որոնք ավերած, քանդած ու փլուցած են իր կառուցածները։ Չնայելով էր այս անխաղաղ վիճակին, այս ազգը միշտ պահած է իր ինքնուրույնությունը, մինչև որ բաժանված է երեք պետություններու միջև։
«Իր ավերակներուն մեջ նշմարված կիսափուլ կամ իր հին ճարտարապետական և վերջերը նորոգված նմույշները, իրենց բյուզանդական ոճի նմանությամբ, արժանի կընեն մեր բյուզանդական ճարտարապետության դասերուն մեջ ուսումնասիրելու, ինչպես նույն ազգը, այնպես և իրեն գեղարվեստային ճարտարապետական ոճը։
«Այս շենքերը տարածված Հայաստանի այս այն կողմերը, որքան որ բյուզանդական ճարտարապետության ոճին կնմանին, սակայն իրենց առանձնահատուկ սեփական նիշերով բոլորովին կտարբերին անոնցինեն, և այսպես ճարտարապետական ոճերու շարքին վրա կավելցնեն նաև խիստ հետաքրքրական ոճ մը «հայկական արվեստ» (l’art arménien) անունով»։
Իրեն ծանոթ քանի մը հայկական եկեղեցիներու նկարագրությունը ընելե և անոնց բնորոշ հատկությունները բացատրելե հետո կշարունակե.
«Ուրեմն հայկական եկեղեցիներու սույն ճարտարապետական ձևերն իրենց բնածին, հատկանշական և առանձնահատուկ նկարագիրներով իսկ շատ կնմանին բյուզանդական ճարտարապետության, քան ուրիշ ազգերու ճարտարապետական ոճերուն։ Թե արդյոք սույն նմանությունը պատմական է, թե փոխանցում, այս հարց մ’է, որ լուծելու համար գիտնականներ բավական զբաղած են։
«Ոմանք կարծած են, թե հայկականը նախատիպ եղած է գոթական ոճին. այս հավանական է, զի հայ ազգի այն ճարտարապետական նմույշները հաստատապես կհամոզեն մեզ, թե հայ ժողովուրդը ավելի շինող, ստեղծող եղած է, իր քանդակները, իր գմբեթներու այնքան բնականորեն մույթերու վրա հաստատվիլը և ուրիշ իր սեփական հատկանիշները օրինակ և փաստեր են իր ուշիմության և ինքնաստեղծության»։
Վերջին հրատարակության մեջ (Manuel d'art byzantin) քանի մը քայլ ավելի հառաջ կերթա հայ արվեստին ինքնուրույն զարգացումը և անոր օտարներու վրա ունեցած ազդեցությունը ճանչնալուն մեջ. հիացմամբ կդրվատե հայ ճարտարապետներու գերագույն հմտությունը և քաղաքակրթություն ու գեղարվեստ տարածելու մեջ հին դարերուն անոնց կատարած մեծ դերը։
Սակայն, դժբախտաբար, ուրիշ աղբյուրներե քաղած թերի և հակասական տեղեկությունները վատ ազդեցություն ունեցեր են իր եզրակացություններուն վրա։ Անոր մեծ մասամբ ծանոթ չեն հայոց 7-րդ դարեն առաջ կանգնված հիշատակարանները։ Ասկե զատ, իրեն օգտված աղբյուրներու մեջ այնպիսի հիշատակարաններ ու անուններ և պատկերներ կան, որոնք անպայման 7-րդ դարեն առաջ են, սակայն նույն աղբյուրներու հեղինակները զանազան թյուրիմացություններով և կամ նվազ հետաքրքրության պատճառավ ժամանակագրական սխալ տեղեկություններ արձանագրած են անոնց մասին։ Ահա այդ սխալ տեղեկություններեն հառաջ եկեր է Ch. Diehl-ի ալ մեկ թյուր կարծիքը, թե Էջմիածնի կաթուղիկեին հատակաձևը միայն կպատկանի 5-րդ դարուն, իսկ վրայի շենքը կանգնված է 7-րդ դարուն։
Ինչպես իր նախորդներուն, նույնպես ալ Ch. Diehl-ի ուսումնասիրության մեջ հայոց 10-րդեն մինչև 11-րդ դարու ճարտարապետությունը մեկ ոճ է. մինչդեռ 10-11-րդ դարերու ոճեն անկախ նոր վերածնություն է 12-11-րդ դարերու ոճը, հին ոճեն ավանդական գծեր միայն պահելով իր մեջ. ասիկա արդեն ուսումնասիրելի նյութերու քիչության հետևանք է։ Այսու հանդերձ պետք է խոստովանիլ, որ նախընթաց հեղինակներուն մեջ շատ հազվագյուտ են, որոնք կրցած են այսքան խորաթափանց կերպով զննել և ավելի բնորոշ գույն տալ հայ ճարտարապետական արվեստին։
Ահա թե ինչպես նյութերու պակասություններ վատ ներգործություն կունենան լուրջ ուսումնասիրություններու վրա և ինչպես կհավերժանան այդ սխալները ականավոր գիտնականներու գրչին տակ, ճշմարտության գույն ստանալով։
Ch. Diehl-ի աղբյուրներեն մեկը եղած է Ստրչիգովսկին։ Այս անվանի գիտնականը շատ սիրով փարած է Արևելքի պատմական արվեստներու ուսումնասիրության։ Ունի մեծ գրական աշխատություններ, որոնց մեջ պատկառելի տեղ գրաված են հին հայոց ճարտարապետությունն ու գեղարվեստը։ Բացի զանազան հոդվածներեմ, ամբողջապես հայերենի թարգմանվեցավ անոր մեկ աշխատությունը — «Էջմիածնի ավետարանը»— Վիեննայի Մխիթարյանց միաբան Հ. Բառնաբաս Պիլեզիկճյանի ձեռքով 1892-ին։
Այս աշխատության մեջ Էջմիածնի վերաշինությանց մասին խոշոր սխալներ մտեր են, որոնք սկսեր են հաստատուն ճշմարտություններ դառնալ։ Այս և ասոր նման սխալներ, եթե ոչ մշտնջենապես, գոնե երկար ժամանակ, հայ արվեստի պատմության լուսաբանության համար չարագուշակ հետևանք ունենալնին անխուսափելի է։
«Էջմիածնի ավետարան»-ին թարգմանիչը անպայման պետք էր որ լավ գիտնար և հասկնար Ստբչիգովսկիի ակամա սխալները Էջմիածնի վերաշինություններու և նորոգություններու մասին։ Բայց գոնե թարգմանության առանձին ծանոթությունով մը այդ սխալները ուղղելու բարեհաճությունը չէ ունեցեր:
Այստեղ կդնեմ Էջմիածնի մասին Ստրչիգովսկիի տեսությունը հ. Պիլեզիկճյանի հայերեն թարգմանութենեն առնելով, ուր պիտի տեսնվին թե հեղինակին կարծիքները և թե այլայլված տեղեկությունները, ճշգրիտ տեղեկություններուն հետ համեմատելով.
«Էջմիածնի հիմնարկու կհամարվի նույն ինքն ս. Գրիգոր Լուսավորիչ, ըստ ավանդության՝ Տրդատա դարձեն ետքը, ուրեմն 302-ին եկեղեցվո հիմնաքարը դրավ այն տեղն, ուր արքունի պալատան քով Արտեմյա գլխավոր մեհյանը կանգնած էր, և ուր Միածինն երևեցավ իրեն։ Այս արդի շինվածին վրա, որ հայտնապես նոր շինություն է ըստ էական մասանց, այս այս հնագույն հիմնարկության մնացորդները