Jump to content

Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

732 Ասաց նորից նա վեզիրին. «Ես խոսեցի շատ համառոտ.
Գնա, ասա թագավորին, մինչ կմտնի ով նրա մոտ.
Խնդրիր՝ թողնի՛ ինձ հաճությամբ, ջանա դու էլ՝ արի որպես.
Իսկ ես հարյուր հազար ոսկի իբրև կաշառք տալիս եմ քեզ»։

733 Վեզիրն ասաց ծիծաղելով. «Կաշառքը քո թող քեզ մնա.
Դու որ ճամփադ իմ կողմ արիր՝ այդ էլ շնորհ է ինձ համար,
Երբ արքային ես զեկուցեմ՝ ինչ ձեզանից արդ լսեցի,
Գիտեմ, հաստատ կլիացնի, լիացումը՝ ոչ պարսավցի։

734 Բայց երդվում եմ նրա գլխով՝ տեղում իսկույն ինձ կսպանի.
Ոսկիդ նորեն քեզ կմնա, խեղճիս՝ հողը գերեզմանի,
Ինձ սպանիր, թե որ մարդուս կյանքից թանկ բան մարդը գիտե,—
Ոչ, չի ասվի և չեմ ասի, թող ով կուզե ինձ նախատե։

735 Գլուխ չի գա ուզածը քո, ես՝ վտանգեմ կյանքս ինչպե՞ս,
Ինձ կանպատվի կամ կսպանի, կասի. «Ինչպես լեզուդ շարժվեց.
Ինչո՞ւ նրան չմեկնեցիր, խենթացել ես ինչո՛ւ այդքան»,
Անպատվվելուց մեռնելն է լավ—համոզումս է այս փորձության։

736 Թեկուզ արքան քեզ արձակի, զորքերն ինչո՞ւ պիտի խաբվեն,
Ինչո՞ւ թողնեն՝ դու հեռանաս, կամ արևից ինչո՞ւ զատվեն.
Ինքդ գնաս, մեր թշնամիք՝ հավասարվեն, հանդգնանան,—
Ո՛չ, չի՛ լինի դա ճիշտ այնպես՝ ինչպես ծիտերն—ուրուր դառնան»։

737 Արտասվելով կտրիճն ասաց. «Մնաց՝ սրտիս խփեմ դանակ,
Հե՛յ դու վեզիր, ես տեսնում եմ, բանին սիրո դու չե՛ս տեղյակ,
Ոչ էլ տեսել ուրիշների՝ մտերմություն, ո՛չ իսկ երդում,
Թե տեսել ես — առանց նրան՝ ինչպե՞ս ես ինձ խինդ հավաստում։

738 Թեքվեց արփին, ես անտեղյակ՝ ինչը արփուն ետ կշրջի,
Օգնենք հիմա, լավ է, փոխան՝ օրը նա մեր կջերմացնի։
Իմը՝ ինձ պես՝ ոք չգիտե—ո՛րն է քաղցր, դառն ինձ համար.
Վատթար մարդկանց խոսքը մարդուս ընկճում կտա շա՜տ անհամար։

739 Թագավորին և կամ զորքին արդյոք ինչ շահ կա ինձանից,
Երբ անընդհատ և ակամա արցունքն հոսում է իմ աչքից.
Լավ է գնամ և չդրժեմ, երդումներն են մարդուս փորձում
Ով չի տեսել վշտեր իրոք — տեսե՞լ ես դու՝ վիշտ է հեծում։