովհետև այնքան քայքայված են բնակարաններ, որ հազիվ հիմերի հետքերը երևում են։

Քաղաքատեղիի արևելյան կողմի վրա կսկսի մի ձոր և այնչափ կխորանա դեպի հյուսիս, որով բերդաքաղաքի հյուսիսային մասը ևս անառիկ դիրք կստանա, այս դիրքով քաղաքատեղիի հյուսիսային կողմը ևս հավասար խորությունով ու դարևանդ ճակատով պաշտպանված է, ինչպես հարավ-արևմտյան կողմը։

Դեռ նախաքրիստոնեական շրջանում, հարավ-արևմտյան բլուրի վրայի հին անառիկ ամրոցը շինելուց դարեր հետո, գրեթե միևնույն բարձրության վրա, բերդաքաղաքի հյուսիսային ծայրին, շինել են մի ուրիշ ավելի ընդարձակ ամրոց, որի ներքին տարածությունը 80x150 մետրի կհասնի, և մեջը բոլորովին քարերից մաքրված, վարված ու արտի է վերածված։

Այս ամրոցի որմնաշինական արվեստը բավական տարբեր է հին ամրոցի որմնաշինական արհեստագործությունից։ Այս պարիսպների քարերը թե համեմատաբար հին ամրոցի քարերի ծայրերի վրա գծով շարված են և թե քարերի ծայրերի վրա երևում են մուրճի հարվածներ, անոնց քառակուսի ձև տալու համար, թեև բոլորովին չեն հաջողած, այնուամենայնիվ որոշ երևում է փոքր ինչ զարգացումը և նախորդներից տարբերությունը։

Ամրոցի պատերը ներկայիս տակավին մեկ մետրից մինչև մեկ ու կես մետր բարձրություն ունին շուրջանակի։ Մտից դուռն արևմտյան կողմն է, դռան լայնությունը մոտավորապես չորս մետր եղած է։ Դռան երկու քովի պատերի բարձրությունները երեք մետրի կհասնին, իսկ երկարություններն անորոշ են, սակայն ամբողջ ամրոցի լայնության հավասար չեն։ Հարավակողման և արևմտակողման պարիսպները զույգ են, ներքին և արտաքին։ Արտաքին պարիսսլի դրսի երեսի վրա խիտ կերպով շարված են քառակուսի բուրգեր, իսկ հյուսիսային և արևելյան կողմից այդ հետնաշեն ամրոցը պաշտպանված էր չափազանց թեք զառիվայրով և զառիվայրի վրա մի քանի կարգ պարիսպներով, մինչև խորը երևացող վտակի եզերքը։

Նախնադարյան և նախաքրիստոնեական շրջաններում կանգնված բերդաքաղաքներից շատ քչերն են, որ մինչև քրիստոնեական թվականը հասել և այս կողմը մի քանի դար միևնույն տեղում շեն մնացել են։ Ուրիշ նախաքրիստոնեական ամրոցներում և բերդաքաղաքներում տեսել ենք, որ դեռ քրիստոնեական թվականի նախօրյակին շատերը լքել են բերդ, ամրոց և քաղաք ու գաղթել են ուրիշ տեղեր կամ նոր քաղաք են հիմնել։ Բայց, ինչպես երևում է, Ադյամանի մեջ նույն բանը չէ տեղի ունեցել, քաղաքի բնակիչները մոտիկ տեղափոխությամբ մնացել են այնտեղ, շեն պահել են քաղաքը և շրջանները, և քաղաքի մեջ (այժմ Ադյաման գյուղ) 7-րդ դարում մի հոյակապ եկեղեցի են շինել, որ կարելի է համեմատել Թալինի մեծ կաթուղիկեի, Մրենի և այլ նման մեծագործությունների հետ։ Իսկ նախաքրիստոնեական վերջին շրջանին նույնիսկ ճարտարապետության մեջ մեծ հառաջադիմություն