Էջ:The Architecture, Tom 1.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


այդ մի քանի հարցերի լուծումով չի կարող վերջանալ Հայաստանի ճարտարապետական մեծ արվեստի քննադատական ուսումնասիրությունը։ Իսկ հայ հիշատակարաններեն մեկ քանիսին գիտնականների և բանասերների կատարած այցելությունը առիթ տվել է ոմանց ներբողել և ոմանց քննադատել պատմական Հայաստանի ճարտարապետության պատկանող այդ հիշատակարանները։ Բայց այդ ամենն ամենևին գիտական քննադատություններ չեն, և եղած բոլոր գովեստներն ու մակերևութային քննադատությունները գրեթե ճշմարտությունից հեռու են։ Միմիայն լուրջ արվեստագետը, ընդարձակորեն հավաքված նյութերի վրա կարող է համեմատական քննություններ կատարել և որոշ եզրակացության գալ ստեղծագործությունների, փոխառությունների, ներքին և արտաքին ազդեցությունների մասին։ Ուստի, ներկա աշխատությունով, ինչքան որ հնար է, [ուզեցել եմ] ի մի հավաքել բնականեն չափագրված և ընդօրինակված ուսումնասիրելի նյութերը բոլոր արվեստագետների համար, որոնք, քննության և քննադատության ենթարկելով հավաքված հուշարձանները, գոնե մի հավանական եզրակացության կուգան անոնց ոճի, շինելակերպի և թե ստեղծագործությունների ու փոխանցումների մասին։

Հայաստանի մեջ առանձնապես ինքնուրույն զարգացած ճարտարապետական արվեստը բնավ քննադատության բովեն անցած չէ, որովհետև թե շատ սակավաթիվ նյութեր կան հրապարակում հրատարակված և թե եղածներն ալ իրականին անհամապատասխան են՝ մեծավ մասամբ սխալ չափագրություններով և վատորակ լուսագրումներով։ Լուսանկարներ չափազանց քիչ օգտակար կարող են լինել ճարտարապետական ոճերի զննության համար, անոնք պետք է տեղին համեմատ իբրև ապացույց ներկայացնել չափական գծագրությունների համար։ Շինարարական արվեստի քննության համար լուսանկարներ բնավ օգուտ չունին։ Ճարտարապետական և շինարարական գաղտնիքներ, մանավանդ արվեստագիտական նշանակություն ունեցող շենքերի որոշ հատկություններ միմիայն ճիշտ չափագրությամբ և գծագրությամբ երևան կուգան․ հետևաբար այս մասին է, որ գլխավորաբար աշխատել եմ օգտակար լինել։

Հիրավի, օտար պատմական ճարտարապետությանց համար ընդարձակ ուսումնասիրություններ շատ կան, և այդ ուսումնասիրությունների մեջ հետզհետե նորություններ և ճշմարտություններ են ավելանում։ Սակայն հայոց ճարտարապետությունը, համեմատելով օտարներու զարգացած ուսումնասիրությանց հետ, չափազանց ետ մնացել է, կամ լավ է ըսել բնավ չէ ուսումնասիրվել։ Թե ինչու Հայաստանի պատմական ճարտարապետությունը և գեղարվեստի ուսումնասիրությունը այսքան ետ են մնացել, իմ կարծիքով, հետևյալ պատճառներ ունին։

Նախ՝ Հայաստանի տիրապետողների համար աննշան տեղ կբռներ հին արվեստների ուսումնասիրությունը, երկրորդ՝ մեր մեջ գրեթե հասած չէին հին գեղարվեստներին նվիրված գեղարվեստագետ ճարտարապետներ, որ զգային անհրաժեշտությունը և հետևեին ևրոպական գիտնականներին և տեսնեին, թե ինչ դժվարություններով և դարերի աշխատանքներով հասան նույն բարձրության։

Նախապես ևրոպական գիտնականներ հենված էին հին պատմագիրների տված հատ ու կտոր տեղեկությունների վրա և իրենց եզրակացությունները ձևակերպում էին այդ մագաղաթների աղքատիկ տեղեկություններով: Սակայն, երբ նկատեցին, որ հին պատմագիրներ քննելով և նրանց վրա հիմնվելով, հաճախ անճշտություններ և հակասություններ են երևան գալիս, այն ժամանակ, թողելով հին ուղղությունը, բնականաբար մտածեցին ավելի լուրջ և նպատակահարմար ճանապարհ։ Բավականություն չէին տալիս անաչառ և ճշմարտասեր գիտնականներին այդ հակասությունները և քմածին առասպելները, անհրաժեշտ էր ճշտել և ավելորդները իսպառ արտաքսել և անոնց տեղ ավելցնել կամավոր թե ակամա զանցառության մատնված իրական շահագրգիռ անցքեր, ուստի, այս ուղղությամբ ուսումնասիրության համար, վճռականապես որոշվեցավ պատմության զուգընթաց հին ազգերի թողած հուշարձաններն ևս հետազոտել և ուսումնասիրել։

Բայց որչա՞փ դժվարին էր առաջադրված նպատակի իրագործումը և որչա՞փ մարդկային կյանք ու զոհաբերություններ հարկավոր էին այդ անհունապես մեծ գործը հառաջ տանելու համար։ Ո՞ւր փնտռել, ո՞ւր դիմել այդ ճշմարտությունների անվիճելի աղբյուրները գտնելու համար, որոնք հնադարյան մարդկային տգիտության, բարբարոսության և երբեմն ալ բնության սոսկալի արհավիրքներու պատճառավ հավիտենապես թաղված էին թանձր մառախուղի տակ։

Մարդկային ծայրահեղ հետաքրքրությունն այդ դժվարության առջև ալ չտկարացավ։ Ծայրահեղ համբերությունը, գերմարդկային տոկունությունը, միացած չնաշխարհիկ տաղանդի հետ, մեկ կողմ դրավ հին պատմություն ըսված կիրքերու և քմահաճույքներու պղտոր աղբյուրները և դիմեց շեն ու անշեն դարավոր փլատակներու, հիշատակարաններու ճշմարիտ ու պերճախոս վկայության,− սրանք ավելի լուսավոր ճառագայթներ արձակեցին պատմության մութ ու անստույգ խավերուն մեջ, քան թուղթերն ու գրքերը։ Գիտական աշխարհը բահով ու բրչով զինված և միլիոնների պատկառելի գումարներով, պատռեցին երկրի խորհրդավոր գաղտնի բների ձոցը, մտան հազարավոր տարիներ առաջ քարացած լավաներու անթափանցելի խավերուն մեջ և բացին մեր առջև այնպիսի կախարդական աշխարհ, որուն առջև ապշած ու հիացած մնաց ներկա գիտությունն ու պատմությունը։

Հազարավոր տարիներ առաջ ապրող մարդկության բավականին վճիտ նկարագիրը երևցավ այնտեղ, երևան եկան այնպիսի ցեղեր, ժողովուրդներ և ինքնուրույն ազգեր, որոնց գոյությունն իսկ անծանոթ էր։ Հիրավի, երկրագնդի զանազան մասերի վրա անցյալի խոր մթության մեջ լույս ու ճշմարտություն փնտռող գիտնականներ թեև երբեմն իրենց ենթադրություններով և եզրակացություններով մեկը մյուսին կհակասեին, այնուամենայնիվ միշտ ճշմարտության կմոտենային: