784
Ինչ բան աստված չի կամենա՝ չկա նրան էլ կատարում,
Մանուշակը արևազուրկ թոշնում է ու վա՛րդը խամրում.
Այն բոլորն ինչ գեղեցիկ է, դուր է գալիս լոկ ա՛յն է աչքին —
Ինչպե՞ս մնամ ես կենդանի, թե չտեսնեմ Տարիելին
785
Կվրդովեք, բայց ներեցեք, որ կամքը ձեր ես զանց արի,
Գերի էի, ուժ չունեի՝ ես թողնելու գործը թերի,
Թե չգնամ՝ կբորբոքվի հնոց սրտիս կրակն ուժգին,
Ուր որ լինեմ՝ ինչ հոգ, միայն՝ լինեմ ազատ ես իմ կամքին։
786
Ինչ կա օգուտ քեզ սգալուց, զուր է նույնպես արցունք թափել
Կկատարվի վճի՛ռն երկնի, ու անզոր է մարդ խուսափել.
Քաջը պետք է տոկուն տանի ամեն մի ցավ ու նեղություն —
Ճակատագրի կամքից փախչել՝ հողեղենին չի՛ վիճակվում։
787
Ինչ որ աստված է որոշել՝ ինչ իմ գլխին գա, անցկենա,
Թող կատարվի՝ վերադառնամ, որ իմ սրտում հոգ չմնա.
Ու ձեզ տեսնեմ ուրախացած, փառք ու պատվով, հարուստ ու վես.
Օգնեմ նրան՝ բավ է այդ ինձ՝ իբրև փառք ու պարգև մի մեծ։
788
Ինձ սպանեք, արքա, թե ոք իմ վճռումին հակաճառի,
Արքա, մի՞թե հեռանա՛լն իմ պիտի ձեզ շատ վիշտ պատճառի.
Ես չեմ կարող խոսքս դրժել, ես խղճի դեմ գործ չեմ անի —
Երբ հանդերձյալ կյանքում լինենք, նա՝ պիտի ինձ հանդիմանի։
789
Չմոռանալ բարեկամին՝ երբեք այդ մեզ չի վնասում,
Դավաճանին, անամոթին, ստախոսի'ն եմ անարգում։
Ես չեմ ստի և չեմ կեղծի արքայիս դեմ արևափայլ,
Օգնության ուշ հասնե'լն է վատ մեծահոգի քաջի համար։
790
Վատ է որքան, խիզախը երթ բուն կռվի մեջ ետ է նայում,
Որ երկմտում ու վախենում, մահվան մասին է մտածում։
Վախկոտ մարդը ինչո՞վ է լավ թելեր մտնող մի կնոջից
Վաստակելը ազնիվ անուն—վեր է ամեն վաստակածից։
791
Ոչ նեղ և ոչ ժայռոտ ուղին մահարշավին չեն խանգարի,
Դաժան մահվան են ենթակա ամեն վախկոտ ու քաջարի,
Հյուրընկալը հողդն է վերջում՝ թե ծերունու, թե ջահելի,
Անփառունակ կյանքից սակայն՝ փառքով մեռնելն է ցանկալի։