Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա մանր քարերով ծածկել են մայթանման. կրոմլեխի ձևակերպման այս եղանակը մեծապես տարբերվում է ուրիշ զանազան վայրերի կրոմլեխներից:

Գյուղի դիմաց, դեպի ամրոցներ և քաղաքատեղի բարձրանալու ճանապարհի վրա մի քանի քարայրեր կան, որոնց խորություններն և ներքին ձևերն ինձ հայտնի չեն, որովհետև բերանները փլատակներով խցված են. համենայն դեպս այս քարայրերը պեղմամբ հետազոտել հարկավոր է. թերևս պեղումներից պատմական մեծարժեք իրեր հայտաբերվին։

Վերջապես, այս բերդաքաղաքը թեև մեծ մասամբ քարե դարի մնացորդներով լեցուն է, և կասկած չի մնում, որ հին շրջանում երկար դարեր չեն մնացել է, սակայն նախաքրիստոնեական վերջին շրջանի մնացորդ նմուշներից ևս երևում է, որ քարե դարից հետո իսկ, երկար դարեր մարդկային հոծ բազմություն գոյություն ունեցել է այս քաղաքում։

Ադյաման.— Ժամանակագրական տեսակետով, Արագածի արևմտյան լանջի վրա, Ադյաման գյուղի կառուցված նախնադարյան բերդն ու անոր ստորոտի բերդաքաղաքն ամենահին ծագում ունին, որովհետև երկար դարեր շեն են եղած այս և բերդաքաղաքը, հետագային մի բերդ ևս շինել են ավելի մեծ ու ընդարձակ, և բերդաքաղաքը գտնվում է երկու բերդերի մեջտեղը։ Այս վերջին շինված բերդը, համեմատելով նախորդ շինվածի հետ, փոքր ինչ զարգացում է ցույց տալիս որմնաշինական արհեստագործության մեջ։

Ինչպես երևում է, քրիստոնեական նախնական դարերում այս շեն և բազմամարդ է եղած, որ այս բերդաքաղաքից ցածր 7-րդ դարում կառուցված է մի մեծ և հոյակապ քրիստոնեական եկեղեցի։ Լուրջ հետազոտություններ ապացուցում են, որ քրիստոնեական շրջանում բնակչություն բնավ չի լքեր Ադյամանը և շրջակայքը որովհետև երկու շրջանի հատուկ հնություններ հավասարապես գտնվում են։

Ադյամանի բերդերի և բերդաքաղաքի տեղի ընտրությունը ևս եղած է իր ժամանակի պատերազմական պահանջների համաձայն։ Այժմյան գյուղի արևելյան կողմը, բարձր դիրքի վրա կա մի քարքարուտ լեռնաշղթա, որ մոտավորապես երեք կիլոմետր երկարություն ունի, երկու ծայրերը թեքված են դեպի արևմուտք, իսկ առջևն ունի մի ընդարձակ հարթավայր, ահա այս նկարագրված դիրքով տեղն ընտրած են բերդի և բերդաքաղաքի համար: Քարքարուտ լեռնաշղթայի հարավ-արևմտյան կողմը կբարձրանա, համեմատաբար քան մյուսները, ավելի մեծ և ընդարձակ բլուր, որի վրա շինված է նախնադարյան հին ամրոցը, իսկ մեծ բերդակիր բլուրեն դեպի հյուսիս, մակերևույթը փոքր ինչ դեպի արևմուտք թեքված հարթավայրի վրա շինված էր բերդաքաղաքը, որի այժմ հետքերը միայն որոշ կերևին։ Իսկ դեպի արևմուտք քաղաքատեղիի եզերքից դեպի ցած մի դժվարամատչելի զառիվայր է մինչև այժմյան գյուղի ներքև, ուր կգտնվին գյուղի վարելահողերը։ Հարավային ծայրի բերդակիր բլուրի շուրջը բնական կերպով պաշտպանված է թեք անդնդային խորություններով, որոնց տակը երևում են գյուղեր և գյուղական վարելահողեր։

Հարավ-արևմտյան բարձր բլուրի վրա շինված սկզբնական հին ամրոցը հյուսիս-արևմուտքից պատված է չորս կարգ անշաղախ կիկլոպյան պարիսպներով, իսկ հարավ-արևելյան կողմի վրա, բացի բլուրի գագաթից, ուրիշ պարիսպ շինելու կարիք չէ զգացվել, այդ կողմերի անդնդային խորության պատճառով։ Գագաթի միջնաբերդի մեջ, որ 60x100 մետր մոտավորապես տարածություն ունի, չափազանց շատ փլատակների պատճառով չի նկատվում, թե ներքին ի՞նչ բաժանումներ