Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

740 Այժմ վեզիր, այս ամենին ո՞ր սիրտը քար կդիմանա.
Իմ տեղ եթե երկաթ լինի — մոմ կդառնա, չի կարծրանա.
Ա՜խ, արտասվաց չեմ հատուցի՝ Գեհոնն աչքես իսկ անպակաս,
Օգնիր դու ինձ, գուցե մի օր՝ ի՛նքդ օգնության կարիքն զգաս։

741 Թե չարձակի—ես կփախչեմ, կերթամ ծածուկ, իմաց չեմ տա.
Կկատարեմ կամքը սրտիս, թող իմ կրակն ավելանա։
Քեզ մի առիթ չի վնասի, թե առիթի չէ՛ մտադիր,
Ասա, թեկուզ նա բարկանա, զոհողության անձը քո դիր»։

742 Վեզիրն ասաց. «Կրակը քո ինձ էլ գցեց հրի քուրան,
Արցունքիդ չե՛մ կարող նայել՝ չքանում է աշխարհն անգամ.
Մերթ չասելուց՝ ասելն է լավ, մերթ էլ՝ ասելն է հանցալի.
Պիտի ասեմ, թեկուզ մեռնեմ, կյանքս թող քեզ մատա՛ղ լինի»։

743 Երբ այս ասաց՝ վեզիրն ապա ուղևորվեց դեպի պալատ։
Հագնված էր արդեն արքան՛, նայեց՝ երեսն արևապատ,
Եվ վախեցավ, չարտասանեց զեկույցը իր վիշտ պատճառող
Կանգնեց տխուր ու խորհում էր՝ միջոց գտնել, թայց ոչ վիճող։

744 Արքան տեսավ իր վեզիրին՝ մռայլադեմ ու լուռ կանգնած.
Ասաց. «Ի՞նչ կա, այդ ի՞նչ գիտես, ինչո՞ւ եկար այդպես նեղված»։
Պատասխանեց. «Բան չգիտեմ, բայց իմ գլխին վայ եմ տալիս,
Իրավ եք, թե ինձ սպանեք, պիտի ասեմ բան սոսկալի։

745 Իմ տրտմությամբ ցավս, ավազ, չի՛ մեծանա, չի՛ մեղմանա.
Երկնչում եմ, թեպետ հայտ է՝ դեսպանն ահից չի՛ վախենա.
Ավթանդիլը ձեզնից խնդրում, աղերսում է, չի պահանջում,—
Առանց պատմած այն կտրիճի՝ կյանք ու աշխարհ փուչ է կարծում»։

746 Ինչ որ գիտեր նա զեկուցեց ամեն մի բան՝ վախվխելով,
Ասաց նաև. «Արդ իմացար՝ նրա մասին իմ պատմելով,
Ինչ վիճակում նրան տեսա, ինչպես էր նա արցունք հեղում,
Արդար եք դուք, թե իսկ անգամ՝ բարկությունն եք գլխիս թափում»։

747 Թագավորը երբ այս լսեց, խիստ վրդովեց ու զայրացավ,
Գույնը նետեց ու ահավոր—տեսնողներին սարսու դարձավ.
Բացականչեց. «Ի՞նչ ասացիր, դու դիվահա՛ր, ո՞վ սիրտ կաներ.
Վատթար մարդն է գերադասում միշտ վատ լուրը առաջ լսել։