Jump to content

Էջ:The Architecture, Tom 1.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարզված էին ուղիղ ճանապարհը և գիտական աշխարհի ցանկալի նպատակին հասնելու համար անվրեպ միջոցները. գտնված էր մի քանի հին ազգերի անհասկանալի լեզուների և գրության բանալին, միայն օգնություն և օժանդակություն էր հարկավոր այդ կրակոտ եռանդով սկսված գործը հառաջ տանելու համար, որպեսզի օտար կլիմաների տակ, անսովոր կյանքի և սնունդի բռնադատված եզակի ուղեղներ, գիտության և պատմական ճշմարտությունների հետախույզ չնաշխարհիկ հանճարներ իզուր չփչանան:

Մեկ մարդու, մեկ ազգի ուժը բավական չէր հեռավոր անցյալի վրա թանձրացող խավարը փարատելու համար. համաշխարհային գիտնականների գործակցություն և պետական ու ազգային գանձերի սպառում էր հարկավոր:

Լուսավորյալ դարու մունետիկ և քաղաքակրթության գլխավոր ղեկավար մամուլը աղաղակ բարձրացուց, կոչ արավ վերջին դարերում ապրող բոլոր քաղաքակիրթ ազգերին՝ մասնակցել այս համաշխարհային պատմությանց առեղծվածները լուծելու մեծ և տաժանելի գործին:

Այս ընդհանուր կոչը բոլորովին անլսելի չմնաց. հետզհետե միացան բարոյական հազվագյուտ կարողություններով օժտված գիտնական մեծ ուժեր, որոնք եռանդուն օժանդակներ հանդիսացան: Անցյալի պատվույն նախանձախնդիր և ներկայիս մարդկային դասակարգի մեջ բարձր դիրք գրավելու սիրով բորբոքված ազնիվ ու խելացի ժողովուրդներ չխնայեցին գիտություն, արվեստ, հարստություն և կյանք, լիառատ թափեցին ամեն ինչ որ հնար էր, զիրենք դեպի մարդկություն, դեպի պատիվ և փրկություն առաջնորդող ճանապարհի վրա, գերագույն ուժով պատռեցին անհիշատակ ժամանակներե ի վեր պատմության հորիզոնը ծածկող վարագույրը, որուն ետև բավական որոշ տեսնվեցան մեզ ծանոթ ու անծանոթ յուրաքանչյուր ազգի ծագումն ու զարգացումը, անոնց իսկական հայրենիքն ու սեփականությունները, համամարդկային ճակատագրի բարվոքման համար գիտությանց և արվեստից միջոցավ անոնց մատուցած ծառայությունները:

Եգիպտոսն իր հնադարյան բուրգերով ու մեհյաններով կպարծենա, Ասորեստանը՝ աշխարհասասան թագավորների ապարանքներով, Հունաստանը՝ ակրոպոլներով կհպարտանա, Հռոմը՝ իր պանթեոնով, Բյուզանդիոնը՝ իր հրաշակերտ ս. Սոփիայով: Բայց մի՞թե Հայաստանը չունի յուր անցյալը փառավորող սիգապանծ աննման վկաներ:

Հայաստանի փոքրիկ ժողովուրդը Արևելքի միջնադարյան խավարի մեջ իբր քաղաքակրթության լուսավոր ջահ կբորբոքեր այն ատեն, երբ Արևմուտքն իր քաղաքակրթության օրհասականին մեջ ընկած էր:

Բարբարոսների սուրին տակ անընդհատ ջարդուփշուր եղող Հայաստանն արյան ճապաղիքներու մեջ լողալու ժամանակն անգամ, ոչ միայն գեղարվեստական սքանչելիքներու անմահ կոթողներ կկանգներ, այլև տգիտության խավարի դեմ դյուցազնորեն կկռվեր, արվեստ, գիտություն, վաճառականություն կտարածեր իր շուրջը:

Ի՞նչ թվական համեմատություն, ինչ ուժի բաղդատություն կարող է փոքրածավալ Հայաստանի պատիվը նսեմացնել զինքը շրջապատող մեծազոր ազգերու առջև, որոնց իշխող ու տիրապետող գոյությունը բազմաթիվ դարերի ընթացքի մեջ արմատացած ու ուռճացած էր:

Քաղաքական ահեղադղորդ հրաբուխներու մշտնջենական խառնարան երկրի մեջ հաճախ ոտնատակ կոխկոտվելու դատապարտված այդ դժբախտ ժողովուրդը շատ մեծագործություններ արտադրած է:

Առանց հիմնվելու Մովսես Խորենացիի հետևյալ խոսքի վրա, թե՝ «Զի թէպէտ և եմք ածու փոքր, և թուով յոյժ ընդ փոքու յոլով անգամ նուաճեալ թագաւորութեամբ՝ սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ և ի մերում աշխարհիս, և արժանի գրոյ յիշատակի...» (Մ. Աբեղյան և Ս. Հարությունյան, Մովսէսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց։ Տփխիս, 1913, էջ 10)։ Բավական է մի քննական պտույտ կատարել Հայստան երկրի մեջ, այն ժամանակ պարզ պիտի տեսնվի, թե ո՞րչափ մեծ ճշմարտություն կա Մովսես Խորենացիի վերոհիշյալ հատվածի մեջ: Հիրավի, համեմատելով Հայաստանի բնակչության փոքրության հետ, անհամեմատ մեծագործություն է իր անցած բազմադարյան ճանապարհի վրա, ետևը թողած է ճարտարապետական անիթիվ հիշատակարաններ։

Թող միայն մեր պատմահայրը չմեղադրվի Հայաստանի պատմության սկզբնական անծանոթ շրջանը դյուցազներգությամբ շարահյուսելուն համար։ Երկրագունդին վրա ապրող և մեռնող ազգերու նախնական մութ շրջանի պատմությունները միշտ դյուցազներգությամբ և առասպելականությամբ խճողված են։ Համեմատելով Մ. Խորենացիի դյուցազնական շրջանի պատմությունն ուրիշ հին ազգերի սկզբնական պատմության հետ, պիտի խոստովանինք, որ Մ. Խորենացին անհունապես բարեխիղճ և համեստ, և այս ծայրահեղ համեստության հետևանքն է կարծեմ, որ շինարարական և գեղարվեստական անստույգ ու երևակայական անհեթեթ մեծաբանություններե ազատ է յուր Պատմությունը:

Խորենացիի բովանդակ Պատմության մեջ, բացի մի Շամիրամի Վանա մեջ կատարած մեծագործություններեն և Տրդատի Գառնիի մեջ կանգնած չքնաղ հովանոցեն, գրեթե ուրիշ շինարարական աշխատությունների հիշատակություն չենք գտներ: Իհարկե, այս հիշատակությունները ևս առասպելներ չէն, պատմված շինարարությունների իրականությունը մեծ մասամբ այսօր հասած է պատմական թեթև փոփոխություններով: Ոչ միայն Հայաստանի նախաքրիստոնեական շրջանի, այլև քրիստոնեական շրջանի մասին ևս զարմանալի կերպով լուռ է, նույնիսկ կրոնական շինությունների մասին: Ուրիշ հայ պատմագիրներ, միանգամայն հակառակ Մ. Խորենացիի, առիթ են ստեղծած իրենց ժամանակին հիմնարկված կրոնական և հազվադեպ դեպքում ևս ռազմական շինարարություններ բարձրագոչ ներբողելու: Եթե մենք ավերակների խուզարկությունով Մ. Խորենացիի ժամանակակից