663
Նա հեռանամ էր այնտեղից, բայց իր վշտից չէր հեռանում.
Դեմքը ճանկռում՝ վարդը պատռում ու հոսեցնում ձեռքից արյուն,
Իսկ արյունը՝ հոսած գետին, գիշատիչներն էին լիզում,
Նրա արագ արշավելուց՝ կա՛րճ էր ուղին երկար դառնում։
664
Հասավ այնտեղ, ուր իր զորաց թողեց ինքը, ու հեռացան,
Տեսան, իսկույն ճանաչեցին, հարկ էր ինչպես՝ ուրախացան.
Ավետեցին Շերմադինին, վաղվաղակի մարդ հղեցին,
Թե. «Նա՝ եկա՛վ ի սեր որի՝ ցա՛րդ խինդը մեր փոխվեց լացի»։
665
Դիմավորեց, գրկեց տիրոջ, հպավ դեմքով նրա ձեռքին,
Համբուրում էր, խնդությունից՝ արցունք անվերջ հեղում գետին,
Ասում էր նա. «Աստվա՜ծ, արդյոք երա՞զ է սա, թե իրական,
Մի՞թե նորի՜ց արժանացա և կենդանի՜ տեսա նրան»։
666
Ավթանդիլը հեզ ողջանեց, դեմքով նրա դեմքին հպավ.
Ասաց. «Գո՜հ եմ ես աստծուց, որ ոչ մի վիշտ քեզ չդիպավ».
Ավագանիք գլուխ տվին, համբուրեցին՝ ով կար արժան,
Եվ հրճվում աղմկալից՝ կրտսեր ու մեծ կային որքան։
667
Եկան այնտեղ, ուր կար շինված նրա համար անդ կացարան,
Բնակիչներն այն քաղաքի այցելության եկան նրան։
Իսկույն նստեց խրախճանքի, նստեց ազատ ու խնդագին,
Անկարող է լեզուն պատմել շուքն ու խինդը այդ խնճույքի։