Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

565 Սպանեցիր երբ փեսային, և ամեն կողմ լուր տարածվեց,
Արքան լսեց ու վեր թռավ, դեպքից նա շատ վիրավորվեց,
Քեզ էր կոչում, ասում «կանչեք», պոռթկում էր նա ու գոռգոռում.
Քեզ փնտրեցին, տանը չէիր՝ ու ավելի էր վրդովվում։

566 Զեկուցեցին թե. «Տանը չես», թե «Տանից դուրս է գնացել»։
Արքան դարձավ. «Գիտեմ, գիտեմ, ամեն բան լա՛վ եմ հասկացել.
Սիրում էր նա իմ աղջկան, արյուն-արցունք էր նա թափում։
Եվ տեսնելիս նրանք իրար աչքն իրարից չէին զատում։

567 Գլո՛ւխս վկա՝ ես կսպանեմ՝ նրան, որին քույր կարծեցի,
Նա ցանց լարեց սատանայի, մինչ աստծուն ես խնդրեցի.
Ի՞նչ խոստացան, կամ ի՞նչ տվին անառակներն արդյոք նրան.—
Թող ես լինեմ աստվածուրաց, նա կենդանի եթե մնա»։

568 Արքան չուներ սովորություն գլխով իրա երդվելու,
Իսկ թե երդվեր՝ նա չէր դրժի, չէր հապաղի կատարելու։
Թագավորի ցասման մասին ով լուր առավ, ում հայտնեցին,—
Լուրը տարան քաջքին Դավար՝ վհուկ հայտնի՛ իսկ երկնքին։

569 Թագավորի քույր Դավարին աստվածատյաց մի մարդ հայտնեց.
«Ողջ չես մնա, աշխարհ գիտի, եղբայրը քո գլխով երդվեց»,
Իսկ նա ասաց. «Անմե՛ղ եմ ես, գիտի աստված կերպանավոր,
Ո՞ւմից մեռնեմ, կամ ո՞ւմ համար՝ չեմ հասկանում պատճառն ահվոր»։

570 Մինչ տիրուհիս այնպես հենց կար, ինչպես որ դու թողիր նրան.
Չքնաղ էր նա, գեղեցկատես՝ քո խավունը առած վրան։
Ու Դավարը հայհոյում էր, խոսքեր ասում անլուր պես-պես։
«Բո՛զ, ինձ ինչո՞ւ սպանեցիր, չե՛ս խնդալու բայց դու նույնպես։

571 Այ շնացո՛ղ, բոզ կին, ինչո՞ւ փեսացուիդ մահվան տվիր,
Ինչո՞ւ նրա արյան վրեժն իմ արյունով հանել տվիր,
Ինչո՞ւ զուր զոհ դառնամ եղբոր, ասա, արդյոք ի՞նչ արի քեզ.
Չարժանանաս նրան, աստված, կամքը այդ քո ով կատարեց»։

572 Ձեռքը մեկնեց ու վայր գցեց, փետեց մազերն երկար հյուսած,
Ապտակներով կապտեց նրան, դեմքը ծռեց իր գազազած։
Նա՝ անկարող պատասխանի՝ մերթ հառաչեց, քաշեց մերթ «ախ».
Ես՝ սևս, սիրտ չարի օգնել, չամոքեցի վերքը, ավաղ։