ՆՈՒՐԱԴԻՆ - ՖՐԻԴՈՆԻ ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԱՐԻԵԼԻՆ
583
Ծովի ափին մի գիշերով այգիների ես մոտեցա.
Մի կողմ ժայռեր էին ցցվում, թվաց՝ քաղաք ես մի հասա։
Ես մարդ տեսնել չէի ուզում, բացվում էին վերքերն իմ խոր.
Անցա այնտեղ՝ հանգստանամ, տեսա ծառեր սաղարթավոր։
584
Ես քնեցի ծառերի տակ, իսկ իմ մարդիկ հացի նստան,
Ելա ապա ես վշտահար, մրմռումից սրտիս հուրյան.
Չէի լսել նրա մասին վաղուց մի լուր՝ սուտ, իրավուն,
Ու ոռոգում էի դաշտերն՝ արցունքներս անվերջ, անհուն։
585
Ճիչ լսեցի՝ տեսնեմ հեռվում՝ կանչում էր մեկն ինչ–որ ահվոր
Վազում էր նա ափով ծովի, վերքը՝ ցավով, նա՝ վիրավոր,
Իսկ վերքի մեջ սրի ջարդոն, արյուն էր հորդ այնուստ թափվում,
Սպառնում էր նա թշնամուն, և հայհոյում, և գանգատվում։
586
Հեծած էր նա մի սև նժույգ, ինձ է որը արդ պատկանում.
Արշավում էր նա զայրացած, խռով՝ նման սաստիկ քամուն։
Ես ծառայիս ուղարկեցի, ուզում էի նրան տեսնել,
Ասի. «Կանգնի՛ր, ցո՛ւյց տուր, առյուծ, ո՞վ է նեղել, վշտացրել»։
587
Նա խոսք անգամ չուզեց լսել և ծառայիս ոչինչ չասաց.
Իսկույն հեծա և սլացա, հասա նրան ես ընդառաջ,
Եվ կանչեցի. «Կանգ առ, պատմիր, ինչ է եղել՝ լսեմ արդար»,
Նա ինձ նայեց՝ ես դուր եկա, և արշավին տվեց դադար.