676
Ապա առյուծն առյուծների՝ երկրպագեց արփից արփուն,
Վարդ ու բյուրեղ և սաթը սև դաշնակցեցին իրար նազուն
Դեմքն ավելի՛ էր լուսեղեն, քան երկնային լույսը վերին.
Տուն-կացարան քիչ էր պատշաճ, պալատ որպես՝ պետք էր երկին։
677
Ու խնճույքի նստան այն օր և կերուխում արին բազում,
Արքան նայում էր կտրիճին՝ ինչպես սիրող հայրը որդուն.
Երկուսն իրար սազում էին՝ նորեկ ձյունն ու վարդը շաղոտ
Բաշխում էին պարգև առատ, մարգարիտը՝ դրամ աղոտ։
678
Երբ վերջացավ՝ բաժանվեցին ու տուն դարձավ ով կար արբող.—
Ավազանոց բաց չթողին, իսկ կտրիճին՝ նրանց ի կող.
Արքան անվերջ հարց էր տալիս, պատմում էր նա՝ ինչ է քաշել,
Ինչպես տեսավ անծանոթին և նրանից ինչ էր լսել։
679
«Մի զարմանաք, թե ախ քաշեմ ու ընդհատեմ խոսքս հաճախ,
Թե արևի նման ասեմ, դեմքը նրա՝ արևաբախ,
Տանում է ով իր տեսնողի՝ ամենեցու ուշքն ամենայն,
Վարդ է թոռոմ փշերի մեջ, ընկած հեռուն, ա՜խ, նա սակայն»։
680
Երբ տալիս է բախտը անգութ տանելու մեծ վիշտ մի մարդուն,
Եղեգը սուր փուշ է դառնում, մինան առնում քրքումի գույն.
Ավթանդիլը նրան հիշում, այտն արցունքով էր լվանում,
Ինչ լսել էր՝ մեկ-մեկ, հատ-հատ՝ իր լսածն էր նրանց պատմում։
681
«Նա դևերից այրեր խլել—ապրում է այդ քարայրերում,
Ու սիրածի նաժիշտն է լոկ իր հետ մեկտեղ այնտեղ ապրում.
Հագնում է նա ընձու մորթի, կերպասներից հրաժարվում,
Խուսափում է աշխարհ տեսնել, մշտանորոգ հրից այրվում»։
682
Երբ ավարտվեց մեծ վեպը այն՝ տառապանքի, վշտի անբավ,
Թե լուսագեղ, գեղատեսիլ արեգակին ինչպես գտավ,
Հավանեցին գովքին վարդի, ընդմիջված էր ինչ բյուրեղով,
«Քաջությու՛նդ այդ բա՛վ է արդեն, էլ ի՜նչ է պետք և կամ ինչո՜վ»։
683
Ու Թինաթինն ուրախացավ, այս լուրը երբ հասավ նրան.
Եվ օրն ամբողջ նա չհոգնեց կերուխումից ուրախության։
Ճորտին ղրկեց, Ավթանդիլին և՛ ննջարանն իր մոտ կանչեց.
Անհնար է պատմել լեզվով՝ կանչը որքան նրան հաճեց։